Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցի ճանապարհին՝ Թուրքիայի օդային տարածքով անցնելիս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ուղերձ» է հղել:
Թուրքական «Բիրգյուն» կայքը գրում է, որ երբ Ֆրանցիսկոս պապին տեղյակ են պահել, որ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նա բարեմաղթանք է հղել Էրդողանին: «Աղոթում եմ, որ Աստծո ամենաբարձր օրհնությունը ողջ ազգի վրա լինի»,-ասել է նա:
Ավանդույթի համաձայն Հռոմի պապը օրհնություն է ուղարկում այն երկրների առաջնորդներին, որի օդային տարածքով թռչում է իրեն տեղափոխող ինքնաթիռը: Թուրքական պարբերականը հիշեցրել է, որ Ֆրանցիսկոս պապը Հայաստանում է եռօրյա այցով: Պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Վատիկանում տեղի ունեցած պատարագի ընթացքում Հայոց ցեղասպանությունը կոչել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»՝ շարժելով թուրքական պետության զայրույթը: