Նախորդ տարի Շվեդիայի թագավորության Ռիկսդագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեն շվեդ պատգամավորներ Անելի Էնոքսոնը և Ֆրեդերիկ Մալմին։ Մեծ եղեռնի նախօրեին խորհրդարանականներն այցելել էին Հայաստան, և մենք զրուցեցինք նրանցից մեկի` ԱՆԵԼԻ ԷՆՈՔՍՈՆԻ հետ։
-Դուք հայտարարել եք, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայաստանից։ Ի՞նչ եք կարծում, Թուրքիայի վարած այսօրվա քաղաքականությունը հիմքեր տալի՞ս է հավատալու, որ պաշտոնական Անկարան երբևիցե այդպիսի քայլի կդիմի։
-Թուրքիան ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ, և Շվեդիան այդ հարցում աջակցում է նրան, սակայն նախ և առաջ նա պետք է ընդունի իր պատմությունը։ Պետք չէ կարծել, թե Թուրքիան այդ քայլին կդիմի շատ հեռու ապագայում, քանի որ զարգացումները կարող են շատ արագ տեղի ունենալ։ Ով կարող էր հինգ տարի առաջ մտածել, որ Հյուսիսային Աֆրիկայում հնարավոր է այսօրվա իրադրությունը։ Կարևորն այն է, որ կարողանանք Թուրքիայի վրա ճնշում գործադրել Եվրամիությանն անդամակցելու հարցում, որպես նախապայման առաջ քաշելով ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։
-Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ, սակայն վերջինս նույնիսկ այս պարագայում փորձեց տապալել գործընթացը։ Եթե «մեկնած ձեռքը» չի սեղմվում, ուրեմն ի՞նչ երաշխիք, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը։
-Թուրքիան ունի երկու գլխավոր խոչընդոտ` պատմության աչքերին ուղիղ նայելու և շտկելու ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։ Անգամ սահմանադրությանն առնչվող խնդիր ունեն։ Ըստ այդմ, եթե Աթաթուրքին կամ Թուրքիային որևէ մեղադրանք ներկայացնես, ապա դրա համար պատիժ է նախատեսվում։ Նախ քաղաքական կամք է պետք` այս իրավիճակը շտկելու համար։
-Առկա իրավիճակից ելքը ո՞րն է։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ըստ Ձեզ։
-Հայաստանը չպետք է դադարեցնի իր ջանքերը Թուրքիայի հետ պատշաճ հարաբերություններ հաստատելու գործում, որովհետև դուք հոգեպես ավելի բարձր մակարդակում եք։ Իսկ մեր` եվրոպացիներիս պարտականությունն է Թուրքիային պարտադրել պահպանել պարիտետը։
-Արդյոք միջազգային հանրության ջանքերը պասիվ չե՞ն, չէ՞ որ շատ հաճախ գրեթե անարձագանք են մնում Թուրքիայի հակահայկական հայտարարությունները։
-Եթե կարճ` այո։ Թուրքիան ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ, ինչը ենթադրում է մի շարք պայմանների կատարում, այդ թվում` հայերի ցեղասպանության ճանաչում։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ