«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԲԱՆԱՍՏԵՂԾԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
15.03.2011 | 00:00

Անկեղծ լինեմ. ես, առանց միջնորդության, պատկանում եմ էն մարդկանց թվին, ովքեր քաջ գիտեն, թե ինչ չգիտեն: Չգիտեմների էդ պատվավոր շարքում իր արժանավոր տեղն ունի երկրաչափությունը: Որ դասագիրք, հետն էլ ուսուցիչ չեմ ունեցել` ո՜նց սովորեի, ինձ հետ` նաև պատերազմական իմ սերունդը: Բայց կաց: Հայրենական պատերազմ մեկնած մեր հայրերի գործը անում էին մեր մայրերը: Չվերադարձածների ու կիսատ-պռատ, ջախջախված երազանքներով եկած մեր հայրերի բաժին խոսքը նույնպես ասում էին մեր մայրերը: Մեր մայրերը մեզ յոթ ու քառասուն ու հազար բան էին սովորեցնում, ու մենք դա չգիտեինք ու չէինք հասկանում, որ տառապանքով, ցավով մի բան ենք սովորում, որ այլևս մերն է լինելու: Մեր հանդ ու չոլերը, մեր կալ ու կամը, մեր գութանը մեզ համար դառնում էին դպրոց: Եվ ուսուցիչը հոգսն էր: Եվ ուսուցիչը հաղթանակի հավատն էր: Նոր եմ հասկանում, որ մեր մայրերը մեզ երկրաչափություն էին սովորեցնում` մեզ կապելով տան ու հանդ ու չոլի աշխատանքներին։ Կորած ձիու համար քանի սար ու ձոր էինք ոտի տակ տալիս, կորած հորթի, կորած խոզի, մոզու համար քանի հանդ էինք մտնում, հասնում ծմակների խորքերը: Իրիկունները, երբ հերոսացած պատմում էինք մեր ման եկած տեղերի մասին, թե ինչեր ենք տեսել, մինչև գտել ենք կորածը, արժանանում էինք գովասանքի, ապրեսի ու հինգ ու խաչի: Ամենից տպավորիչը մնում էին բառերը` հանդաչափ ես դարձել, սարուձորաչափ ես դարձել, մի աշխարհ տեղ ման ես եկել, երկրաչափ ես դարձել, հողաչափ ես դարձել… Դու մի ասա, որ նման գնահատական տալիս էին բոլոր մայրերը, նանիները իրենց զավակներին, թոռներին: ՈՒ նաև արդեն վճռվում էր մեր ապագան` տղաս «զեմլամեր» է դառնալու...
Էս ոչ կարճ նախաբանը գրեցի, ավելի ճիշտ` իմ դաժան մանկությունը հիշեցի, երբ բացեցի Վաչագան Ա. Սարգսյանի և Մարինե Մանուկյանի հեղինակած «Երկրաչափություն մանուկների համար» պատկերազարդ դասագիրքը (նկարիչ` Խորեն Հակոբյան): Էջ առ էջ կարդացի բանաստեղծությունները, նայեցի նկարները և… զարմացա ու զայրացա ինքս ինձ վրա. երկրաչափությունը, ուրեմն, էսքան հեշտ է եղել, ու ես դա չե՞մ իմացել: Ամոթ, եթե լսող չկա` հազար ամոթ:
Մի պահ ընդհատեմ. մայրս ինչ էր խրատում: Ասում էր` հանդում, սարում, չոլում ձեր հենման կետն ունեցեք, աչքներդ թարթելով աչքի մեջ առեք արևի ճառագայթները և որոշեք օրվա ժամը: Հենման կետերը ծառերի փչակներն էին, քարայրները, ուր կարող էինք պատսպարվել կարկուտի ժամանակ, վարար անձրևի ժամանակ, նաև թաքցնել մեր գառները, հորթերը: Հիմա դասագրքի կետը, որ «Կետ» բանաստեղծություն է դարձել ու կետաբուխ նկար, հարուստ էլ չէ. «Որ ձև չունի, Չափում չունի, Միայն իր ԿԵՏ անունն ունի»: Բայց էդ կետը թե չունենաս քո ոտքի տակ, քո տետրի մեջ, քո աչքերի առջև, ապա չես կարող ՈՒՂԻՂ գիծ տանել մինչև թղթիդ վերջը ու մինչև… մոլորակները ու չես որսա որևէ ճառագայթ: Էսպես, ես կասեի` երգ-երգ, նկար-նկար քոնն են դառնում «Հատվածը», «Բեկյալը», «Կորը», «Անկյունը», «Եռանկյունը», «ՈՒղղանկյունը», «Քառակուսին», «Բազմանկյունը», «Շրջանագիծը», «Շրջանը», «Գունդը», «Խորանարդը» և էն ամենը, ինչը երկրաչափություն է երեխաների համար:
Դասագրքի բանաստեղծանկարչական բաժնին հաջորդում է գործնական երկրաչափությունը` «Ստուգիր ինքդ քեզ»` աչքի տակ ունենալով էս խորհուրդը.
Առաջադրանքները հեշտ կկատարես,
Թե սովորածդ հիշես, կիրառես
ՈՒ միտքդ լարես,
Տրամաբանես:
«Երկրաչափություն մանուկների համար» գրքույկը, որ հաստատված է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից, ընդգրկում է երկրաչափական նախագիտելիքներ, որոնք ներկայացված են պարզ ու մատչելի չափածո խոսքով` բանաստեղծություններով: Դրանք գրված են տարրական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայական ծրագրով նախատեսված երկրաչափական նյութի հենքի վրա` դիդակտիկական սկզբունքների պահպանմամբ:
Տասնյակ ու տասնյակ գեղարվեստական արձակ և չափածո գրքերի ու դասագրքերի հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանի գիտամանկավարժական որոնումների ճանապարհին «Երկրաչափություն մանուկների համար» գրքույկը համարենք սպասված նվեր ոչ միայն աշակերտներին ու ուսուցիչներին, նաև երկրաչափություն չիմացողներին (ինձ նման), ու հավատանք, որ նույն հեղինակակցի` Մարինե Մանուկյանի հետ դեռ շատ չոր ու ցամաք առարկաներ կբանաստեղծացնեն` նույն նկարիչ Խորեն Հակոբյանի նկարազարդմամբ:
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4882

Մեկնաբանություններ