ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«...Այլապես ո՞ւմ շունն է հայր Տարիելը, որ հակազդի քաղաքապետարանի որոշումներին կամ վարչապետի խոստումներին»

«...Այլապես ո՞ւմ շունն է հայր Տարիելը, որ հակազդի քաղաքապետարանի որոշումներին կամ վարչապետի խոստումներին»
16.12.2008 | 00:00

«ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՆԱՐԺԵՔ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵԿՏԵՂՎԵՆ»
«Սա նոր երևույթ չէ։ Թբիլիսիում բազմաթիվ ճշտված տվյալների համաձայն, 35 հայկական եկեղեցի է գործել, բայց այսօր մենք խոսում ենք ընդամենը 6 եկեղեցու մասին (սբ. Գևորգ, սբ. Նորաշեն, սբ. Աստվածածին և այլն)։ Մյուսներին չենք անդրադառնում միայն այն պատճառով, որ դրանք գոյություն չունեն, քանդվել են։ Իսկ սբ. Նորաշեն հայկական եկեղեցին հերթական զոհն է, որ վրացական հանրությունը փորձում է կուլ տալ և ոչնչացնել»,- Վրաստանում հայկական եկեղեցու` սբ. Նորաշենի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ այսպիսի գնահատականով սկսվեց մեր զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախքցի ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ։
-Պարոն Թորոսյան, Դուք հաճախ եք նշում, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան վերաբերմունք չեն ցուցաբերում վիրահայության խնդիրներին։ Սակայն ՀՀ վարչապետն օրերս եղավ Վրաստանում, անձամբ այցելեց սբ. Նորաշեն և առկա մտահոգությունները փոխանցեց Վրաստանի իշխանություններին։ Այդուհանդերձ, Հայաստանի իշխանության ներկայացուցիչների վառած մոմերը դեռ չմարած, վրաց հոգևորականն իր շքախմբով կրկին «ասպատակեց» հայ եկեղեցու վրա։ Ստացվում է, որ այդ այցը ոչ մի արդյունք չտվե՞ց։
-Դժվար հարց եք տալիս։ Երբ Տարիել կոչեցյալ վրաց հոգևորականի կազմակերպմամբ աշնանը սկսվեցին սբ. Նորաշենի նկատմամբ ոտնձգությունները, ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում զրուցեց Վրաստանի վարչապետի հետ, ով խոստացավ խնդրին լուծում տալ։ Սրան հաջորդեց Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումը` հայր Տարիելի գործունեությունն ապօրինի համարելը, այսինքն, եկեղեցու ցանկապատումը դադարեցնելը։ Մինչդեռ ոչ միայն չդադարեցրին ցանկապատումը, այլև ավելին, պղծումներն ավելի սուր բնույթ ստացան` եկեղեցու շրջակայքում հայտնվեցին վրացական մակագրությամբ քարեր, ինչը լիովին անհեթեթություն է։ Այս ամենին հաջորդեց սարսափելին` սբ. Նորաշենի բակում թաղված շիրիմների պղծումը նույն հոգևորականի ձեռքով։ Սա արդեն համբերության բաժակը լցրեց։ Հայաստանի ԱԺ ամբիոնից և ոչ միայն այնտեղից խնդրի առնչությամբ հարցը բարձրացրի` փաստելով, որ Հայաստանի առաքելական եկեղեցին և ՀՀ իշխանությունները պասիվ են այս հարցում կամ ընդհանրապես չեն արձագանքում։ Բարեբախտաբար, արձագանքները չուշացան։ Օրերս վարչապետն այցելեց Վրաստան ու սբ. Նորաշենի խնդիրները քննարկեց տեղի իշխանությունների հետ։ Սակայն աբսուրդն այն է, որ հայր Տարիելը դրանից հետո էլ է շարունակում իր գործունեությունը։
-Արդյո՞ք վրաց հոգևորականը գործում է ինքնագլուխ, թե՞ ամեն դեպքում ունի վրացական իշխանության աջակցությունը։
-Վրաստանի իշխանությունը հայտարարում է, որ հայր Տարիելն անկառավարելի է, չենթարկվող, դժվար է նրա հետ գործ ունենալը։ Այս ամենը ես համարում եմ ուղղակի ծաղր մեր հայ համայնքի, մեր պետության և նրանց պետության բնակչության շուրջ տասը տոկոսի հանդեպ։ Այսօր նաև բազմաթիվ քննադատություններ են հնչում, թե Վրաստանի հայ համայնքը կազմակերպված չէ և այլն։ Սա գուցե ընդունելի է, բայց կարծում եմ, որ վերջինս ավելի ուժեղ կլինի, երբ այս հարցին լրջագույնս վերաբերվի Հայաստանը։ Տեսեք, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ սա մեզ համար սկզբունքային խնդիր է, անգամ Վրաստանի որոշ քաղաքական ուժեր էլ հայտարարեցին, որ այն հայկական եկեղեցի է և քննարկման առարկա չէ։ Սրան զուգահեռ, Վրաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի սբ. Նորաշենի պատկանելության հարցը։ Սա արդեն ծիծաղելի է։ Այսինքն, ակնհայտ է հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հստակ վերաբերմունքը, աջակցությունը։ Այլապես ո՞ւմ շունն է հայր Տարիելը, որ հակազդի քաղաքապետարանի որոշումներին կամ վարչապետի խոստումներին։ Ստացվում է, որ նա վայելում է հոգևոր, աշխարհիկ իշխանությունների անթաքույց կամ գաղտնի աջակցությունը։
-Այսօրինակ խնդիրների լուծման ելքերը ջավախահայությունը պետք է փնտրի Հայաստանի իշխանական վերնախավո՞ւմ, թե՞ հենց վրաց պետությունում` դառնալով տեղում ազդեցիկ գործոն։
-Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Թբիլիսիում հայ եկեղեցու խնդիրն ուղղակիորեն չի առնչվում ջավախահայության հետ։ Թվում է, թե վրաց իշխանությունների սանձազերծած սբ. Նորաշենի պատմությունը երկու նպատակ է հետապնդում, այսինքն` մի հարվածով երկու նապաստակ խփելու ծրագիր։ Նախ` եկեղեցի պղծել, վրացականացնել, ինչի մեջ հաջողության չեն հասել։ Երկրորդն էլ` նրանք փորձեցին շեղել հայ հասարակության ուշադրությունը Ջավախքի առավել կարևոր հիմնախնդիրներից։
-Ասել է, սբ. Նորաշեն եկեղեցու թնջուկը հիշյալ ծրագրի միայն մի բաղադրի՞չն էր։
-Այո, ծրագրի մի մասն է, ու նրանք էլ հասան իրենց նպատակին, քանի որ Հայաստանի կառավարական պատվիրակությունը Վրաստանից վերադառնալուց հետո ոչ մի բան չխոսեց Ջավախքի հիմնախնդիրներից։ Այսպիսով, վրացական նպատակն իրականություն դարձավ։
-Այս իրավիճակում, երբ, մի կողմից, այցի արդյունքները տեսանելի չեն, մյուս կողմից էլ շարունակվում է ոտնձգությունը հայ պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի Վրաստանում ապրող հայ համայնքը։
-Փորձեմ ավելի լավատեսական մոտեցումներ արտահայտել։ Վրաստան այս այցով որոշակի հարցեր ճշգրտվեցին։ Այսօր հաճախ են ասում, որ հայ համայնքը չի կարող իր շահերը պաշտպանել, պայքարի թիրախը ճիշտ չի ընկալում և այլն։ Սակայն սա ընդունելի է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է վրացահայ համայնքին։ Իսկ ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այդ քննադատություններն անտեղի են։ Ջավախքում հայ պաշտոնյա չունենալու հանգամանքը կարող է ակնհայտ խտրականություն դիտվել։ Իսկ Թբիլիսիում, Քութայիսում և այլուր պարտադիր չէ, որ հայ պաշտոնյա լինի, դա իրենցով և հայկական պետության նախաձեռնողական քաղաքականությամբ է պայմանավորված։
-Կարելի՞ է փաստել, որ ջավախահայության ու Վրաստանի հայ համայնքի խնդիրները հստակորեն տարանջատվում են։
-Իհարկե։ Հարցին հարցով պատասխանեմ` կարո՞ղ ենք նույնացնել ղարաբաղահայության և ադրբեջանահայության խնդիրները։ Բնականաբար` ոչ։ Եթե Բաքվում ընդամենը հայապահպանման խնդիր է առկա, ապա Ղարաբաղի խնդիրը բոլորիս համար ակնհայտ է։ Նույնն է վրացահայության և ջավախահայության պարագայում։ Որևէ տարբերություն չեմ տեսնում։
-Վարչապետը նաև հայտարարել է, թե ստեղծվելու է վիրահայության մասին հայեցակարգ։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս փաստին, և ի՞նչ է այն ենթադրում։
-Դեռևս չգիտեմ։ Սա առայժմ հայտարարության մակարդակում է։ Հայտարարվել է, որ սփյուռքի նախարարության շրջանակում պետք է նման հայեցակարգ մշակվի։ Նախաձեռնությունը դեռ հայտարարության բնույթի է։ Բայց պետք է մի փաստ շեշտեմ. եթե վրացահայության և ջավախահայության խնդիրները մեկտեղվեն, ապա այդ հայեցակարգը և՛ ինձ, և՛ Ջավախքի համար անարժեք կլինի։
-Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ Ջավախքն այն ընտրատարածքն էր, որն ապահովեց 80-90 տոկոս ակտիվություն հօգուտ Միխեիլ Սաակաշվիլու։ Այս տարիների ընթացքում Սաակաշվիլին ինչ-որ բան արե՞լ է Ջավախքի համար։
-Ջավախքում երբեք օրինական ընտրություն չի եղել։ Միշտ ընտրությունները կեղծվել են հօգուտ իշխանությունների։ Սա` մեկ խնդիր։ Մյուսը` իհարկե, համաձայն եմ, որ ջավախահայությունը քվեարկի հօգուտ գործող իշխանությունների, քանի որ չգրված օրենք է, որ ազգային փոքրամասնությունները հանդես են գալիս գործող իշխանությունների օգտին։ Սակայն սա այն դեպքում, երբ ազգային փոքրամասնությունն ամբողջովին չի ինտեգրացվել տվյալ պետության հանրությանը, իսկ երբ ինտեգրացվի, կսկսի մտածել այդ հանրության նման։ Թբիլիսիում Սաակաշվիլու օգտին քվեարկում է 30-35 տոկոսը, Ջավախքում` 80-90։ Սա աբսուրդ է։ Ջավախքում պարզապես թիվ է գրվել և ուղարկվել։ Այս մասին ընտրությունից հետո ասել եմ, քանի որ եթե տալիս եք կամ թեկուզ թղթի վրա գրում եք 80-90 տոկոս, ուրեմն պետք է նախապայմաններ դնենք. եղբայր նախագահի թեկնածու, մենք ունենք այս 100 խնդիրը, խնդրում ենք դրանից երեքը լուծիր, որից հետո մենք անկեղծ այդ ձայնը քեզ կտանք։ Մեր թիվ մեկ խնդիրը հայոց լեզվին տարածաշրջանի կարգավիճակ տալն է, ինչո՞ւ եք մերժում։ Այսուհանդերձ, ջավախքցին հայի այն տեսակն է, ով կարող է իր գլուխը պահել ցանկացած պարագայում, միայն նրան չասեն, որ իր ապրելու վայրում խնդիրներ ունի։ Ժամանակին Ջիվանին հիանալի ձևակերպել է` հացիս, կրոնիս, պատվիս մի դիպչիր։ Ջավախքցին ոչ մեկից ոչինչ չի ուզում։ Ոչ էլ Հայաստանից, այլ ընդամենն ասում է` վրացիներին ասա` մեզանից հեռու մնան։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3341

Մեկնաբանություններ