Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ»

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
06.09.2011 | 00:00

Ներքաղաքական կյանքի աշնանային գույները խոստանում են բազմերանգ լինել: Ընդդիմություն-իշխանություն երկխոսությունն այս պահին թայմաուտի փուլում է: Աշնանային քաղաքական կանխատեսումների շուրջ զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:
-Քանի որ Հայաստանում նախընտրական գործընթացները միշտ չէ, որ միատեսակ են անցնում, բնականաբար, այս անգամ էլ նորամուծություններ, նոր պահանջներ, լուծումներ կլինեն, -նշեց պարոն Զաքարյանը: -Այդուամենայնիվ, քանի որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության դաշտում հիմնական դերակատարները նույնն են, գործողությունները կլինեն համաչափ, բնականոն զարգացումների համատեքստում, իսկ մոտեցումները կտեղափոխվեն նախընտրական տրամադրությունների հարթություն: Քաղաքական ուժերը կունենան իրենց ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտություն, ընտրություններին պատրաստվելու ինքնուրույն կամ խմբային որոշակի մոտեցումներ կցուցաբերեն: Կարծում եմ՝ գնալով քաղաքական գործընթացներն ավելի ինտենսիվ փուլ կմտնեն:
-Ասել է՝ բացառո՞ւմ եք լուրջ վերադասավորումները:
-Լուրջ վերադասավորումներ սպասելու անհրաժեշտություն չկա, որովհետև, հուրախություն բոլորիս, մենք կայուն զարգացման փուլում ենք, ինչը մեր հասարակության համար հրամայական է: Առնվազն անպատասխանատու պիտի վերաբերվենք մեր գործունեությանը, մեր ստանձնած պարտավորություններին, որպեսզի սկսենք նոր, լուրջ վերադասավորումներ անել: Նորության խնդիրը չէ, այլ արդյունավետության: Ժամանակն էլ ապացուցել է, որ արդյունավետությունը կայուն զարգացման մեջ է, որի շրջանակում, երբ քննադատություն ենք լսում, ընդունում ենք, թեկուզ լռելյայն: Շատ դեպքերում կայուն զարգացման մեջ ենք կարողանում ի ցույց դնել մեր ձեռքբերումները և բացթողումները: Եվ, ի վերջո, առաջին հերթին ցանկացած պետության համար կարևոր է ներքին և արտաքին անվտանգության ամրապնդումը:
-Ցնցումների հավանականությունը քի՞չ է:
-Որևէ նման բան, փառք Աստծո, չի կարող տեղի ունենալ, որովհետև դա առաջին հերթին վնասելու է մեր հասարակության, հատկապես խոցելի խավերի շահերին ու որևէ ձևով դրական անդրադարձ չի ունենալու մեր արտաքին խնդիրների լուծման հարցում:
-Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ եթե կայուն գործընթացներ լինեն, 2012-ին ունենալու ենք այսօրվա խորհրդարանի պատկերը՝ «կոսմետիկ» փոփոխությամբ:
-Չէի ցանկանա կանխատեսումներ անել: Այստեղ գիտաֆանտաստիկ վերլուծությունների անհրաժեշտություն չկա: Քաղաքական ուժերը, որոնք կայացած են, գիտեն իրենց կարողությունների սահմանը, հասարակությունից կտրված չեն, խմբային շահեր չեն հետապնդում, բազմոցային կուսակցություն չեն, հստակ հասկանում են, թե ինչքանով կարող են նպաստել հանրության խնդիրների լուծմանը, ինչ վստահություն ունեն հանրության շրջանում: Այս գործոնով է պայմանավորված նրանց ներկայացվածությունը Ազգային ժողովում: Այն քաղաքական ուժը, որը հասարակության որևէ շերտի հետ առնչություն չունի, բնականաբար, խորհրդարանի ձևավորման սկզբունքի մեջ որևէ դերակատարում չի կարող ունենալ: Խոսքը բոլորովին էլ քաղաքական փոխհարաբերությունների մասին չէ, այլ հասարակության: Այսօր օդից կախված, իրականությունից կտրված վերլուծություններ են արվում, թե ընտրություններն այս կերպ կլինեն, տոկոսները՝ այն: Այդ մեթոդոլոգիայի կողմնակից չեմ: Կուսակցության կշիռը, դերակատարությունը հասարակության որոշելիքն է:
-Այնուամենայնիվ, «հասարակության որոշելիք» հարցն իշխանական կուսակցություններն իրենց են վերապահում՝ մշտապես նշելով, թե քվեների «առյուծի բաժինն» իրենցն է: Այդ վստահությունն ո՞վ կամ ի՞նչն է ապահովում:
-Ես կարող եմ խոսել միայն ՀՀԿ-ի անունից: Իմ շփումները հասարակության տարբեր խավերի հետ թույլ են տալիս ասել, որ իհարկե, հարյուր տոկոս արդյունք, ցավոք, չունենք: Լինելով հասարակության մի մասնիկ, մենք էլ ենք տեսնում խնդիրների առկայությունը: Այո, այս փուլում մենք դեռ չենք հասել այն պետությանը, որը բոլորս ենք երազում: Սակայն այս ամենի համար, անկախ մեր կամքից, կան օբյեկտիվ խոչընդոտներ: Այնուամենայնիվ, այն, ինչի հնարավոր է եղել հասնել այս ժամանակահատվածում, եղել է առավելագույն ջանքերի, ներդրումների արդյունքում: Բոլոր խնդիրները հանրագումարի բերելով, կարելի է ամրագրել, որ Հայաստանը հնարավոր է եղել զերծ պահել անցանկալի զարգացումներից՝ ապահովելով կայունություն և առաջընթացի հնարավոր տեմպեր: ՈՒ ամենակարևորը. իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց ստանձնած բոլոր, առաջին հերթին պետության վաղվա օրվա պարտավորություններին: Բարեփոխումների փուլում գտնվող այն երկրները, որտեղ ձևավորվում են կայուն քաղաքական ուժեր, նրանք էլ դառնում են պետության համակարգի առանցքը: ՀՀԿ-ն բավականին երկար ժամանակ այս դերում է և իր վրա է վերցնում անգամ անցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունը:
-Մամուլը պարբերաբար գրում է, թե արդեն հստակեցվել է` ով է ղեկավարելու ՀՀԿ-ի ցուցակը, նախընտրական շտաբը: Նման որոշում կա՞:
-Այդ մասին դեռ վաղ է խոսել: Նման տեղեկություն չունեմ: Այդպիսի գործընթացներ դեռևս գոյություն չունեն: Կոնկրետ աշխատանքներ ունենք իրականացնելու, ու առայժմ այդ ուղղությամբ են մտորումները:
-Ներքաղաքական կյանքից անցում կատարենք դեպի ղարաբաղյան հիմնախնդիր: Նախընտրական տարում էական տեղաշարժեր կարելի՞ է ակնկալել:
-Առայժմ հանգուցային տեղաշարժեր չեն նշմարվում: Շարունակվում է բանակցային գործընթացը, հայկական կողմը պահպանում է իր կառուցողական մոտեցումը, հստակ ամրագրված են այն սկզբունքները, որոնցից հնարավոր չէ հետ կանգնել: Այս անհնարինությունը նաև ամբողջապես ընդունելի է միջազգային հանրության կողմից: Այն, ինչ ադրբեջանական կողմում է տեղի ունենում, միակ եզրահանգումն այն է, որ միջնորդական ջանքերն առաջին հերթին աշխատանք ունեն տանելու նրանց հետ: Ասել է՝ Ադրբեջանի իշխանություններին պիտի հորդորեն, համոզեն, որոշ առումով նաև ճնշում գործադրեն, որ չի կարելի ձգտել խաղաղության` պատերազմ քարոզելով, չի կարելի խոսել խաղաղ գործընթացների մասին, պարբերաբար խափանելով կարգավորման գործընթացի դժվարությամբ համադրվող սկզբունքները, չի կարելի գետնի տակից ստացված միջոցներով զինել մի ժողովրդի, որը պատրաստ չէ պատերազմի: Համոզված եմ, Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, որովհետև անարդարացի պատերազմները միշտ պարտություն են բերում: Հետևաբար, այն մոտեցումը, որն ունի Ադրբեջանը, չի աշխատելու, քանի որ միջնորդական ջանքերի արդյունքում անխուսափելի է լինելու ինքնորոշման իրավունքի ճանաչումը:
-Այնինչ հաճախ ենք ականատես լինում, որ միջազգային հանրությունը լոյալ կեցվածք է որդեգրում Ադրբեջանի հանդեպ:
-Համամիտ եմ, լոյալ է, որոշ առումով` նաև հանդուրժող: Սակայն աշխարհում տեղի են ունենում զարգացումներ, որոնք անխուսափելի են դարձնում ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ղարաբաղի պարագայում բոլորն են հասկանում, որ այս հողի վրա բնիկ ժողովուրդն ապրել է դեռևս այն ժամանակվանից, երբ Ադրբեջան պետությունն անգամ գոյություն չուներ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ