Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ ԾՐԱԳՐՎԱԾ, ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ»

«ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ ԾՐԱԳՐՎԱԾ, ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ»
06.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ
-Ամիսներ առաջ Ձեր կանխատեսած տրանսֆորմացիոն գործընթացների շրջանակներում ի՞նչ է այսօր կատարվում Հայաստանում:
-Հայաստանում ծավալվող տրանսֆորմացիոն գործընթացների գնահատականների մեջ ես ելնում էի այն փաստից, որ իրականում այդ գործառույթի տերը ԱՄՆ-ն է և էապես միջամտում է Հայաստանի ներքին խոհանոցին` փորձելով ձևավորել իրենց համար ավելի ընդունելի վիճակ: Այդ միտումը, կարծես, դրական պահեր պարունակում է, խնդիրն այն է, որ ցանկացած արտաքին ուժ առաջնորդվում է իր նպատակներով, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե դա մեզ համար որքան ընդունելի կլինի: Ես համոզված եմ, որ փոփոխությունների գործառույթի մեջ ներքաշված է ողջ ժողովուրդը` իշխանությունը, ընդդիմությունը, աղքատները, մեծահարուստները, բոլորն էլ հասկանում են, որ կյանքն այսպես չպետք է շարունակվի, պետք են փոփոխություններ, և լավ կլինի, որ այդ փոփոխությունները տնօրինենք մենք: Փոփոխությունների ձևերից մեկը հեղափոխությունն էր, որի կոչերը Հայաստանում կային` ընդդիմադիր խոշոր մի զանգված` ՀԱԿ-ի շուրջը համախմբված, նաև այլ ուժեր: Հայաստանում սեփական տրանսֆորմացիոն գործառույթը սկսելու հնարավորություն կար, որով հնարավոր կդառնար իշխանության և հասարակության ավելի լայն շերտեր ներգրավել, նրանց, ովքեր կողմ են փոփոխությունների: Այդ տրանսֆորմացիան ես առաջարկեցի անվանել հեղափոխական, ի տարբերություն ամերիկյանի, երկու պատճառով. նախ` մենք պիտի շատ ավելի խորքային ու սկզբունքային, համակարգային փոփոխությունների դիմեինք, այլ ոչ թե նույն համակարգի շրջանակում ռացիոնալ ձևեր ընտրեինք, և երկրորդը` սրընթացության իմաստով, շատ ավելի արագ պետք էր առաջ տանել, որովհետև աշխարհը չի սպասում: Ցավոք, ամբողջ հասարակությունը չներգրավվեց, և տրանսֆորմացիոն գործառույթի մեջ այսօր հայտնվեցին ՀԱԿ-ը և իշխանությունը: Ըստ էության այսօր տրանսֆորմացիոն փոփոխությունների վիճակ է, բայց ոչ հեղափոխական, որովհետև կողմերը մեկը մյուսին չեն կոտրում` նորը հաստատելու, այլ փորձում են բանակցել, թեև ուղիղ որևէ բանակցություն չկա: Կա ԱՄՆ-ի առաջարկությունը` միմյանց հետ բանակցելու, որի արդյունքում իրականանում է տրանսֆորմացիոն գործընթացը:
-Ինչո՞ւ գործընթացում ներգրավվեցին միայն ՀԱԿ-ը և իշխանությունը, եթե գործընթացն ուղղված էր ամբողջ հասարակությանը, և ի՞նչ նախադրյալներ կան, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը լիապես կմտնեն գործընթացի մեջ և արդյունքներ կունենան:
-Նախ հիշեցնեմ, որ այսօրվա մեր իրավիճակի վրա մեծ ազդեցություն են թողնում աշխարհում ընթացող գործընթացները: Արդեն ակնհայտ է, որ աշխարհը չի ընդունում գիշատիչ մարդու կյանքի ձևը, որը վերջին 500 տարում հաստատվում էր, իսկ վերջին 50 տարում իշխում էր Արևմուտքում ու որպես լիդեր համակարգ տարածվում էր աշխարհում: Աշխարհը տեսավ, որ մտնում է փակուղի, և սկսվեցին բուռն հակաքայլեր:
-Մերժեցի՞ն երիտասարդ գիշատիչների հաղթարշավը:
-Գիշատիչը տարիք չունի: Սպառողական հասարակարգում, երբ մարդը ձգտում է ամեն ինչ ունենալ, բոլորն են դառնում գիշատիչ, մարդն ապրում է հանուն սպառման, կուտակման, և ձևավորվում են հաջողակներ ու անհաջողակներ: Հաջողակները նրանք են, ովքեր ուտում են, անհաջողակները` ում ուտում են: Այն, ինչ Արևմուտքում անվանում են սահմանադրական կարգ, գիշատիչ համակարգի սահմանադրական կարգն է: Երբ կա սահմանադրական կարգը, գիշատչությունը մեղմանում է, մարդկանց արդեն չեն խժռում, բայց ապրում են սարսափելի անարդար կյանքով: Աշխարհը չի կարող դիմանալ գիշատիչ մարդուն` ճգնաժամից ճգնաժամ ենք գնում, և ակնհայտորեն ընդհանուր ապստամբությունը սկսվել է գիշատիչ համակարգերի դեմ` սկսած ծայրահեղ անարդարությունից արաբական, նախկին խորհրդային մի շարք երկրներում, եվրոպական երկրներում: Երբ մեզ մոտ մոնոպոլիաների տեսքով մտնում են քաղաքացու գրպանը և վերցնում երբ ու ինչքան պետք է, Արևմուտքում դա կատարում է բանկային համակարգը ավելի քողարկված ձևով: Մոլորակային գիշատիչները հասցրին խոր ճգնաժամի և հիմա առաջարկում են վճարել այդ ճգնաժամից դուրս գալու համար: Փաստորեն, այս բոլորը հանգեցրին ապստամբությունների, և ԱՄՆ-ը, որ վերջին 50 տարում հիմնական պատասխանատուն էր ձևավորվող համակարգի, իսկ վերջին 20 տարում` թիվ 1 պատասխանատուն, ստիպված է արձագանքել ստեղծված վիճակին: Նրանք ուսումնասիրում են բռնկումները և փորձում այնպես անել, որ աշխարհը չգնա դեպի կործանում: Հարցերի հարցը, թե ԱՄՆ-ն ուզո՞ւմ է ազգային հափշտակման համակարգերը սահմանափակել` բոլոր երկրներին առաջարկելով եվրոպական տիպի քաղաքակրթական մոդել, թե՞ կյանքի այլ փիլիսոփայություն է առաջարկելու, որն ընդհանրապես վերացնում է գիշատչությունը:
-Հայաստանում տրանսֆորմացիոն գործընթացների իրականացման ի՞նչ նախադրյալներ ու մեխանիզմներ ունենք:
-Տրանսֆորմացիոն գործընթացներն իրականացվում են ԱՄՆ-ի պատրոնաժով: Ինչի՞ վրա են հենվում նրանք: Իհարկե, եթե մեր ժողովրդի ընդվզումը չլիներ, եթե երեք տարվա հետևողական պայքարը չլիներ, տրանսֆորմացիոն գործընթացները ԱՄՆ-ի համար խիստ դժվար կլինեին կամ անհնարին: Մենք ստեղծել ենք պարարտ հողը, և հարցը մեկն է` ի վիճակի՞ ենք տնօրինելու գործողությունները, թե՞ դրանք տեղի կունենան ուրիշի միջամտությամբ:
-Մինչև այժմ մենք չենք տնօրինել...
-Դրսի միջամտությունը, եթե մի կողմից հեշտացնում է գործընթացը, ցնցումները նվազեցնում, մյուս կողմից բարդացնում է: Այն, ինչ կատարվեց մարտի 1-ի հետ կապված, ֆանտաստիկ էր: Հայաստանի գիշատիչ համակարգը` օլիգարխներ, բարձրաստիճան իշխանավորներ, մի հարվածով կտրուկ թուլացվեց: Ի՞նչ է նշանակում մարտի 1-ն ընդհանրապես: Քարոզչությունը ժողովրդի մեջ տարածել է մի վարկած, որ մարտի 1-ին կային ցուցարարներ, և կար իշխանություն, նրանք բախվեցին, և զոհեր եղան: Չի եղել այդպիսի բան: Իրականում նրանք, ում խժռում էին, որոշեցին, որ հերիք է, բայց նրանք, ովքեր խժռում էին, փորձեցին պահպանել իրենց: Պահպանման մի եղանակ ընտրվեց. որոշվեց, որ սպանվելու են մարդիկ, կողոպտվելու են խանութներ, հրկիզվելու են մեքենաներ, և այդ ամենը ձևակերպվելու է զանգվածային անկարգություն, որպեսզի գործընթացը կասեցվի` բողոքներն այլևս չշարունակվեն, որովհետև դրանք կարող էին կանգնեցնել փող կուտակող մեքենայի ընթացքը: Մարտի 1-ի ոճրագործությունը պատահականություն չէր, այլ ծրագրված, հստակ գործողություն էր, որ իրականացվեց հստակ նպատակով: Այլ հարց է, թե արտաքին ուժերից ով ինչքանով օգտվեց: Ոճրագործությունից հետո մեր գիշատիչ համակարգը անմիջապես քաղտեխնոլոգիաներում հմուտ Արևմուտքի համար դարձավ կեռից կախված և ամեն վայրկյան ստիպված է նրանց բոլոր պահանջները կատարել, որովհետև հակառակ պարագայում հիշեցվում էր մարտի 1-ը... Մարտի 1-ը որպես ատրճանակ ուղղված է իշխանության վրա և ամեն վայրկյան կարող է կրակել: Այսինքն` մարտի 1-ով մի կողմից խափանվեց տրանսֆորմացիան, ինչը վավերացրեց նաև Արևմուտքը:
-Ինչո՞ւ Արևմուտքից եկող պաշտոնյաներն ամեն ինչ ու ոչինչ չտեսնելու օրինակներ էին տալիս...
-Արևմուտքը որոշեց, որ իր համար կարևոր է պահպանել իրենից կախում ունեցող համակարգը և այդ կախումն օգտագործել աշխարհաքաղաքական հարցեր լուծելու, ներքին զարգացումները տնօրինելու համար: Եթե այդ օրերին կամ դրանից հետո ընդունվեր մի այնպիսի որոշում, որ ընդունվեց Բելառուսի դեպքում` Եվրամիության մուտքի արտոնագրերից զրկելով, բանկային հաշիվները սառեցնելով, ծրագրերը կասեցնելով, Հայաստանի օլիգարխիկ իշխանական համակարգն անմիջապես կփլվեր, որովհետև Եվրոպան, ԱՄՆ-ը ավանդաբար երազանքի ափ են, եթե ինչ-որ վտանգ լինի, այնտեղ ֆինանսներով ու անձնապես ապաստանելու համար:
-Ինչո՞ւ պիտի Արևմուտքը հիմա այլ խնդիր դնի. կեռիկը կա, լավ էլ գործում է:
-Արաբական հեղափոխությունների ազդեցության տակ փոփոխություն է եղել, ԱՄՆ-ն այլևս չի պահպանում գիշատիչ համակարգերը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ: Աշխարհն ինդուլգենցիա է ստացել, կողոպտիչներին այլևս թույլատրված չէ կողոպտել. մարդկանց պետք է կերակրել, և որոշված է կերակրել առայժմ ազգային կողոպտիչների կուտակումների հաշվին: Համաշխարհային կողոպտիչներն առայժմ դիտարկումից դուրս են, ազգայինները` հարվածի տակ:
-Տրանսֆորմացիոն գործընթացներն ի՞նչ անդրադարձ կունենան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վրա:
-Սա այն հարցն է, որ մեզ համար փակ է մնում:
-Ինչո՞ւ, դա մեզ համար կենսական հարց է:
-Մենք կարող ենք միայն վարկածներ քննարկել: Տրանսֆորմացիոն գործընթացներին դրսի միջամտության անցանկալիությունը հենց դա է նշանակում, ինչպես մարտի 1-ի դեպքում, երբ ասացին` դրան չենք անդրադառնում, անցնենք առաջ: Նույն ձևով տրանսֆորմացիան իրականացնողները կարող են թելադրել այն քայլերը, որոնք, իրենց կարծիքով, պետք է իրականանան: Այդ պատճառով էլ ճիշտ է, որ մենք տնօրինենք տրանսֆորմացիոն գործընթացը և ինքներս կատարենք անհրաժեշտ փոփոխությունները:
-Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Ընդհանրական բանաձևը` ժողովրդի ինքնակազմակերպման և ինքնակառավարման համակարգի միջոցով: Օրինակը տվեցին արաբները, նրանց փորձը շատ օգտակար է. երբ եգիպտական դեպքերը սկսվեցին, ԱՄՆ-ը փորձեց հեղափոխությունը վերածել տրանսֆորմացիոն գործառույթի: Ժողովուրդն ընդվզել էր, ուզում էր վտարել բոլոր կուտակողներին, վերցնել իշխանությունն իր ձեռքը և արդարություն հաստատել: ԱՄՆ-ն ակտիվացրեց իր էական ազդեցության տակ գտնվող բանակը, որը գործիք դարձավ ժողովրդի ձեռքում` ստանալու ցանկացած փոփոխությունները: Ժողովրդի մանդատով բանակի ղեկավարությունը սկսեց բանակցել Մուբարաքի հետ: Բայց ժողովուրդն ինչ-որ պահի նկատեց, որ Մուբարաքին և որդիներին ուզում են հեռացնել, իսկ հիմնական կողոպուտը նրանց հետ է կապված, և ժողովրդի կազմակերպիչները հայտարարեցին, որ մեկ շաբաթից միլիոնանոց միտինգ են հավաքելու Մուբարաքի, նրա որդիների կալանավորման, կատարած հանցագործությունների համար` դատարանի առաջ կանգնելու, ունեցվածքի ազգայնացման պահանջով: Հայտարարությունից 5 օր անց կազմակերպիչները միտինգը չեղյալ հայտարարեցին, հաջորդ օրը բանակի ներկայացուցիչը հայտարարեց, որ Մուբարաքն ու իր որդիները կալանավորված են, արգելված է իշխող կուսակցությունը, նրանց ունեցվածքն ազգայնացվելու է: Այսինքն` ԱՄՆ-ի իրականացրած տրանսֆորմացիոն գործընթացներին միջամտեց ժողովուրդը և էական փոփոխություններ արեց: Երբ հայտնվում է նման թելադրող համակարգ, իրադարձությունները զարգանում են այլ ճանապարհով:
-Արդյոք մենք ունե՞նք ժողովրդի այն զանգվածը, որը կկարողանա իր պահանջները պաշտպանել ու թելադրել:
-Երբ հավաքվում է ժողովրդի ամբողջականությունը, որը կարելի է անվանել Հայաստանի քաղաքացիների ժողով, այդ ժողովուրդը կարող է ամեն ինչ, նրա դեմ որևէ լծակ գոյություն չունի: Դա չի նշանակում, որ հավաքվեցին ու սկսեցին հարցերը լուծել: Հավաքը նախապատրաստողները սկսում են հարցերը քննարկել, նշում են ժամկետ, երբ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ որոշակիացնում են տեսակետները: Չեն հասցնի մի ժողովում, կանեն հաջորդում, այդ ժողովը ոչ այնքան որոշում կայացնողն է` ընթացիկ կառավարում իրականացնողը, այլ նրա ձեռքում բարձրագույն իշխանությունն է: Կարո՞ղ ենք նման բան անել: 88-ին արել ենք, հոյակապ ստացվել է: Եթե հիմա որոշում ենք, որ հոգնած ենք, չենք վստահում, ուրեմն չբողոքենք, որ մեր թողտվությամբ Ալթայ ենք գնում, ազատագրված տարածքների կամ Ղարաբաղի վերաբերյալ, Աստված գիտի, ինչ որոշումներ են կայացնում...
-Չե՞ք կարծում, որ Ձեր մատնանշած տրանսֆորմացիան համակարգային փոփոխությունների չի հանգեցնելու: Ամեն ինչ լինելու է ինչպես միշտ, և ընտրությունները Հայաստանում ունենալու են պատվիրված պատկերը:
-Ես չեմ հակադրում համակարգային փոփոխությունները տրանսֆորմացիային, որ կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների: Տրանսֆորմացիան հեղափոխությունից տարբերվում է մեկ իրողությամբ. եթե իշխանության մեջ կան մարդիկ, որ կողմ են փոփոխությունների, ներգրավվում են, եթե հասարակության մեջ կան, նրանք ևս ներգրավվում են: Եթե հեղափոխությունը վճռական մարդկանց մի խումբ է, որը սկսում է գործընթացը և դիմադրողներին գրողի ծոցն ուղարկում: Տրանսֆորմացիան լավ է այն դեպքում, երբ դիմադրությունը շատ մեծ է, բայց դիմադրող համակարգում շատերը դեմ չեն փոփոխություններին: Այս գիշատիչ համակարգում ընտրությունն ուղղակի վիրավորանք է, այստեղ միակ հնարավորությունը բարձրագույն գիշատչին ընտրելն է, այլապես նա կխժռի մնացածներին: Ինչպե՞ս է խժռում: Կեղծարարության համակարգի ստեղծումով, որը կեղծել է, կեղծում և կեղծելու է ընտրությունները: Գնալ ընտրությունների առանց այդ համակարգը ոչնչացնելու նշանակում է մեղանչել ճշմարտության հանդեպ: Մեր ժողովուրդը չի կարող գնալ գիշատիչ համակարգի ընտրության, պետք է կոտրել մեքենան, իսկ մեքենան կոտրելը մարտի 1-ի գործի բացահայտման մեջ պարունակվում է: Մարտի 1-ը հաջորդեց կեղծված ընտրություններին, իսկ դա պետական հեղաշրջում է, մարտի 1-ը տեղի ունեցավ, որ կեղծիքները չբացահայտվեն: Եթե մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվում են, դատարաններում ոչ միայն կրակողներն են հայտնվում, այլև հանձնաժողովների նախագահներն ու անդամները... Դա կոչվում է կեղծարարության մեքենան կոտրել: Խնդիրը սա է` հասնո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ: Կողոպտիչներն իրենց ստացած գումարները ծախսում են գնումների մեխանիզմի վրա` ռադիոկայանների, թերթերի, ընտրողներին 5000 դրամ բաժանելու: Փողն ընտրության հետ ընդհանրապես պիտի կապ չունենա: Ընտրությունները գաղափարական են, և գաղափարներն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ հնարավորությունները պետք է ստեղծվեն:
-Չունե՞ք այն մտավախությունը, որ բոլոր տրանսֆորմացիաները և նրանցից ածանցվող իրողություններն ավարտվելու են շատ հայտնի կետում. 2012-ի խորհրդարանական ընտրություններում ունենալու ենք կոալիցիոն հուշագրով հաստատված իրավիճակ + ՀԱԿ-ի առավելագույնը 10-12 տոկոս ներկայություն, որը մեծամասնության դեմ ոչինչ չի որոշում, բայց ստեղծում է արդար ընտրությունների պատկեր:
-Ես կարծում եմ, որ հեղափոխական տրանսֆորմացիան պիտի նախորդի ընտրությանը, եթե դա չի կատարվում, ընտրությունն ընտրություն չէ: Թե հեղափոխական տրանսֆորմացիան ի՞նչ ձևով կկատարվի, որոշելու է ժողովուրդը: Մենք ունենք շատ մեծ ներուժ, ընդվզող հասարակություն ու երիտասարդություն, որոշակի քաղաքական շրջանակներ և, իհարկե, ՀԱԿ: Ամենակարևորը` ինչքան ենք գրագետ դարձել, որ մտնենք այս գործառույթների մեջ և գործառույթները տանենք մեզ անհրաժեշտ ուղղությամբ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ