«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽՏԱՑՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽՏԱՑՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ
25.01.2011 | 00:00

«Արցախի աշնանային գույները» խորագրով ցուցահանդեսը ՀՀ նկարիչների միությունում կգործի մինչև հունվարի 28-ը։
Հենց ցուցահանդեսի բացմանը հավաքված բազմությունը ցույց էր տալիս այն մեծ հետաքրքրությունը, որ կա «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած ցուցադրությունների նկատմամբ։ Փաստորեն, այստեղ ներկայացվում են Վայոց ձորում կազմակերպված նկարչական փառատոնի օրերին ստեղծված աշխատանքները։
Այս մասին հանդիսավոր բացման ժամանակ տեղեկացնելով` «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ Վայոց ձորին նախորդել են փառատոներ և ցուցահանդեսներ` «Լոռվա ձորում» և «Արցախի աշնանային գույները» խորագրերով։ Սա երրորդն է և արդեն վկայում է, որ կարող է դառնալ համահայաստանյան։
«Իսկապես, մեր փառատոներն ու ցուցահանդեսները համահայկական են դարձել,- ասաց Սերգո Երիցյանը,- և, բնականաբար, իրենց շարունակությունը կունենան 2011 թվականի հաջորդ ամիսներին։ Մենք արդեն որոշ պայմանավորվածություններ ունենք. մեզ հետ համագործակցող նկարիչների խմբերը գարնանից սկսած կլինեն մի քանի տարածաշրջաններում»։
Իսկ ցուցահանդեսի այցելուները մեծ հետաքրքրությամբ ծանոթանում են կտավներին։ Դրանք արվեստասերին են ներկայանում առնվազն երեք շերտով` Վայոց ձորի բնաշխարհը, պատմաճարտարապետական հուշարձանները, բնակավայրերը։ Նկարիչների վրձնահարվածներում աշնանային խտացված գույներ կան` բնութագրող, պարզ ու անմիջական։
Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը շատ ուրախ է և կարևորում է նման մշակութային իրադարձությունների դերը։ «Այս ցուցահանդեսն ինքնատիպ այցետոմս է մեր մարզի համար,- ասում է Սերգեյ Բագրատյանը,- այստեղ մեր տարածաշրջանը կարծես ափերիդ մեջ լինի։ Այստեղ ճանաչողական մեծ նյութ կա, մանավանդ ուրախ եմ, որ այցելուների թվում քիչ չեն երիտասարդները։ Երևանյան ցուցադրումից հետո մենք այն կընդունենք Վայոց ձորում` Եղեգնաձորում»։
Նկարչական որոնումների կիզակետերում Վայոց ձորն է` իր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Եվ պատահական չէ, որ ցուցահանդեսը նվիրվում է Մոմիկի ծննդյան 750-ամյակին։ Այստեղ նրա հեղինակած պատմաճարտարապետական հուշարձանների նկարչական անդրադարձը կա` Նորավանքի, Արենիի, Արատեսի, ՈՒլգուրի և այլ եկեղեցիների։ Դեռ ավելին, ինչպես նկարիչ Վարդան Ավետյանը նշեց, ինքը դուրս է եկել Վայոց ձորի սահմաններից և Մոմիկի հեղինակած եկեղեցին նկարել Տաթևում։
«Հայրենագիտության մեծ դասեր են դառնում նման ցուցահանդեսները,- «Իրատես de facto»-ին ասաց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը։- Պատկերացրեք, որպես կանոն, մեր նկարիչներն անցնում են տարբեր ճանապարհներով, միայն թե կարողանան կտավին հանձնել բնության կամ պատմության այս կամ այն հուշարձանը։ Այս ամենը և այլ իրողություններ հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ փառատոնը ոչ միայն համահայաստանյան, այլև միջազգային դառնա։
Հայրենաճանաչության հիանալի հնարավորություն կլինի, երբ հայ նկարիչները կտավի լեզվով մեզ ներկայացնեն այլ երկրների մեր գաղթօջախները, կամ այլազգի նկարիչները գան և իրենց աչքերով մեզ մատուցեն Հայաստանը։ Այս ամենի հետ կապված կոնկրետացող ծրագրեր ունենք, որոնց մեկնարկը կտրվի գարնանը»։
Իսկապես, ինչո՞ւ չընդարձակենք այս ծրագիրը, չունենանք «Հայկական ներկապնակ» պայմանական վերնագիրն ունեցող միջազգային փառատոն, թեկուզ և ինքնահաստատված մեր «Ոսկե ծիրանի» կողքին։ ՈՒ միանգամից այստեղ հիշում եմ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի պատրաստակամ խոսքը. «Ժամանակն է, որ նման ծրագրերն ունենան պետության կոնկրետ և հասցեական աջակցությունը»։
Երկար ժամանակ մարդկային հոսքը չի դադարում ցուցասրահում։ Այստեղ նույնիսկ մի փոքր նեղվածք է և անհարմար` նկարներին երկար-բարակ ծանոթանալու համար։ Իսկ դա նշանակում է, որ հանրային մեծ հետաքրքրություն կա, և արվեստասերը գտել է այն, ինչ փնտրում է ցուցասրահներում, իսկ կազմակերպիչներն էլ այն, ինչ կուզեին մատուցել արվեստասերին։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ