Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Ֆրանցիսկոս Պապ. Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է

Ֆրանցիսկոս Պապ. Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է
25.06.2016 | 16:12

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նախագահը և երկու հովվապետերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:


Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է», - գրել է Սրբազան Քահանայապետը:


Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիոս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ