«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
12.07.2011 | 00:00

«Ոսկե ծիրանի» 8-րդ մեկնարկն իրականում ազդարարվեց կիրակնօրյա տապով առլեցուն հուլիսի 10-ի վաղ առավոտյան։ «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում փառատոնի խաղարկային ֆիլմերի 4-հոգանոց հանձնախումբը, կինոքննադատ Դերեկ Մալքոլմի գլխավորությամբ, դիտում էր Դենի Կոտեի «Քերլինգը»։ Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում վավերագրողների մրցակցությունն էր սկսվել Ֆիլ Գրաբսկու «Միր»-ով, որի կինոարժեքավորությունն էր զննում բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովի գլխավորած միջազգային հանձնախումբը։ Մամլո կենտրոնակայան «Գոլդեն թուլիփում» «Հայկական համայնապատկերի» առաջին մասնակիցներ Գագիկ Ստեփանյանն («Ի շրջանս յուր») ու Դավիթ Մաթևոսյանը («Մենք ենք...») լրագրողների հետ կինոերկխոսության «թելն էին մանում»` հանդարտ պարզաբանումներով։ Բայց ամենքի ուշքն ու միտքը «Ոսկե ծիրանի» առաջին աստղային կինոհանդիպումն էր աշխարհահռչակ դերասանուհի Ֆաննի Արդանի հետ։ «Հարևանի կինը» հեռուստասերիալում դեբյուտից մինչ օրս շուրջ 70 կինոհերոսուհիների դերերում նկարահանված գեղեցիկ ֆրանսուհին հայաստանցի արվեստասերներին էր ներկայանում որպես կինոռեժիսոր («Մոխիր և արյուն», «Բացակա երազներ»)։
Քմահաճ ֆրանսուհու հետ զրույցը, այդուհանդերձ, փոխվստահության հունով չընթացավ։ Առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած հռչակավոր արտիստուհին սոսկ «վիպական» պատկերացումներ ուներ թե՛ երկրի, թե՛ նրա բնակիչների ինքնատիպ խառնվածքի մասին։ 35 տարի անընդմեջ պահանջված դերասանուհի լինելով թե՛ կինոյում, թե՛ թատրոնում` Ֆաննի Արդանը զրույցի իր կանոններն էր թելադրում կարկամած լրագրաբանակին։ «Երբեք չեմ սիրել զբոսաշրջությունը,- իր կամքով շեղեց խոսակցությունը ծրագրված հունից Երևանի գեթ կենտրոնում չշրջագայած մեծահամբավ հյուրը։- Բոլոր ուղևորություններս էլ գործնական բնույթ են կրել մշտապես։ Անշուշտ, մի քանի հայ արվեստագետների ծանոթ եմ, բայց ազգային պատկանելությամբ չէ, որ գնահատում եմ բարձրարվեստ ֆիլմը, երաժշտությունը, կտավը։ Երկար ժամանակ, օրինակ, հավատացած եմ եղել, որ Դոն Քիշոտը ֆրանսիացի է։ Ձեզ հմայած Մարիա Կալլասն էլ ինձ համար համայն մարդկության գանձերից է իր արվեստի վեհացնող, շենշող ներգործությամբ։ Այդպես էլ վերապրել եմ նրա կյանքը էկրանին։ Ինձ համար ամեն ինչ կարևոր է և ոչինչ կարևոր չէ։ Ինչպես Էդիտ Պիաֆն էր ասում` առանց սիրո մենք ոչինչ ենք։ Ես էլ ամենակարևորը կյանքում սերն եմ համարում։ Սիրով եմ արել, ինչ ձեռնարկել եմ։ Հավասարապես սիրել եմ բոլոր դերերս, նույնիսկ ակնհայտորեն ձախողվածները։ Կանոնավոր խաղում եմ թատրոնում, որովհետև կենդանի այդ արվեստն է մաքրում դերասանի արյունը. օգնում կինոհարթակում հոգեբանորեն ստանալու, ասենք, այն մեն մի հայացքը, որն ավելի կարևոր է երկար-բարակ խոսքերից»։
Յուրընկալ ազատության հաղթանակներով հպարտ ֆրանսուհին լակոնիկ արդարացում է գտնում իր ռեժիսորական փորձարարության համար։ Ազատության հիմնասյուներից մեկը, ըստ Ֆաննի Արդանի, մյուսներից տարբեր լինելու իրավունքն է։ Այս դիտանկյունից էլ աշխարհում մնացած վերջին ազատ համայնքը գնչուներինն է համարում, որոնց հանդեպ առանձնակի հոգեհարազատություն է զգում։ Ըստ նրա, ամենևին էլ պատահաբար չէ, որ ազատատենչ արվեստագետներն իրենց ստեղծագործության մեջ կարևորել են գնչուների կենսակերպն ու հոգեկերտվածքը։ Ինչպես, օրինակ, Բելա Բարտոկը։ Կուտակած հարուստ կենսական պաշարով երբ հեղինակել է առաջին կինոսցենարը, հստակ պատկերացրել է առանձին տեսարանները։ Պատկերային կուռ մտածողության տրամաբանությամբ էլ 2009-ին նկարահանել է իր «Մոխիր և արյուն» լիամետրաժ ֆիլմը, նոր համարձակ քայլի հաջողությամբ էլ ծնունդ է տվել «Բացակա երազներին» (2010 թ.)։
Խուսափելով անձնական հարցադրումներից` Ֆաննի Արդանն ամենայն լրջությամբ հերքում է իր մասին եղած համացանցային տեղեկատվության հավաստիությունը։ Գերադասում է գործնական շփումներն արվեստի միջնորդությամբ և խոստանում ավելի ճանաչելի դառնալ հայաստանցիներին հաջորդ կինոփառատոնում նախատեսված հետահայաց կինոշարով։ Երբ ավանդական դարձած «Ծիրանօրհնեքից» հետո ջազային երաժշտության ուղեկցությամբ ներգրավվում է հայկական կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողության ներկայացուցչական տիրույթում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ, մանկան անմիջականությամբ է ընդունում թեհրանցի հայտնի կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամիից իր կինովաստակին տրված հայաստանյան պարգևը` «Փարաջանովյան թալեր» մրցանակը. «Ինձ համար, ում փառքի դափնիները նախանձելի փարթամություն ունեն, այս մրցանակն ստանալը նույնքան հաճելի է, որքան քաղցրասեր երեխայի համար պաղպաղակը»։
Լռում են Արմեն Հյուսնունցի ջազային քառյակի հնչեցրած մեղեդիները, գունագեղ տեսահոլովակներով ավարտվում է փառատոնի ծրագրերի սեղմ ծանուցումը։ «Ամենալավ, ամենահետաքրքիր ու ամենանուրբ ֆիլմերն են ընտրված ութերորդ «Ոսկե ծիրանում»,- հպարտությամբ հայտարարում է հանդիսավար Սերժ Ավետիքյանը լեփ-լեցուն դահլիճին։- Ինքս մի շարք փառատոներով եմ շրջել բոլորովին վերջերս։ Հավատացնում եմ, որ աշխարհի շատ երկրների կինոփառատոներ այս առումով կնախանձեն մերի ֆիլմացանկին»։ Այս տրամադրությամբ էր հագեցած նաև ՀՀ վարչապետի ողջույնի խոսքը. «Ամեն տարի հուլիսին, շնորհիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Երևանում միանգամայն այլ հույզեր են գերիշխում 8 օր շարունակ։ Համաշխարհային փառատոնացանցում «Ոսկե ծիրանի» վերընթացով ֆիլմացանկն էլ ավելի խիտ ու հետաքրքրական է դառնում, առօրյա հոգսերը մոռանալ տալիս մարդկանց։ Կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այսուհետ երբեք չընդհատվի «Ոսկե ծիրանի» շարունակականությունը։ Կարծում եմ, դա բոլորիս սրտով է»։
«Հայաստանը` քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» կարգախոսին հավատարիմ` «Ոսկե ծիրանի» «ոսկեֆիլմաշարն» սկսվում է Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» գեղարվեստական կինոնկարով։ Տղամարդ և կին հավերժական թեմայի ինքնահնար թնջուկը ռեժիսորը փորձում է նորովի բացել ՈՒիլյամ Շիմելի և սքանչելի Ջուլիետ Բինոշի զուգախաղով։ Հարաբերությունների բնօրինակի յուրատիպ արժևորումն է դառնում հոգեբանական ինտրիգող անցումներով իրականի և երևակայականի սահմանագիծը բազմիցս խախտող այս ֆիլմն ինքը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ