«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Կան բաներ, որոնք, ինչպես Աստվածաշունչն է ասում, ընդհանուր հառաչանք են առաջացնում»

«Կան բաներ, որոնք, ինչպես Աստվածաշունչն է ասում, ընդհանուր հառաչանք են առաջացնում»
10.07.2009 | 00:00

«ԱՄԵՆԱԿՈՄՈՒՆԻԿԱԲԵԼՆԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԷՐ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Տիկին Նաղդալյան, նախորդ ուրբաթ ժողովրդական դիվանագիտության շրջանակներում «նոն ստոպ» տարբերակով մեկ օրվա մեջ Դուք եղաք Ստեփանակերտում, Երևանում, Բաքվում։ Առաջին անգա՞մ էիք Բաքվում:
-Ո՛չ, մինչև 1990-ը մի քանի անգամ եղել էի. աշխատում էի այնպիսի հիմնարկում, որն ուներ ադրբեջանական մասնաճյուղ, և աշխատանքի բերումով երբեմն լինում էի Բաքվում, այնպես որ պատկերացում ունեի Բաքվի մասին:
-Փոփոխությունները մե՞ծ էին նավթային մեգապոլիսում:
-Իհարկե, 20 տարին բավականին ժամանակ է մայրաքաղաքային նոր դեմք ձևավորելու համար: Երևանն էլ անցնող 20 տարիների ընթացքում շատ-շատ է փոխվել: Բաքվի դեպքում զարմացնողը քաղաքի մաքրությունն էր:
-Ի՞նչ զգացողությամբ մուտք գործեցիք Բաքու. կա՞ր զգացողություն, որ` ահա՜, գտնվում եք «հակառակորդի» հողի վրա, և, ընդհանրապես, անվտանգության ի՞նչ միջոցներ էին ձեռնարկված:
-Բոլորս էլ հոգեբանորեն փոքր-ինչ լարված էինք: Իսկ վտանգի զգացողություն, չէ, չկար, ամեն ինչ նորմալ էր, թեև անվտանգությունը շատ աչալուրջ պատրաստվել էր ու բավականին զգաստ, զգոն ուղեկցում էր մեզ: Ավտոբուսը, որով մենք շրջում էինք, ուղեկցում էին առջևից և հետևից ընթացող ոստիկանական մի քանի մեքենաներ:
-Ադրբեջանական ժողովրդի հետ շփում ունեցա՞ք:
-Այնքան, ինչքան եղանք Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում, որը ներկայումս ծառայում է որպես նախագահական գրադարանի գրապահոց: Ի դեպ, այնտեղ կայր նաև հայկական` մոտ 5 հազար կտոր գիրք, որոնք գտնվում էին բավականին լավ վիճակում:
-Դառնանք` «Ահա Կովկասն իմ ոտքի տակ» մեկօրյա այցի մանրամասներին. հայկական կողմը, կարծեմ, ինքնաթիռով, իսկ ադրբեջանական կողմը` մե՜կ-երկո՜ւ, մեքենաներո՜վ, «ճակատային» գծո՜վ, անկախ Ղարաբաղով եկան հասան Ստեփանակերտ, ինչն էլ ահավոր դուր չէր եկել ադրբեջանական մամուլին:
-Այո, առավոտյան 6-30-ին մենք արդեն օդանավակայանում էինք, ադրբեջանցիները Բարդայի կողմից Մարտակերտով եկան, փոքր-ինչ ուշացել էին, ծանոթացանք...
-Ողջագուրվեցի՜ք:
-Դա մամուլի հորինածն է: Նախաճաշեցինք ու հանդիպեցինք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ:
-Ի՞նչ մթնոլորտում անցավ հանդիպումը:
-Ղարաբաղի աուրան, ընդհանուր առմամբ, իր գործն արել էր. ադրբեջանցիները մասամբ դիսկոմֆորտի մեջ էին, թեև իրենք էլ փորձեցին հնարավորինս խաղաղասիրական մթնոլորտ ապահովել, այնուհանդերձ, լարվածություն կար: Որպես տանտեր Բակո Սահակյանը ևս տրամադրված էր խիստ խաղաղ, բացսիրտ էր, սակայն պիտի ասեմ, որ սուր պահերից, բոլոր դեպքերում, չէինք կարողանում խուսափել. մեկ էլ մի քաղաքականացված հարցադրում, միտք էր հնչում, և բոլոր մնացածներս շատ արագ փորձում էինք «շտկել» իրավիճակը, որովհետև այս նախագծի հիմնարար պայմանավորվածություններից էր` չքաղաքականացնել նախագիծը, չսրել մթնոլորտը, ինչը դժվար էր, բայց, այնուհանդերձ, փորձում էինք պահպանել «ստանձնած պարտավորությունը» ու պահել «խարոշի տոնը»:
-Ադրբեջանցիք Բակո Սահակյանի հետ հանդիպում էին որպես` ո՞վ: Ես, իհարկե, հետևում եմ Ձեր նախագծի «տողին ու տառին» և չեմ արձանագրում, որ եթե ընթանում է նախագահների հանդիպման «ֆորմատ», ինքնին ամեն ինչ պարզ է, և, այնուհանդերձ, խնդրին ադրբեջանական մամուլը նույնպես ցավով արձագանքեց:
-Շատ նուրբ մի դիտարկում. երբ Բակո Սահակյանը ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին, մենք ասացինք` պարոն նախագահ, բարև Ձեզ: ՈՒ հենց այն երևույթը, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամներ և հասարակության ներկայացուցիչներ էին մասնակցում այդ հանդիպմանը, իսկ հանդիպումը տեղի էր ունենում Ղարաբաղի նախագահի նախագահական նստավայրում, ինքնին շատ բան էր նշանակում:
-«Պարիտետը» պահպանվա՞ծ էր երեք նախագահների դեպքում էլ:
-Եթե ժամանակային «պարիտետը» նկատի ունեք, ապա այն պահպանելն անչափ դժվար էր, որովհետև երկու պատվիրակությունն էլ` մոտ 40 մասնակից, այս կամ այն կերպ փորձում էր տեսակետ հայտնել, բոլորն էլ ակտիվ մասնակցում էին քննարկմանը, այդ իսկ պատճառով հնարավոր չէր ժամանակացույցը պահպանել. կազմակերպիչներն անընդհատ իրենց թևի ժամացույցն էին ցույց տալիս, այն է` ուշացանք, բայց, բոլոր դեպքերում, հանդիպումները հատկացված ժամանակից շատ երկար էին տևում:
-Ամենաաշխույժ զրույցը ո՞ր նախագահի հետ էր. ո՞վ էր «ամենակոմունիկաբելնի» ղեկավարը:
-«Ամենակոմունիկաբելնին» Հայաստանի Հանրապետության նախագահն էր:
-Դե, որովհետև նա Ձեր` ՀՀԿ կուսակցության նախագահն է, դրա համա՞ր:
-Ո՛չ, ամենևին:
-Բայց չէ՞ որ ՀՀ նախագահի մասին ասում են` «անթափանց աչքերո՜վ, երբեմնի գորշ կարդինա՜լ, որը մարդկանց իրեն շատ մոտ չի թողնում»:
-Կարծրատիպ է: Պարզապես չգիտեք Սերժ Սարգսյանին: Ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ավտոբուսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ անկեղծորեն ասում էին, որ անակնկալի եկան, երբ տեսան այդքան ջերմ-մարդկային զրույց-ընդունելություն: Դառնալով հանդիպմանը` ասեմ. Սերժ Սարգսյանն իսկապես կարողացավ շատ ջերմ-մարդկային ձևով հաղորդակցվել բոլորիս, այդ թվում և` մեր ադրբեջանցի հյուրերի հետ, միևնույն ժամանակ հստակորեն ամրակայելով, հայկական շահն ու որդեգրած վեկտորները` բոլոր նուրբ հարցերում: Մոլլազադեն` ադրբեջանական դեմոկրատական ռեֆորմների կուսակցության (նախկինում` «Նարոդնի ֆրոնտի») ներկայացուցիչը, սկզբում շատ մարտական էր տրամադրված (ընդհանրապես, նա այդպիսին է. ԵԽԽՎ-ի մեր բոլոր հանդիպումներում նա ինձ մշտապես համարում էր «տեռորիստ», ղարաբաղյան պատերազմի մասնակից, երբ այս անգամ իրեն տեսա ադրբեջանցիների ցուցակում, ասի` լավ, ամեն ինչ պարզ է), և, ուրեմն` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նույն Մոլլազադեն իրեն անչափ խաղաղ էր պահում, և ես այդ օրը բոլոր Մոլլազադեներից տեսա ամենախաղաղասեր մոլլազադեին: Նույն ադրբեջանցիները, երբ, ասենք, պնդում էին, որ ղարաբաղաբնակ ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղ, Սերժ Սարգսյանն ասաց. «Զաքիր, ի՞նչ ենք անելու էդ ժամանակ, ի՞նչ է` ամեն մի ադրբեջանցու վրա մի ոստիկա՞ն ենք կանգնեցնելու, որպեսզի ապահովենք նրա անվտանգությունը. չէ՞ որ անվտանգության ապահովումը մեր պարտականությունն է լինելու. հը՞, Զաքիր»:
-Ի՞նչ պատասխանեց Զաքիրը:
-Ոչինչ, ադրբեջանական պատվիրակները լռեցին, որովհետև իրենք էլ հասկանում են, որ դա, իրոք, խնդիր է և շատ լուրջ խնդիր:
-Հասանք Ալիևին. ի դեպ, սա երկրորդ նմանատիպ ձեռնարկն էր, չէ՞:
-Այո, ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ առաջին նման այցը եղել է երկու տարի առաջ, մասնակցել են բավականին հեղինակավոր մարդիկ` երկու կողմից էլ։ Միջոցառումից հետո ես հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորյանին` Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորին` ծագումով բաքվեցի, որը մասնակցել էր առաջին հանդիպմանը. քննարկեցինք, համադրեցինք երկու այցերն էլ և եկանք եզրակացության, որ տեղաշարժ կա այն առումով, որ առաջին հանդիպմանն Ալիևը շատ սառը, կոնյունկտուրային-կաշկանդված էր, իսկ այս անգամ հանդիպումն ընթանում էր բավականին անկաշկանդ և հանգիստ մթնոլորտում:
-Կրկին չէի ցանկանա քաղաքականացնել խնդիրը, ասելով, որ Ալիևը, թերևս, հանգիստ էր, որովհետև մտածում է` Ռուսաստանի հետ «գազի» պակտ է կնքել, և հիմա Ռուսաստանը մեր «գրպանից» կհանի ու իրեն «կտա» Ղարաբաղը։ Այս ամենը թողնենք մի կողմ ու անցնենք առաջ. որպես հայ քաղաքական գործիչ տպավորվա՞ծ եք Ալիևի հետ հանդիպումից:
-Պետք է ասել` «սուր» զգացողություն էր: Գիտե՞ք` ղարաբաղյան պատերազմն իմ կողքով չի անցել, ես սրտանց ու ակտիվ մասնակցել եմ դրան (Հ. Նաղդալյանը զենք-զինամթերք է տեղափոխել Ղարաբաղ.- հեղ.), թանկ ընկերներ եմ կորցրել, և, իհարկե, այդ իմաստով «հակառակորդի» հետ` նախագահական նստավայրում, հանդիպումն ինչ-որ առումով իր մեջ ինտրիգ պարունակում էր. ես, ժողովրդական լեզվով ասած, աչքերս չորս արած, փորձում էի նայել, որպեսզի բան բաց չթողնեմ. փորձում էի հասկանալ` ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ է իրականում մտածում Ադրբեջանի ղեկավարը:
-Ի՞նչ էր մտածում:
-Այնպիսի տպավորություն ստացա, որ նրա մոտ ներսի և դրսի մարդը մեկը մեկի հետ այնքան էլ ներդաշնակ չի. իր համար իմիջը պահպանելու, այս ամենը ներքին օգտագործման ծառայեցնելու խնդիր կար, թերևս: Երբ «հասանք» Ալիևին, արդեն երեկոյան ժամը տասն էր. այդ օրն իր աղջկա ծննդյան օրն էր` 25-ամյակն էր լրանում, բոլոր դեպքերում, նա ամեն ինչ թողել, եկել էր հանդիպման, որը տևեց շուրջ երկու ժամ։ Նա ներկայացրեց, թե ինչպես է ընթանում բանակցային գործընթացը, տեղեկացրեց, որ բառ առ բառ` բոլոր հասկացությունները համաձայնեցվում են ամենայն մանրամասնությամբ: Ճիշտ է, բոլորս արդեն բավականին հոգնած էինք, այնուհանդերձ, զրույցն ակտիվ էր, և հանդիպման ընթացքում մեր պատվիրակությունը հարց բարձրացրեց, որ հակասությունների մեջ միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու տենդենցները պետք է անընդունելի համարվեն, և դրանք կամաց-կամաց իրենց տեղը զիջեն այսպիսի խաղաղասիրական նախաձեռնություններին: Բայց այնպիսի տպավորություն ստացա, որ ամենամեծ աշխատանքն այդ ուղղությամբ պետք է հենց ի՛ր հետ տանել:
-Տիկին Նաղդալյան, բոլոր դեպքերում, նախագծի վերջնական թիրախը ո՞րն էր, և արդյոք կպա՞ք «տասնոցին»:
-Գիտե՞ք, թիրախը բոլորս ենք. թիրախը բոլորիս մտածողության և հոգեբանության մեջ փոփոխություն մտցնելն է, իսկ նման հանդիպումներն ինչ-որ չափով նպաստում են դրան:
-Ի դեպ, ադրբեջանական պատվիրակության մեջ էր նաև շուշեցի Զաքիր Աբասովը. նրա միսիա՞ն որն էր:
-Մի քիչ դժվար է ասել, թե Զաքիրի բուն միսիան որն էր, սակայն նա փորձեց իր ասելիքն առաջ տանել, տեղեկացրեց, որ վերջերս Ադրբեջանում ղարաբաղաբնակ ադրբեջանցիների համայնքի համահավաք է ընթացել, ստեղծվել է վարչություն, և այդպե՜ս շարունակ։ Մենք էլ իրեն պատասխանեցինք, որ Հայաստանում նույնպես բազմաթիվ հայրենակցական միություններ կան, որոնք նույնպես վարչություններ ունեն, և այդպես շարունակ:
-Պիտի պատմեիք, որ իրենց «ազգի հայր» Ալիև-կրտսերի պապն էլ թաղված էր Սիսիանի Վաղուդի գյուղում. փոքր երեխա էինք, բոլորս շնչակտուր դուրս էինք եկել Սիսիանի կենտրոնական հրապարակ, որովհետև այդտեղով պետք է անցներ Վաղուդի հուղարկավորության գնացող Ալիևների կորտեժը...
-Օրն այնքան հագեցած էր, որ հնարավոր չէր ամեն ինչին անդրադառնալ, բայց մի դրվագ պետք է հիշել. անցած տարի Հայաստանում անցկացվում էր Սևծովյան միջազգային համագործակցության հանձնաժողովներից մեկի հերթական նիստը: Պատվիրակության կազմում կար ադրբեջանցի, որը ծնունդով Սիսիանի ՈՒռուտ գյուղից էր (ներկայիս` Որոտան)։ Նա ցանկություն հայտնեց այցելել հայրենի գյուղ, տեսնել իր հայրական տունը: Կազմակերպեցինք: Իրեն ուղեկցող պատգամավոր մեր ընկերը հետո մեզ պատմեց, թե ինչպես էր այդ մարդը, արցունքոտ աչքերով, ձեռքերով շոշափում իրենց տան դարպասները, կսկիծով ու կարոտով հպվում տան քարերին. մեր պատգամավորը նրան ասել էր. «Ես հասկանում եմ քո կսկիծը, որովհետև մենք էլ մեծ հայրենիք ենք կորցրել Թուրքիո անապատներում»: Այսինքն` կան բաներ, որոնք, ինչպես Աստվածաշունչն է ասում, ընդհանուր հառաչանք են առաջացնում, կան մարդկայնորեն անչափ մոտ, տաք, հասկանալի խնդիրներ, որոնք իրենց ընդերքում նույն կերպ են բացվում` նույն բանալիով, ու թե կարողանանք մտնել համամարդկային այդ երակի մեջ, անլուծելի թվացող շատ-շատ խնդիրներ կդադարեն գոյություն ունենալուց` մեր շուրջը, ամենուր, հարևան երկրների հետ փոխհարաբերություններում։ Ես Ալիևի համար կրկնեցի Մեյերի հայտնի ֆրազը` «Մենք ցանկանում ենք ապրել, մեր թշնամիները ցանկանում են մեզ տեսնել մեռած, իսկ դա կոմպրոմիսի համար շատ չնչին տեղ է թողնում»:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ