«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԻՄ ՏՈՒՆ ԵՂԵԼ Է ԻՆՁԻ ԴԱՎԱՃԱՆ, ՏՂԵ՛ՐՔ, ՀԱՍԿԱՑԵՔ, ԻՄ ՍԻՐՏ ՎԻՐԱՎՈՐ Է»

«ԻՄ ՏՈՒՆ ԵՂԵԼ Է ԻՆՁԻ ԴԱՎԱՃԱՆ, ՏՂԵ՛ՐՔ, ՀԱՍԿԱՑԵՔ, ԻՄ ՍԻՐՏ ՎԻՐԱՎՈՐ Է»
06.12.2011 | 00:00

Մոսկվայի Կինոյի տանը, համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հովանավորությամբ, մինչև դեկտեմբերի 8-ը կընթանա ֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների «Радонеж» միջազգային 16-րդ կրոնական կինոփառատոնը: Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Հայկական հաց» վավերագրական ֆիլմն ընդգրկված է փառատոնի մրցութային ծրագրում և ներկայացվելու է առանց կրճատումների: Ֆիլմը պետք է ցուցադրվեր նաև ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով, սակայն մերժվել է մի տեսարանի պատճառով. Ջրօրհնյաց Սուրբ արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ կաթողիկոսն աղոթում է հայոց բանակի, Հայաստանի, Սփյուռքի և Արցախ աշխարհի համար: Ռեժիսորին հայտնել են, որ այդ տեսարանը կարող է Ադրբեջանի դժգոհությունը հարուցել, ու թեև Հայաստանը և ՌԴ-ն բարեկամ երկրներ են, բայց չեն ուզում վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Հետաքրքիր է, եթե ադրբեջանցի ռեժիսորը ներկայացներ նմանատիպ ֆիլմ, կասեի՞ն, որ հայերի հետ բարեկամ երկրներ են: Արմեն Գասպարյանը նկատեց, որ ռուսական «Брат» ֆիլմը, որտեղ հայերին անվանում են «черножопые», շաբաթը մեկ եթեր է դուրս գալիս ռուսական պետական հեռուստաընկերությամբ:
Բոլորովին վերջերս «Հայկական հացը»-ը ներկայացվել է նաև «Լուսաշող հրեշտակ» միջազգային կրոնական կինոփառատոնում, ինչպես նաև ցուցադրվել և մրցանակներով վերադարձել է Բելառուսում անցկացված քրիստոնեական թեմայով ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային 7-րդ փառատոնից:
Ռեժիսորի տեղեկացմամբ` ֆիլմը սկանդալային պատմություն ունի. նկարահանումները երկու անգամ ընդհատվել են, խնդիրներ է ունեցել Ռուսաստանի թեմի հայկական եկեղեցու առաջնորդի հետ: Մեր եկեղեցու դիրքորոշումը, նրա խոսքով, զուսպ ու խուսափողական է: Քանի որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հանդես չի եկել որպես պատվիրատու, իրավունք չի վերապահում կարծիք հայտնելու:
«Հայկական հացը» Հայաստանի քանդված եկեղեցիների, խաչքարերի մասին է, որոնք դատապարտված են անհետացման: Պատմության քառուղիներով անցած իրական հերոսուհին` Սուրբ Կարապետ վանքի քահանաներից մեկի 90-ամյա դուստրը, պատմում է եկեղեցիների ու խաչքարերի մասին, որոնց տեղը միայն ինքը գիտի և չի ուզում կյանքից հեռանալ` իր հետ տանելով «պատմությունը»: ՈՒժեղ ու իմաստուն Մշո դուստրն անտեսանելի մի շերտով իրար է կապում երկրի անցյալն ու ներկան: Նա կրողն է հայոց ցավի, պատմության, անցյալի ու ներկայի հերոսների, քանդված ու սուրբ ժառանգությունների: «Իմ տուն եղել է ինձի դավաճան, տղե՛րք, հասկացե՛ք, իմ սիրտ վիրավոր է»,- ասում է նա:
Հավելենք, որ մշակույթի նախարարությունը մերժել է ապահովել ռեժիսոր Արմեն Գասպարյանի մասնակցությունը «Радонеж» միջազգային 16-րդ կրոնական փառատոնին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ