Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԶԱՆԳՎԱԾՆ ԱՆՋՐՊԵՏՎԱԾ ԵՆ»

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԶԱՆԳՎԱԾՆ ԱՆՋՐՊԵՏՎԱԾ ԵՆ»
01.07.2011 | 00:00

«Քաղաքական նոր մշակույթը մեզ համար է նոր, քանի որ զարգացած երկրներում վաղուց պարզ է` իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և նրանց միջև պիտի երկխոսություն լինի։ Այլ խնդիր է, թե դա ինչ նպատակների է ծառայում»,- իշխանություն-ընդդիմություն երկխոսության, քաղաքական նոր մշակույթի առնչությամբ «Իրատես de facto»-ին իր դիտարկումներն է ներկայացնում քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Ցանկացած ուժեղ իշխանության համար շատ կարևոր է ընդդիմության հետ ունենալ նորմալ հարաբերություններ,- ասաց նա։- Եթե ընդդիմությունը գնում է երկխոսության երկրի համար կարևոր խնդիրներ լուծելու ակնկալիքով, հասկանալի է։ Եթե այդ երկխոսությունը հարթակում կանգնածների ամբիցիաները բավարարելու կամ պաշտոններ բաշխելու համար է, հասարակությունն իրեն խաբված կզգա այդ գործընթացից։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պիտի պատասխանատու լինեն իրենց ընտրազանգվածի առջև։ Մեզանում ձևավորվել է մի վիճակ, երբ ընդդիմությունն ու ընդդիմադիր զանգվածն անջրպետված են։ Հասարակության այդ հատվածը ծայրահեղ ընդվզման դիրքերից է հանդես գալիս, սակայն նրանց առաջնորդներն արդեն մեղմել են իրենց դիրքորոշումը։ Սա հանգեցնելու է նոր ընդդիմադիր հարթակի ձևավորման, որովհետև ընդդիմադիր այդ հատվածը փորձելու է գտնել արմատական նոր լիդերներ։ Այս երկխոսությունը, կարծում եմ, կարճ ապագա է ունենալու, քանի որ առջևում ընտրություններ են, ու շեշտադրումները կոշտանալու են։ Հետևաբար, մտածել, որ նոր մշակույթ է ձևավորվել, այլևս չեն քննադատելու միմյանց, առնվազն անիրատեսական է։ Ընտրություններից առաջ դարձյալ լինելու են սուր քննադատություններ։ Կա մի ուշագրավ հանգամանք ևս. այս ընթացքում ընդդիմությունը հասկացավ, որ իշխանությունն օտար ազգի մարդկանց` «թաթար-մոնղոլների» ձեռքին չէ, այլ երկրի ապագայով մտահոգ հայերի։
-Փաստորեն, նախընտրական շրջանում, ըստ Ձեզ, ընդդիմությունը «կվերագտնի՞» իրեն, թե՞ արմատական նոր ուժ կստեղծվի։
-Դա պայմանավորված է հասարակական տրամադրություններով։ Եթե այսօրվա ընդդիմությունը հետ գնա իր նախկին դիրքերին, կպահի այդ ընտրազանգվածը, այլապես կառաջանա նոր ուժ։ Այսօր մեր հասարակությունն իր դժգոհությունն արտահայտում է ոչ թե պայքարով, այլ երկրից հեռանալով։
-Դրանում և՛ իշխանության, և՛ ընդդիմության մե՞ղքն եք տեսնում։
-Դա իշխանության կամ ընդդիմության խնդիրը չէ, այլ ազգային հոգեբանության։ Երկիրը լքելու հոգեբանություն միշտ էլ ունեցել ենք։ Պիտի կառչած մնանք մեր հողից։ Ջավախքից հայերը գնում են Ռուսաստան, հետո գալիս Հայաստան ու սկսում պայքարել։ Փաստորեն, դատարկվում է Ջավախքը։ Միայն արցախցին է մնում իր երկրում ու պայքարում։ Այսպիսի օրինակ ունենք Զանգեզուրի պարագայում։ Դրա համար էլ և՛ Արցախը, և՛ Զանգեզուրը հայկական են։
-Մնալու և պայքարելու համար նախ պետք է պայմաններ լինեն։
-Պայմանները, իհարկե, իշխանությունը պիտի ստեղծի, բայց հասարակությունը պետք է պահանջատեր լինի։ Ասում են, չէ՞, մինչև երեխան լաց չի լինում, մայրը կուրծք չի տալիս։ Հասարակությունը չպետք է լաց լինի, այլ բռունցք դառնա ու պատժի այն կաշառակեր նախարարին, ով որոշ ժամանակ առաջ աղքատ էր ապրում, հետո միանգամից հարստացավ։ Չպետք է թույլ տա, որ այդ ավազակ նախարարի երեխայի հետ իր երեխան խաղա։ Նախարարը պիտի տեսնի, որ «իզգոյ» է, քանի որ հասարակությունը նրան ավազակ է համարում։ Մինչդեռ այսօր հակառակն է. ասում են` գնա նախարարի երեխայի հետ խաղա, որ մտերմանանք իրար հետ։ Պետք է արմատավորել հստակ չափորոշիչներ և առաջնորդվել դրանցով։
-Դուք անդամակցում եք այն կուսակցությանը, որն իշխանության ղեկին է և ունի նաև «ավազակ պաշտոնյաներ», ինչպես Դուք եք ասում։
-ՀՀԿ-ում բավականին մեծ թվով ազնիվ ու պարկեշտ մարդիկ կան։ Հանրապետականի մասին կարծիք է ձևավորվել այն մարդկանց օգնությամբ, ովքեր շատ են երևում։ ՀՀԿ-ն միայն նախարարները, ղեկավար օղակում աշխատողները, պատգամավորները չեն, այլ հարյուր հազարավոր կարգին մարդիկ։ Ես, որպես այդ կուսակցության ներկայացուցիչ, կցանկանայի, որ այլ չափորոշիչներով առաջնորդվող մարդիկ ՀՀԿ-ում չլինեին։
-Այսինքն, ՀՀԿ-ն «մաքրման-զտման» կարի՞ք ունի։
-Կրկնում եմ, կուսակցությունում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ուզում են երկրին ծառայել, ոչ թե այնպիսիք, որ եկել են կուսակցություն` պաշտոն «կպցնելու» համար: Նման մարդկանց զավակներն այդ ամենը չեն վայելելու, որովհետև հասարակության մեջ միայնակ հարուստ ու երջանիկ չես կարող լինել: Ես ՀՀԿ անդամ եմ, բայց ոչ մի օր պաշտոն չեմ զբաղեցրել ու ամեն ինչ ստեղծել եմ իմ ուժերով: Այս տեսակը պիտի հաջողի, այլ ոչ թե այսօրվա աղքատը վաղը նախարար դառնալով` «Բրաբուս» քշի: Երբ մեր երկրի նախագահը մեկնում է բանակցությունների, նրա թիկունքը ամուր պիտի լինի:
-Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, ՀՀԿ-ն կունենա՞ այնքան քաղաքական կամք, որ իր ցուցակներում չընդգրկի մեկ օրում «Բրաբուսի» տեր դարձածներին։
-Այսօր ձևավորվել է երկու հասարակական դաշտ` գործարար հատվածը, որն ամենաշատն է քննադատվում, բայց այս մարդիկ են երկիրը պահում: Այսօր Հայաստանի հենքն այն գործարար տղաներն են, ովքեր վճարում են հարկեր ու աշխատատեղեր են ստեղծում: Այս տղաները խորհրդարան էլ պիտի գնան, որովհետև նրանք են այս երկրի իրական տերերը: Նրանց քննադատում է այն չինովնիկական կորպուսը, որն իր հոգու խորքում գիտի, որ ավազակ է, ու ամեն ինչ անում է նրանց դաշտից հեռացնելու համար: Աշխարհի բոլոր կապիտալիստական երկրները կառավարում է կապիտալը, ու դրանք ղեկավարողները նորմալ մարդիկ են: Ինքս ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում գործարարի իմիջը չվարկաբեկվի:
-Այն գործարարները, ովքեր խորհրդարանում են, ոչինչ չեն անում, բացի «կոճակ սեղմելուց», օրենսդրական դաշտի ինչի՞ն են պետք:
-Նախ` գործարարները մեծամասնական ընտրակարգով են մտնում խորհրդարան: Ո՞վ է լավ. մարդը, ով հարկեր է վճարում, աշխատատեղեր ստեղծում, բարեգործություննե՞ր անում, թե՞ նա, ով հրեշտակի կերպարով թալանում է երկիրը: Առաջիկա տարիներին պայքարն այս երկու հատվածի միջև է ընթանալու: Այն օրը, երբ խորհրդարանը կկարողանա պաշտպանել բիզնեսի շահերը, գործարարներն այլևս այնտեղ չեն ձգտի: Այսօրվա աշխարհի շեշտը տնտեսության վրա է: Ավելին, այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե դիվանագիտական պայքար է գնում, այլ տնտեսական: Ով տնտեսապես ավելի հզոր լինի, նա էլ տիրանալու է Արցախին: Հիմա մենք գլուխներս կախ մեր տնտեսությունը պիտի զարգացնենք, ու երկիրը լափողներին պիտի պատժենք: Ինչ վերաբերում է Արցախին, կարծում եմ, ստատուս քվոն պետք է պահպանել, չնայած Ադրբեջանի նկրտումներին: Հուրախություն մեզ` Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ Արցախի հարցի կարգավորման հարցում բոլորը կանգնած են նախագահի կողքին:
-Նավթային ռեսուրսները, որոնք հաճախ քաղաքականություն են թելադրում, Ադրբեջանին մշտապես առաջատարի դիրքում չե՞ն պահում:
-Երկու գործիք կիրառելով, Հայաստանը վերացնում է այդ գործոնը: Նախ Ադրբեջանը ծայրահեղ կոռումպացված սուլթանական պետություն է, իսկ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ի ելույթն ապացուցեց, որ մենք ժողովրդավար պետություն ենք: Եթե նախագահի թիմն էլ դառնա այդ հոգեբանության կրողը կամ ունենա նախագահի հայրենասիրության, նվիրումի մեկ տոկոսը, մեր երկիրն առաջ կգնա: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցող նախագահի թիկունքն ամուր պիտի պահել, նախ և առաջ, տնտեսության զարգացմամբ: Նախագահին չպետք է միայնակ թողնել, թիմի մարդիկ, բացի իրենց գրպանից, նաև երկրի մասին պիտի մտածեն: Ոչ թե նախագահն ասի` գյուղի վիճակը վատ է, ու բոլորը գյուղ գնան, այլ ոլորտի պատասխանատուները «Դոլմամայում» հաց ուտելու փոխարեն մշտապես գյուղում պիտի լինեն: Մինչև նախագահը ոլորտի մասին չի խոսում, դրա պատասխանատուները չեն երևում:
-Խոսակցություններ կան, որ քաղտեխնոլոգների հետ եք աշխատում: Ասել է` պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրությունների՞ն մասնակցել:
-Ինձ համար խորհրդարան մտնելն ինքնանպատակ չէ: Խորհրդարանում այնպիսի մարդիկ պիտի լինեն, որոնք կկանգնեն և նախարարին կասեն` վեց ամիս առաջ քո ողջ հագուստն արժեր 1 մլն դրամ, իսկ այսօր միայն կոստյումդ 5 մլն է, որտեղի՞ց քեզ այդ գումարը: Եթե գնամ խորհրդարան, դա ասելու համար կգնամ:
-Կարծում եք` այսօրվա խորհրդարանում մեկը չկա՞, որ նույնն ասելու ցանկություն ունի, բայց, հասկանալի պատճառներով, լռում է: Ինչո՞ւ եք համոզված, որ Ձեր պարագայում այդ «հասկանալի պատճառները» չեն լինի:
-Եթե կա մեկը, որ նման հարցադրում անելու ցանկություն ունի, սակայն «հասկանալի պատճառների» գերին է դարձել, պետք է մանդատը դնի, դուրս գա խորհրդարանից:
-Եվ վերջում մի հարց, որն էլ, ըստ էության, պատճառ դարձավ մեր այս զրույցի։ Արդեն մի քանի օր է, լրատվամիջոցներն անդրադառնում են Մենուա Հարությունյանին աշխատանքից ազատելու խնդրին ու նշում նրա տեղը զբաղեցնողի անունը` Արտակ Ալեքսանյան։ Այս առնչությամբ Ձեր մեկնաբանությունը։
-Արտակ Ալեքսանյանը «Արմնյուզ» է գալիս, որպեսզի նպաստի հեռուստաընկերության վարկանիշի բարձրացմանը։ Իրականում նա չի գալիս իմ փոխարեն աշխատելու։ Այս տարիներին իմ հարաբերություններն «Արմնյուզի» հետ եղել են գործընկերային, այսինքն, իմ ընկերությունը և հեռուստաընկերությունն ունեցել են փոխհամագործակցության պայմանագիր, որն այսօր էլ շարունակվում է։ Ասել է, զբաղվում եմ կոմերցիոն բլոկով։ Իմ ու Արտակի հարաբերությունները կլինեն ոչ թե միմյանց դեմ, այլ գործընկերային։ Միասին կփորձենք նպաստել հեռուստաընկերության վարկանիշի բարձրացմանը։ Ինչպես ցանկացած հեռուստաընկերություն, «Արմնյուզն» էլ ունի սեփականատեր, որն էլ որոշում է` ով պիտի աշխատի, ով` ոչ։ Որևէ մեկ օր որևէ կառույցում չեմ եղել աշխատող, որ աշխատանքից ինձ ազատեն կամ նշանակեն։ Ես մի ընկերության սեփականատերն եմ, որը համագործակցում է «Արմնյուզի» հետ։ Հետևաբար, խոսակցությունները, թե ինձ աշխատանքից ազատել են, իրականությանը չեն համապատասխանում։ Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, թե ինձ ազատել են Հովիկ Աբրահամյանի դիրքերը թուլացնելու համար, ևս չեն համապատասխանում իրականությանը։

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ