Երեք օրից Հայաստանի Հանրապետությունում տոն է՝ անկախության օրը: Յուրաքանչյուր պետության անձնագրի ամենակարևոր օրը մենք, սակայն, երբեք չենք նշել լիասիրտ ու համերաշխ: ՈՒ 2020-ի կորոնատարում հազիվ թե այդ օրը համախմբի Հայաստանի երրորդ հանրապետության 4 նախագահներին ու վարչապետին, հազիվ թե մարդիկ դուրս գան փողոց՝ քյաբաբ-խորովածի, ինչպես «Քաղաքացու օրն» էր: Եվ պատճառը, հարկավ, կորոնավիրուսը չէ:
Պատճառը նաև մեր պատմությունը չէ՝ իբր մի քանի հարյուրամյակ պետականություն չենք ունեցել ու հետ ենք սովորել պետություն-քաղաքացի հարաբերություններից, պատրաստ չենք պետականություն հարգել ու սիրել: Միանգամայն հակառակը՝ այսպիսին ենք եղել, որ մեր արքայական դինաստիաները իրենց վախճանը գտել են օտարների ձեռքով, ու մեր վերջին արքան՝ Լևոն Վեցերորդը, Ֆրանսիայում է հանգչում:
Փաստացի՝ մեզ համախմբում է միայն արտաքին վտանգը, մեզ թշնամի է պետք, որ մեզ հայ զգանք ու հաղթող զգանք: ՈՒ առաջին անգամ չէ, որ մենք սկսել ենք հնարել «թշնամիներ» մեր ներսում, որ մեզ լիարժեք զգանք մեր իշխանության ու մեր ընդդիմության մեջ: Եվ միայն մենք չենք այսպիսին: Բայց ժամանակն է փոխվելու: Որովհետև թշնամու հաշվին իրեն լիարժեք մարդ ու քաղաքացի համարողը պարզապես խոստովանում է իր անլիարժեքությունն ու չկայացածությունը, բարդույթների իր համակարգը, որտեղ առանցքում վախն ու անկարողությունն են, «Բաժանիր, որ տիրես»-ը: Իսկ 21-րդ դարում հաջողության հասնում են այն ազգերը, որ իրենց աստվածատուր կենսական էներգիան սպառում են ոչ թե բարդույթների սպասարկման, այլ նպատակների իրագործման վրա:
Ցավալի է, բայց փաստ, որ մենք չունենք համազգային նպատակ ու չունենք համազգային արժեհամակարգ, որ կընդուներ եթե ոչ 100, գոնե հանրության 50+1 տոկոսը, ու դա է մեր տարտղնվածության, մեր «Եղունգ ունես, գլուխդ քորի» կամ «Որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքով ապրելու պատճառը:
Հայաստանի երրորդ հանրապետության ոչ մի իշխանություն մինչև այսօր իր առաջ խնդիր չի դրել հայերիս իրական համախմբումը, կոչեր ու կարգախոսներ, ուղերձներ ու հայտարարություններ եղել են որքան ասես, բայց չի դրվել համազգային խնդիր, որի լուծումը մեզ անվերապահ միավորեր: Մենք չենք ունեցել ու չունենք մեր Չինական պարիսպը, ու մենք չենք դառնա իրապես անկախ պետություն, քանի չենք հասկացել մեր մեծամասնության մեջ, որ անկախությունը ապրիորի հասկացություն չէ, մտածողության որակ է ու գործողությունների մակարդակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար անկախությունը կենսաձև է, նրանց, որ իրենց անկախությունը որոնում են կենցաղային հարցերի լուծման մեջ: ՈՒ նաև նրանց, որ չեն ուզում անկախ լինել, հերիք է, որ կուշտ են: Մարդիկ տարբեր են, անկախությունը մեկն է ու միակը: