Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆ»

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆ»
24.05.2011 | 00:00

Աշխարհում մարդկանց առևտուրը թմրանյութերից ու զենքի առևտրից հետո համարվում է երրորդ խոշոր բիզնեսը։ Դժվար է ասել` Հայաստանում այդպես է, թե ոչ, բայց միանշանակ է, որ թրաֆիքինգ երևույթը մեզանում խոր արմատներ է գցել։ Մեզ հետ զրույցում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մանրամասներ ներկայացրեց։
-Վիճակագրությունը վկայում է, որ տարեցտարի անդրազգային թրաֆիքինգի դեպքերը նվազում են,- ասաց պարոն Պետրոսյանը։- Եթե նախորդ տարիներին տարբեր խմբերի կատարած հանցագործություններ ունեինք, որոնցում որպես զոհ ներգրավված էին տասնյակ և ավելի կանայք, ապա վերջին երկու տարիներին հիմնական գործերն առնչվում են մեկ զոհի շահագործման հետ։ Այն անձինք, ովքեր թրաֆիքինգը որպես գործունեության տեսակ էին ընտրել, հասկացել են, որ Հայաստանի կառավարությունը շատ խիստ է վերաբերվում այս հանցատեսակին։ 2009-ին դատապարտվածների ազատազրկման միջին չափը կազմել է 8 տարի 7 ամիս: Ոմանք դատապարտվել են անգամ մինչև 11, 13 տարի ազատազրկման, իսկ այս տարվանից պատիժն ավելի է խստացվել։ Ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի, թրաֆիքինգին վերաբերող և դրան հարակից մի շարք հոդվածներում խստացվել են պատժաչափերը, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը։ Եթե նախկինում պատժի 2/3-ը կրելուց հետո թրաֆիքինգի համար դատապարտված անձը կարող էր ազատ արձակվել, ապա այժմ նա պետք է կրի պատժի նվազագույնը 3/4-ը։
-Տարեսկզբից քանի՞ քրեական գործ է հարուցվել։
-Դեռևս մեկը, որը վերաբերում է երեխային մուրացկանության մեջ ներգրավելով շահագործելուն։ Իհարկե, կան նաև գործեր, որոնց վարույթը դեռ նախորդ տարիներից շարունակվում է։
-Թրաֆիքինգի հատկապես ո՞ր տեսակի հանցագործություններն են նվազել։
-Պոռնկության նպատակով միջսահմանային թրաֆիքինգի դեպքերը միանշանակ նվազել են։ Եթե նախկինում շատ էին դեպքերը, երբ կանանց տեղափոխում էին Էմիրություններ, Թուրքիա, հիմա նրանց թիվը կտրուկ նվազել է։
-Շահագործման այս տեսակի համար ո՞ր երկրներն են համարվում ռիսկային։
-Նորից նույն երկրները` Էմիրություններ, Թուրքիա։ Իսկ աշխատանքային թրաֆիքինգի առումով` Ռուսաստանը։
-Արտերկրում պոռնկության դեպքերը դիտարկելով կարելի է ընդգծել, որ շատերն ի սկզբանե իմանալով` մեկնում են այնտեղ, սակայն մի ստվար հատվածն էլ միայն այնտեղ է հասկանում` ինչ է պահանջվում իրենից։ Դեպքերը հայտնաբերելիս տեղեկատվության ի՞նչ աղբյուրներից եք օգտվում։
-Հանցագործության ամենածանր դրսևորումն իրականացվում է արտերկրում։ Հիմնական ապացույցները զոհերի կամ նրանց հետ առնչված մարդկանց ցուցմունքներն են։ Լինում են դեպքեր, երբ համապատասխան հանձնարարություն է տրվում օտարերկրյա իրավապահ մարմիններին, որոնք փորձում են ապացույցներ հավաքել։ Ինչ վերաբերում է կամավոր մարմնավաճառությանը, պետք է փաստել, որ եթե անգամ անձը սեփական կամքով է դիմել այդ քայլին, դա չի նշանակում, որ այնտեղ նրա հանդեպ կարող են կիրառվել սպառնալիքներ, բռնություն, հարկադրանք։ Այդ դեպքում դա արդեն կդիտվի շահագործման դրսևորում։ ՈՒնենք բացահայտված դեպք, երբ անձը նախնական փուլում տվել է համաձայնություն զբաղվելու պոռնկությամբ, այնուհետև մտադրությունը փոխել է։ Այդ պահից սկսվել է նրա` թրաֆիքինգին բնորոշ հավաքագրումը թրաֆիքյորների կողմից։ Այս հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, և վեց մեղադրյալներ արդեն կալանավորվել են։
-Ռիսկային խմբի երկրների և հայ իրավապահների համագործակցությունն ի՞նչ մակարդակի վրա է, ինչպիսի՞ խնդիրների եք բախվում։
-Բազմիցս նշել եմ, որ Թուրքիայի իրավապահների հետ խնդիրներ կան, քանի որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրի հետ, ու նրանց հետ փոխհամագործակցության միակ միջոցն Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն է։ Որոշ համագործակցություն կա, իհարկե, բայց Թուրքիայի կողմից նկատելի է քաղաքականացված մոտեցում։ Բավականին լավ համագործակցում ենք Էմիրությունների և Ռուսաստանի Դաշնության հետ։
-Գաղտնիք չէ, որ ամեն տարի Հայաստանի մարզերից տղամարդկանց խմբեր են մեկնում Ռուսաստան` աշխատանքի։ ՈՒսումնասիրություններ ունե՞ք այս ոլորտում, արդյոք աշխատանքային շահագործման դեպքեր չե՞ն եղել։
-Իհարկե, մշտապես հետևում ենք այդ գործընթացին։ Եթե ինչ-որ տեղեկություններ ենք ունենում, անպայման ստուգում ենք։ Պարզում ենք` արդյոք նրանց նկատմամբ արտերկրում շահագործում եղե՞լ է, թե՞ քաղաքացիաիրավական փոխհարաբերություններին առնչվող խնդիրներ կան։ Հիմնականում վերջին տիպի խնդիրներին ենք բախվում, այսինքն, մարդիկ աշխատել են, բայց նրանց քիչ են վճարել, որը չի ենթադրում, թե վերջիններս շահագործման են ենթարկվել։
-Ներքին թրաֆիքինգին անդրադառնանք։ Ինչպիսի՞ պատկեր ունենք։
-Վերջին տարիներին դեպքերի գերակշիռ հատվածը վերաբերում է հենց ներքին թրաֆիքինգին, այդ թվում` պոռնկությանը, մուրացկանությանը և այլն։ Սոցիալական վիճակն այս ամենում մեծ դերակատարություն ունի։ Կա նաև կանոնակարգման խնդիր, ասել է` մերկապարերով գիշերային ակումբները, «հյուրանոցային համալիր» կոչվող սննդի օբյեկտները պետք է որոշակի սահմանափակումներ, պարտավորություններ ունենան, որպեսզի անչափահասների մուտքն այնտեղ արգելվի։ Կան երկրորդ, երրորդ երկրներից այստեղ հրավիրված աշխատողներ, որոնք թեև աշխատելու թույլտվություն ունեն, սակայն նրանց նկատմամբ փաստացի հսկողությունը բացակայում է, մենք իրականացնում ենք միայն օպերատիվ հսկողություն։ Այս պարագայում մեր գործը կրկնակի բարդանում է, որովհետև հսկողական մեխանիզմների բացակայությունը թույլ չի տալիս անմիջականորեն շփվել այդ մարդկանց հետ և ունենալ իրական պատկերը` արդյոք շահագործման ենթարկվո՞ւմ են, թե՞ ոչ։ Կան խնդիրներ, որոնք փորձում ենք օրենսդրական բարեփոխումներով կարգավորել։ Օրինակ, սննդի օբյեկտներում մուտք ու ելք են անում մարմնավաճառներ, բայց ապացուցել, որ այդ օբյեկտի աշխատակիցներն իրենց գործունեությամբ նպաստում են մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն, չափազանց բարդ է։ Խնդիր պետք է դրվի ոչ թե հանցագործությունից հետո պատժել, այլ այնպիսի օրենսդրական միջոցներ ստեղծել, որ ի սկզբանե նվազեցվի ռիսկը։
-Կարծում եք` Հայաստանի օրենսդրությունը դեռևս այս ոլորտում բավականին սողանցքե՞ր ունի։
-Սողանցքեր միանշանակ ունի։ Ռիսկային գործարար ոլորտները կանոնակարգող օրենքները փոփոխելու և լրացնելու անհրաժեշտություն կա։ Նշեմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր: 2010-2012 թվականներին մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման ազգային ծրագրի դրույթներով նախատեսված են նաև օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում` լիցենզավորման մասին օրենքում:
-Թրաֆիքինգի համար մարդկանց ո՞ր խումբն ու ո՞ր տարիքն են համարվում ամենախոցելին։
-Միջազգային վերջին մոտեցումներով` թրաֆիքինգի առաջ բոլորը հավասար են։ Ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ չի ենթարկվի թրաֆիքինգի։ Հայաստանում վիճակը մի փոքր այլ է։ Խոցելի են համարվում հիմնականում սոցիալապես անապահով խմբի ներկայացուցիչները, չնայած իրազեկման մակարդակը վերջին տարիներին բավականին բարձր է։ Բոլորն արդեն հստակ գիտեն, որ երբ իրենց արտերկրում աշխատելու գայթակղիչ առաջարկ է արվում, ինչ կարող է դրա տակ թաքնված լինել։
-Հայաստանը համարվում է թրաֆիքինգի համար տարանցի՞կ, թե՞ սկզբնաղբյուր երկիր։
-Հիմնականում սկզբնաղբյուր, երբեմն էլ տարանցիկ։ ՈՒնենք բացահայտված դեպքեր, երբ Հայաստանը հանցավոր խմբերի կողմից նաև վերջնակետ երկիր է համարվել։ Ռուսաստանից, ՈՒզբեկստանից այստեղ կանայք են տեղափոխվել և շահագործվել, բայց դրանք եզակի դեպքեր են։
-Հանրության շրջանում կա տեսակետ, թե կավատները համագործակցում են իրավապահների հետ, այդ թվում նաև` աղջիկներ տեղափոխելիս։
-Այո, խելացի կավատները համագործակցում են իրավապահ մարմինների հետ, բայց իրենց կատարած հանցագործությունների մասին լիարժեք ինքնախոստովանական ցուցմունքներ տալու ձևով։
-Այլ համագործակցության մասին է խոսքը։
-Ո՛չ, նման օրինաչափություն չկա։ Եթե կան ոստիկաններ, ովքեր, հնարավոր է, կատարել են օրինազանցություններ, պետք է շուտ հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն։ Այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու շուրջ տարեկան 40 դեպք է բացահայտվում, որի կեսից ավելին վերաբերում է հյուրանոցներին ու սննդի օբյեկտներին։ Դրանց 90 տոկոսն էլ առնչվում է տնօրեններին ու սեփականատերերին։ Բնականաբար, ներգրավված են լինում նաև մատուցողները, սակայն նախաքննությունն ու հետաքննությունը չեն սահմանափակվում միայն միջնորդներին պատասխանատվության ենթարկելով, բացահայտվում են նաև նրանց հովանավորողները։
-Չե՞ք կարծում, որ բացահայտված դեպքերի թիվը կարող էր շատ ավելին լիներ, եթե այդ օբյեկտների տերերը ճնշումներ չգործադրեին գործը կոծկելու ուղղությամբ։
-Ես, որպես թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, նման ճնշում չեմ զգացել։ Եթե հանցագործության վերաբերյալ փաստերը հստակ են և ամբողջական, որևէ մեկը չի կարող իրավապահների վրա ճնշում գործադրել դեպքը կոծկելու նպատակով։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ