«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Պաշտոն ունենալու բարդույթով էլ երբևէ չեմ տառապել»

«Պաշտոն ունենալու բարդույթով էլ երբևէ չեմ տառապել»
08.05.2009 | 00:00

«ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՀԱՎԱԿՆՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՇՏ ԶԵՐԾ ԵՄ ԵՂԵԼ»
Քաղաքային ավագանու ընտրությունների, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, օրախնդիր այլ հարցերի շուրջ իր տեսակետն է ներկայացնում քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Պարոն Հարությունյան, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց։ Ի՞նչ նոր դրական կամ բացասական դրսևորումներ եք նկատում, որ նախկինում չկային։
-Այս պահին, որքան հասցրել եմ ծանոթանալ բոլորի ելույթներին, տպավորություններս հիմնականում դրական են։ Յուրաքանչյուր թիմ, կարծես, ավելի շատ աշխատում է սեփական կարողություններն ու ունակությունները ներկայացնել ընտրողներին և այդպիսով շահել նրանց համակրանքը։ Մրցակիցներին սևացնելու հատուկ դրսևորումներ քարոզարշավի այս սկզբնական շրջանում չեմ նկատել։ Կա խիստ, նույնիսկ կոշտ քննադատություն, բայց միաժամանակ նկատելի է բավականին կոռեկտ քաղաքական վարքագիծ։ Կարծում եմ, կլինի կոշտ մրցակցություն, բայց հուսով եմ, որ ընտրարշավի մասնակից բոլոր կողմերն էլ գիտակցում են ընտրությունների և հետընտրական գործընթացների կարևորությունը և կաշխատեն, որ ամեն ինչ մնա քաղաքակիրթ հունի մեջ։
-Այդ կարծիքին եք նաև արմատական ընդդիմության գործողությունների՞ մասով։
-Հիմնականում` այո։ Հասկանալի է, որ կա ձգտում ավելի քաղաքականացնելու այս ընտրությունները և բնակչությանը պահելու քաղաքական կարգախոսների ազդեցության շրջանակում։ Բայց, ի վերջո, որքան էլ ասվի, թե այս ընտրությունները նախագահական ընտրությունների շարունակությունն են, դա, այնուհանդերձ, տակտիկական հնարք է։ Սրանք համայնքային ընտրություններ են և, ի վերջո, ընտրարշավի մասնակից բոլոր կողմերը հարկադրված են լինելու կենտրոնանալ քաղաքային խնդիրների վրա, որովհետև երևանցիներին այս փուլում, կարծում եմ, դա է ավելի մտահոգում։
Այսինքն` կշահի այն քաղաքական թիմը, որը երևանցուն իր առօրյա հոգսերի լուծումները կներկայացնի։ Ջրամատակարարում, աղբահեռացում, ներքաղաքային տրանսպորտի գործունեության կարգավորում, փողոցային լուսավորություն, բակերի և միջբակային տարածքների բարեկարգում, կանաչապատ տարածքների պահպանում և ընդլայնում, սրանք են հիմնական քաղաքային պրոբլեմները։ Ես միշտ առիթ եմ ունեցել նշելու, որ մեր բոլոր պրոբլեմների 80 տոկոսը հիմնականում տեղական խնդիրներն են, որոնց լուծումը կախված է համայնքային իշխանություններից։
-Այսինքն, համոզված եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության քաղաքական կարգախոսներն այս ընտրություններում չե՞ն աշխատելու։
-Գիտեք, երբ մեր հայրենակիցները, բոլորը, ովքեր հնարավորություն ունեն, լինում են Արևմուտքում, որպես կանոն, նախանձով ասում են` ինչ լավ են ապրում։ Եկեք ընդունենք, որ այդ տպավորությունը ձևավորվում է փողոցից, մայթից, դրանց մաքրությունից, լուսավորությունից, կանաչապատ տարածքների խնամքից։ Ես չեմ բացառում, որ քաղաքական կարգախոսները երևանցիների մի զգալի մասի համար դարձյալ օրակարգային են, բայց այս ընտրություններում մեր համաքաղաքացիներին մայրաքաղաքի վիճակը պետք է մտահոգի։ Որովհետև ով էլ ընտրվի քաղաքապետ, նա պատասխանատու չի լինելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կամ էլ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի համար այն պարզ պատճառով, որ չունի այդպիսի լիազորություններ։ Ըստ այդմ, մրցակցությունը պետք է ընթանա երևանցիներին որակյալ ծառայություններ մատուցելու հարցերի շուրջ, իսկ այդպիսի մրցակցությունը շատ կոնկրետ է։ Եթե Երևանում կա «Փարոս» ծրագրից չօգտվող, բայց անապահով խավ, որը պետպատվերի շրջանակում առողջապական ծառայություններից օգտվելու պահանջ ունի, պիտի կարողանաս կոնկրետ բացատրել, թե ինչպես ես լուծելու այդ հարցը որպես համայնքային իշխանություն։ Կարող եմ հարյուրավոր այլ օրինակներ էլ բերել։
-Սակայն եկեք ընդունենք, որ Դուք, իրավիճակի ընկալումների առումով, այսօր փոքրամասնության մեջ եք։ Բնակչության մեծ մասը դժգոհ է գործազրկությունից, տնտեսական ճգնաժամի հետևանքներից, գումարած արտաքին խնդիրները։ Սրանք բոլորը քաղաքական հարցեր են, դրա համար էլ ընտրարշավը քաղաքականացվում է։
-Այդ խնդիրները կարևորող մեր հայրենակիցները ցանկացած պարագայում առնչվում են, չէ՞, ասենք, վատ աղբահանության պրոբլեմի հետ։ Տնտեսական իրավիճակի վերաբերյալ դժգոհությունը, իհարկե, ուղղված է լինելու կառավարությանը, ոչ թե համայնքային իշխանություններին։ Թեպետ ժամանակի ընթացքում, կարծում եմ, համայնքների ղեկավարները, այդ թվում` Երևանի քաղաքապետը, նաև համայնքի շրջանակում տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորություն կունենան։ Բոլոր դեպքերում, երևանցիներն այս ընտրություններում պետք է կողմնորոշվեն առաջին հերթին մայրաքաղաքի խնդիրների շրջանակում առաջարկվող լուծումներից ելնելով, որ ներկայացնում են ընտրարշավին մասնակցող կուսակցությունները։
-Հենց խնդիրն էլ դա է։ Ձեր կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներն այս կամ այն կերպ չվնասեցի՞ն քաղաքային ավագանի ձևավորելուն հավակնող իշխող կուսակցությունների վարկանիշը։
-Իշխող կուսակցությունները տարբեր ոլորտներում տարբեր որոշումներ կարող են կայացնել։ Այսինքն` թացը չորի հետ խառնել պետք չէ։ Տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնելուց։ Ես գոնե այն քաղաքական գործիչն եմ, որ 1990-ականներից սկսած, առանց ընդմիջումների պնդել եմ, թե հայ-թուրքական սահմանի բացումն ուղղակի բխում է Հայաստանի շահերից։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեր երկրի երկարաժամկետ հետաքրքրությունների շրջանակում պետք է լինի, և այն գործընթացը, որ սկսվել է վերջին մեկ տարվա ընթացքում նաև Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, միանգամայն ողջունելի է։ Ես չեմ կարծում, թե դա այս ընտրություններում թուլացնելու է իշխող կուսակցության կամ կուսակցությունների դիրքերը։ Հայ-թուրքական հարաբերություններն անբնական վիճակում են և պետք է կարգավորման ուղղությամբ քայլերը շարունակել։
-Բայց ի՞նչ պայմաններով։
-Չեմ ասում, թե ցանկացած գնով։ Առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի առաջարկած բանաձևը շատ կոռեկտ է և հեռանկարային։ Հայ-թուրքական սահմանը մենք չենք փակել և, բնականաբար, մենք չենք բացելու, սակայն մեր դիրքորոշմամբ, երկխոսության նախաձեռնություն դրսևորելով` կարող ենք դրան նպաստել։ Ռուս-վրացական վերջին պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նպաստավոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային զարգացումների լիարժեք մասնակից, ոչ թե ռեգիոնի մայթին գտնվող պետություն։ Հայ-թուրքական սահմանի բացումը ինքնին նպաստավոր պայմաններ կստեղծի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար` ելնելով հայկական շահերից։ Վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանը որպես լիարժեք խաղացող ընդգրկվել է տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու գործընթացներում։ Որևէ մեկը, ի վերջո, չի կարող պատկերացնել տարածաշրջանի կայուն զարգացում Հայաստանի մեկուսացման պայմաններում։
-Ձեր ընդդիմախոսները կասեին, որ իշխանությունները բացարձակապես չեն հաշվարկել հայ-թուրքական սահմանի բացման բացասական հետևանքները, թեկուզ միայն տնտեսության առումով։
-Բայց այդ թեմայով ընդդիմախոսողները նույնպես չեն ներկայացնում հանրությանը որևէ հաշվարկ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։ Մինչդեռ այդ հարցադրումը պարզ պատասխան ունի. եթե Հայաստանի երեք միլիոնանոց փոքր շուկան այդքան կարևոր լիներ Թուրքիայի համար, ոչինչ չէր խանգարում նրան մինչև այսօր գրավել այդ շուկան` նույնիսկ սահմանի փակ լինելու պայմաններում։ Ո՛չ մեր օրենսդրությունը, ո՛չ էլ այլ հանգամանքներ։ Դա կարելի էր անել նաև միջնորդավորված ձևով, բայց չի արվել։ Որովհետև Հայաստանը, որպես տնտեսական պոտենցիալ, մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց իբրև տարածաշրջանի անվտանգության կարևոր բաղադրիչ և աշխարհաքաղաքական միավոր լուրջ նշանակություն ունի։ Թուրքիան չի կարող հավակնել տարածաշրջանում լուրջ դերակատարության և ազդեցության, եթե հարևանի հետ իր հարաբերությունները կարգավորել չի կարող։ Այս գործընթացի բացասական հետևանքների վերաբերյալ լուրջ փաստարկների ես առայժմ ծանոթ չեմ։
-Որպես այդպիսի հետևանք տարբեր քաղաքական ուժեր նշում են Կարսի պայմանագրի հնարավոր ճանաչումը, ինչը կարծես նախատեսված է «ճանապարհային քարտեզով»։
-Դա արդեն տնտեսական հարց չէ։ Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, մենք, այսպես թե այնպես, հարկադրված ենք լինելու այդ խնդրին մոտենալ։ Իհարկե, ցանկալի չէ, որ դա դառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Բայց, միաժամանակ, եթե մենք հայ-թուրքական սահմանը փակ ենք պահում, Կարսի պայմանագիրը դրանից չի վերանում։
Միջազգային իրավունքի տեսանկյունից, այն, իհարկե, բավականին խոցելի փաստաթուղթ է։ Սակայն միաժամանակ մենք նույնիսկ դրա մասին չենք խոսում։ Մեր խնդիրն է միջազգային ասպարեզում, իրավական հարթության մեջ, հայ-թուրքական շփումների ընթացքում փաստարկված հիմնավորել մեր դիրքորոշումն այդ պայմանագրի վերաբերյալ։ Մինչդեռ մենք ոչ մեկի հետ չենք խոսում, այդ թվում` թուրքերի։ Ինչի՞ ենք սպասում։ Պրոբլեմների լուծումը կարելի է գտնել միայն դրանք քննարկման առարկա դարձնելով ու հիմնավորելով։ Այլ հարց է, թե ի՛նչ անել, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ արդյունավետ լինի։ Կարելի է ստեղծել միջազգային իրավունքի մասնագետների փորձագիտական խումբ, որն առաջարկություններ կներկայացներ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ սպեկտրի մասին։ Բայց Թուրքիայի հետ երկխոսությունից խուսափելը կամ նախապայմաններ առաջադրելը, կամ մերժողական կեցվածքով հենց այնպես նստել-սպասելը որևէ արդյունք չի տալու։
-Ցեղասպանության հարցո՞ւմ էլ։
-Այո՛։ Ինքնին հասկանալի է, որ մենք ցեղասպանության փաստը որևէ մեկին ապացուցելու անհրաժեշտություն չունենք, աշխարհի քսանից ավելի երկրներ այն ճանաչել են։ Սակայն մենք պետք է ընդառաջ քայլ անենք այն առումով, որ Թուրքիայի ներսում այդ կապակցությամբ վերաբերմունքը փոխվի։ Այսինքն` մեր հարևաններին փորձենք բացատրել, որ սա մեզ համար պատմական հիշողության խնդիր չէ, բարոյական հարց չէ, ազգային անվտանգության հարց է։ Եվ եթե իրենք հրաժարվում են փաստը ճանաչելուց, ակամայից մտահոգություն են ստեղծում մեզանում, որ կրկնությունը չի բացառվում։ Սակայն այս մասին իրենց հետ պետք է խոսել, և երբ այդ գործընթացը սկսվեց, արդեն իսկ նկատելի է Թուրքիայի ներսում խնդրի նկատմամբ հասարակական վերաբերմունքի փոփոխություն։ Հրանտ Դինքն ասում էր, որ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից նրա ներքին հասարակական գործընթացի հասունացման, հասարակության վերաբերմունքի փոփոխության արդյունքում պետք է լինի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն։ Մտածել, որ Թուրքիային կարելի է ստիպել ճանաչել ցեղասպանությունը, իրատեսական չէ։ Հայ-թուրքական հարաբերություններում մենք բազմաթիվ պրոբլեմներ ունենք, բայց եթե ուզում ենք իր շահերն ունեցող, դրանք պաշտպանելու ընդունակ պետություն լինել տարածաշրջանում, պետք է կարողանանք աշխատել այդ ուղղությամբ, բանակցել մեր հարևանների հետ, նախաձեռնող լինել, ինչն այսօր արվում է արտաքին քաղաքականության ոլորտում։
-Անդրադառնանք նախագահին կից հանրային խորհրդի գործունեությանը։ Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածը, այլ կուսակցությունների ղեկավարների հետ Դուք էլ եք ընդգրկված խորհրդում։
-Նախ` ես ընդգրկված եմ ոչ թե որպես ՔԴՄ նախագահ, այլ իբրև Խոսրով Հարությունյան, որն ունի քաղաքական անցած ճանապարհ, որոշակի փորձառություն պետական կառավարման ոլորտում։ Եթե կուսակցության ղեկավար չլինեի, համոզված եմ` էլի կլինեի այնտեղ։ Ինչպես նաև Վազգեն Մանուկյանը, որն ԱԺՄ նախագահը լինելու համար չէ, որ ընդգրկվել է խորհրդի կազմում, այլ իբրև նախկին վարչապետ, պաշտպանության նախարար, երկարամյա քաղաքական փորձառություն ունեցող գործիչ։
Հանրային խորհուրդը ապաքաղաքական կառույց է, թեպետ նրա քննարկած հարցերի վերաբերյալ իշխանության կայացրած որոշումները կարող են ունենալ քաղաքական հետևանքներ։ Սակայն խորհուրդը հանդես է գալիս իբրև պրոֆեսիոնալ, հասարակական, փորձագիտական կառույց, որի խնդիրն է հանրային հնչեղություն ունեցող հարցերի քննարկումը և համապատասխան եզրակացությունները հանրապետության նախագահին ներկայացնելը։
-Մի քիչ շատ չէ՞ Ռուսաստանին ընդօրինակումը։
-Բացարձակապես։ Ես ավելի շուտ կնմանեցնեի Ֆրանսիայում, Խորվաթիայում, Էստոնիայում գործող համանման կառույցներին։ Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական խորհրդում, օրինակ, 72 հոգի ընդգրկվում են կառավարությունից, 600 մարդ` հասարակական կառույցներից։ Կարևորն այն է, որ հասարակության դիրքորոշումները լիարժեք ներկայացված լինեն։
-Նման կառույցի ստեղծումն Ազգային ժողովի ցածր որակի ցուցանիշը չէ՞։
-Համամիտ չեմ։ Խորհրդարանը քաղաքական մարմին է` որոշումներ կայացնելու լիազորությամբ։ Հանրային խորհուրդն այդպիսի լիազորություններ չունի, և դրա ստեղծումը երկու շարժառիթով է պայմանավորված։ Առաջին` իշխանություն-հասարակություն հարաբերությունների կամուրջ ձևավորելն է, որպեսզի հնարավոր լինի հասարակական ներուժը ներգրավել իշխանության կողմից կայացվող որոշումների վրա ազդելու նպատակով։ Երկրորդ խնդիրը հանրապետության նախագահին եզրակացություններ ներկայացնելն է` իշխանության կողմից կայացվող որոշումների որակն ապահովելու առումով։ Որովհետև եթե ղեկավարը տեղեկություն է ստանում միայն կառավարման օղակներից, որոնք իրենց պատկերացումներին կամ շահերին համապատասխան կարող են խեղաթյուրել կամ ուղղորդված ներկայացնել այդ տեղեկատվությունը, դա անխուսափելիորեն ազդում է որոշումների որակի վրա։ Մինչդեռ հանրային խորհուրդն այդ որոշումների նկատմամբ նաև քաղաքացիական վերահսկողություն իրականացնող մեխանիզմ է։
-Այսինքն, եթե այն ստեղծվեր Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, երկրի վիճակն ավելի լա՞վ էր լինելու։
-Չեմ կարող ասել, որ հաստատ լավ էր լինելու, բայց որակյալ որոշումների կայացումը երաշխավորված կլիներ` դրանից ածանցվող բոլոր հետևանքներով։ Մեր ժողովրդի հոգեկերտվածքն այնպիսին է, որ մեծամասնությունը երկրում իրադրության բարելավումը կապում է ամենաբարձր պաշտոնում արդարամիտ ղեկավար ունենալու հետ։ Դա, իհարկե, շատ կարևոր է, բայց նույնքան կարևոր է ունենալ համակարգ, որը պետք է ապահովագրի իշխանությանը սխալ որոշումներ կայացնելուց։
-Մամուլում եղան հղումներ, թե հանրային խորհրդի նախագահի պաշտոնի համար մրցակցություն կա Ձեր և Վազգեն Մանուկյանի միջև։ Ի՞նչ կասեք այս առումով։
-Միանգամից փարատեմ բոլոր կասկածներն ու բամբասանքները` չկա այդպիսի բան։ Ես առաջիններից մեկն եմ եղել, ով ողջունել է հանրային խորհրդի աշխատանքների համակարգումը Վազգեն Մանուկյանին վստահելու որոշումը։ Նրա հետ շատ հարցերում համամիտ չլինելով, միշտ ընդունել եմ, որ նա այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, ով երբեք չդավաճանեց Հայաստանի մասին ունեցած իր պատկերացումներին։ Անկախ նրանից, ես այդ պատկերացումներին համամիտ եմ, թե ոչ։ Ընդհանրապես, պաշտոն ունենալու բարդույթով էլ երբևէ չեմ տառապել։ Դա չի նշանակում, որ հավակնություններ չեմ ունեցել կյանքում, բայց հիվանդագին հավակնոտությունից միշտ զերծ եմ եղել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ