«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՈՐՔԱՆ ՏՈՆԵՐԸ ՇԱՏ ԼԻՆԵՆ, ԱՅՆՔԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԻ ՈՒ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԻ»

«ՈՐՔԱՆ ՏՈՆԵՐԸ ՇԱՏ ԼԻՆԵՆ, ԱՅՆՔԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԻ ՈՒ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԻ»
04.03.2011 | 00:00

Մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Գաղտնիք չէ, որ միամսյակի, հատկապես մարտի 8-ի ամենամեծ ջատագովներից էր ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Այդ իսկ առումով, «Իրատես de facto»-ն փորձեց պարզել` ի՞նչ տեղ է զբաղեցնում այս գեղեցիկ տոնը հայտնի պետական և հասարակական գործչի կյանքում, ինչո՞վ է այն առանձնանում մյուս տոներից, և, ըստ էության, ո՞րն է դրա խորհուրդը:
«ՏԱ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՄՆԱՑԱԾ ՕՐԵՐՆ ԷԼ ՏՈՆԻ ՎԵՐԱԾՎԵՆ»
-Մարտի 8-ը նախորդ դարերում խմորված տոն է,- զրույցն այսպես սկսեց տիկին Հակոբյանը:- Այն առաջ է քաշվել 1910 թվականին` հայտնի գերմանուհի, սոցիալ-դեմոկրատ, հեղափոխական Կլարա Ցետկինի կողմից և մինչ օրս նշվում է: Ցետկինը միջազգային ասպարեզում կարողացավ հասնել այն բանին, որ որոշ չափով պաշտպանվեցին կանանց իրավունքները, տրվեցին որոշակի արտոնություններ, ընդունվեց համապատասխան հռչակագիր: Մարտի 8-ն օրացույցում կարմիրով նշվեց և հռչակվեց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր: Մինչև Խորհրդային Միության ստեղծումը կանայք ամեն տարի ցույցեր էին անում, փողոց էին դուրս գալիս և պահանջներ ներկայացնում, նույնիսկ երթեր էին կազմակերպում` գդալներով հարվածելով կաթսաներին: Նրանք այդ կերպ ընդվզում էին ցածր աշխատավարձի և աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների դեմ, պահանջում էին նոր իրավունքներ, որովհետև 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը կանայք ո՛չ ընտրելու, ո՛չ ընտրվելու, ո՛չ էլ, բնականաբար, պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեին: Խորհրդային տարիներին, սակայն, Մարտի 8-ի իմաստը փոխվեց: Բնականաբար, իշխանությունը թույլ չէր տա, որ որևէ մեկը խոսեր իրավունքների պաշտպանությունից, այդ պատճառով էլ մարտի 8-ը հայտարարվեց Կանանց միջազգային օր` առանց «պայքար» և «իրավունք» բառերի: ՈՒղղակի տոն` նշելու, հիշելու կանանց, մանավանդ որ խորհրդային տարիներին կանայք թե՛ տնտեսության, թե՛ մշակույթի և կրթության բնագավառում, ինչպես նաև քաղաքականությունում, լուրջ դերակատարություն ունեին:
Հայաստանի անկախացումից հետո մեր ազգային տոնացույցից Մարտի 8-ն ընդհանրապես հանվեց: Համարեցին, որ դա խորհրդային հասարակարգի մնացուկ է և չպետք է տոնել: Չնայած օրացույցում այդ տոնը չկար, մեզ մոտ շարունակում էին տոնել այն, և ես, լուրջ քննարկումներ ունենալով խորհրդարանի տարբեր խմբակցությունների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հասկացա, որ մարտի 8-ը վերականգնել հնարավոր չէ: ՈՒստի նախաձեռնեցի և շատ դժվարությամբ խորհրդարանին կարողացա համոզել` ապրիլի 7-ը հռչակել Մայրության և գեղեցկության տոն: Տարիներ հետո, երբ խորհրդային նախկին կարգերի նկատմամբ հասարակական թշնամանքը մեղմվեց, 2002 թվականին մենք վերականգնեցինք նաև Մարտի 8-ը, իսկ մինչ վերականգնումը ես հայտարարեցի, որ Մարտի 8-ը միջազգային տոն է, ՄԱԿ-ի կողմից ընդունված օր, հետևաբար որևէ մեկը ո՛չ փոխել կարող է, ո՛չ հանել, ո՛չ էլ արգելել այն: Միևնույն է, ասացի, մենք սկսելու ենք մարտի 8-ին և ավարտելու ենք ապրիլի 7-ին: Այդպես ծնվեց «մեկամսյակի» գաղափարը: Այնուհետև մենք տոնացույցով վերականգնեցինք Մարտի 8-ը, և արդյունքում հայ կինն այսօր երկու տոն ունի` Կանանց միջազգային օրն ու Մայրության և գեղեցության օրը:
-Ի՞նչ է Ձեզ համար տոնը:
-Քանի որ ես այս երկու տոների կենտրոնում եմ եղել` մեկի ստեղծման, մյուսի վերականգնման առումով, դրա համար էլ այս տոնն ինձ համար թանկ է: Ո՛չ նրա համար, որ կին եմ, այլ նրա համար, որ ես դրա նախաձեռնողն ու կազմակերպիչներից եմ եղել: Երկրորդ, իհարկե կարծում եմ, որ այս տոնը հասարակության ուշադրությունը բևեռում է կանանց վրա: Այդ օրը մարդիկ կարծես ավելի մեղմանում են, ջերմանում, բարիանում։ Կարծում եմ` որքան մեր կյանքում տոները շատ լինեն, հասարակությունը բարի կլինի, ջերմ կլինի, այնքան միավորված կլինի, և տա Աստված, որ մեր կյանքի մնացած օրերն էլ տոնի վերածվեն, որովհետև ինչքան հոգիդ խնդուն է, հանգիստ է և ոգևորված, այնքան աշխատանքդ հետաքրքիր և արդյունավետ է:
-Դատելով Ձեր աշխատասենյակը զարդարող անթիվ ծաղիկներից, կարելի՞ է ենթադրել, որ ծաղիկները Ձեր կյանքում մեծ տեղ են զբաղեցնում:
-Այո, ես կասեի` ոչ թե մեծ տեղ են զբաղեցնում, այլ լցնում են կյանքս: Ինչպե՞ս կարելի է չսիրել մի բան, որը թարմություն, ուրախություն, հանգստություն է բերում;
-Առհասարակ, ի՞նչ նվերներ եք նախընտրում ստանալ:
-Շատ եմ սիրում կրծքազարդերը, բայց մի փոքրիկ դաշտային ծաղիկն ինձ ավելի շատ կարող է ուրախացնել, հաճույք պատճառել, քան որևէ արժեքավոր իր: Իսկ եթե այդ նվերը նպատակային է, ես չեմ ընդունում։ Կարճ ասած` նախընտրում եմ ծաղիկներ ստանալ, դրանք ջերմության, անկեղծ սիրո, հարգանքի նշան են:
«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ԿՈՊԻՏ Է, ՊԱՀԱՆՋԿՈՏ, ՔԱՆ ԿՆԱՄԵԾԱՐ»
-Տիկին Հակոբյան, հայ տղամարդն ընդունա՞կ է խենթ արարքների, թե՞ խենթությունը տղամարդու համար չէ, մանավանդ հայ տղամարդու:
-Հայ տղամարդը մի քիչ ավելի կոպիտ է, ավելի պահանջկոտ, քան կնամեծար: Կան ազգեր, որոնց տղամարդիկ շատ կնամեծար են: Երբեմն գնում ես Եվրոպա կամ Ռուսաստան և տեսնում, որ կնոջ նկատմամբ, որին գեղեցիկ կամ թույլ են անվանում (ինչին ես համաձայն չեմ. մենք թույլ չենք), խանդաղատանք կա: Մեզ մոտ բացակայում է այդ վերաբերմունքը: Դա գալիս է ընտանիքի դաստիարակությունից, որովհետև հայ ընտանիքում տղամարդն ավելի առաջնային դեր ունի: Օրինակ, եթե հայ ընտանիքում տղա է ծնվում, կրկնակի տոն է, և կրկնակի երջանիկ են տան անդամները, քան եթե աղջիկ է ծնվում: Դա էլ բնական է, որովհետև դարեր շարունակ մենք պաշտպանվել ենք թշնամուց, միշտ զինվորի կարիք ենք զգացել, միշտ տղամարդու ուժեղ ձեռք է պետք եղել` ընտանիքը, հայրենիքը, հողը պաշտպանելու համար, և դա գենետիկորեն փոխանցվել է մեր սերունդներին: Հայ ընտանիքում տղամարդու նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, պաշտամունք: Նույնը մեր ընտանիքում է: Հայրս իր տղայի նկատմամբ անպատմելի սեր է տածում, և երբ տղա թոռներ կամ ծոռներ են ծնվում, նա երջանկությունից խելագարվում է: Ճիշտ է, երեխան երեխա է, բայց տղայի նկատմամբ կա որոշակի ջերմություն, իսկ այդ ջերմ վերաբերմունքը տղաներին միշտ երես է տալիս: Իսկ այն տղաները, որոնք Եվրոպայում են ապրել, մեծացել, դաստիարակվել, Հայաստանում էլ օգտագործում են կանանց մեծարելու քաղաքակիրթ ձևերը և դա չեն անում ցուցադրաբար կամ հարկադրված, դա նրանց համար միակ ընդունված և ճիշտ պահվածքն է:
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ ԿԻՆՆ Է»
-Ե՞րբ է կինը երջանիկ:
-Երջանկությունը շատ լայն հասկացություն է, այն չի կարելի կաղապարել: Ես դրա մասին հաճախ եմ խոսում: Ընդհանրապես, մարդը երջանիկ է և՛ ընտանեկան կյանքում, և՛ աշխատանքային միջավայրում, և՛ հասարակական հարաբերություններում, և՛ հարազատների շրջապատում: Երջանիկ ես, երբ լավ գործ ես անում, երջանիկ ես, երբ մեկին օգնում ես, երջանիկ ես, երբ քո աշխատանքի արդյունքն ես տեսնում, երջանիկ ես, երբ ապրում ես բարեկեցիկ, նորմալ պայմաններում… Այսպես կարելի է երկար թվարկել:
-Ի՞նչ կասեք Ձեր մասին:
-Ես ինձ երջանիկ կին եմ համարում, որովհետև իմ ընտանիքում շրջապատված եմ հարազատներիս սիրով, գուրգուրանքով, ջերմությամբ: Չպետք է հարցին մեկ տեսանկյունից նայել` տեղափոխել այն զուտ մեկ հարթություն: Պետք է կարողանալ միմյանց ներել, զիջել, հասկանալ, յուրաքանչյուր փոքր խնդիր դարձնել քննարկումների, բախումների առարկա: Կարծում եմ` մի փոքր էլ մեր կանայք պետք է զուսպ լինեն, ավելի խոր մտածեն նախքան որևէ խոսակցություն սկսելը, որովհետև հաճախ նրանք էլ են սահմանն անցնում:
-Ո՞վ է տղամարդն ընտանիքում:
-Տղամարդն ընտանիքում իր տեղը պետք է ունենա: Եթե խելացի է կինը, նա երեխաների մեջ ընտանիքի տղամարդու նկատմամբ հարգանք պետք է դաստիարակի: Անպայման պետք է հարգել տղամարդուն, որպեսզի հետագայում չխեղվի հասարակությունը: Գարեգին Նժդեհն ասում էր. «Հայ մոր ձեռքերում է ազգի ճակատագիրը»: Այո՛, հասարակության գլխավոր դաստիարակը կինն է: Երբեմն կանայք են չափից ավելի պահանջներ ներկայացնում ամուսիններին, և կործանվում է ընտանիքը: Ես ցավում եմ դրա համար: Պետք է մտածել ընտանիքը ամրացնելու, ուժեղացնելու և հզոր ազգ ունենալու մասին:
Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ