Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Արձանների հուշերն ու հիշոցը

Արձանների հուշերն ու հիշոցը
03.06.2016 | 03:32

ԱԲՈՎՅԱՆԻ ԳՈՂԳՈԹԱՆ, ՆԺԴԵՀԻ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ
(զավեշտալի նախաքննություն)


1908 թվական։ Քաղաք Բաքու։ «Հայոց կուլտուրական միությունը» որոշում է լուսավորիչ Խաչատուրի (փառահեղ Աբովյանի) հուշարձանը տեղադրել Երևանի պուրակներից մեկում։ Սակայն նման կուլտուրական սխրանքը գումար է պահանջում, և ահա, վերոնշյալ միության անդամները չեն բախում հայ մեծահարուստների դուռն ու պատուհանը, գումարը հավաքում են հանգանակությամբ։ Ստեղծվում է հանձնաժողով, որը նամակներ է հղում դեպի Կ. Պոլիս (Հակոբ Արապյանին), դեպի Թիֆլիս (Միքայել Միքայելյանին), դեպի Սան Ֆրանցիսկո (Հայկ Բադիկյանին), դեպի Բեռլին (Ռուզան Մուրացանին), վերջապես երկու նամակ դեպի Փարիզ է թռչում և հանգրվանում Հակոբ Գյուրջյանի ու Անդրեաս Տեր-Մարուքյանի արվեստանոցների փոստարկղերում։ Ժամանակի առաջատար հայ քանդակագործներին նամակներով հրավիրում էին մրցույթի։ Նախագծերը ներկայացվեցին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի հանձնաժողովի քննարկմանը։ Մրցույթը շահեց տակավին երիտասարդ Անդրեաս Տեր-Մարուքյանը (1871-1919 թթ.)։ Սկսվում է տիար Անդրեասի «կուլտուրական գողգոթան»։ Ձախողակ էր հաղթած նախագիծը, լուսավորչին և մոգական ռեալիզմի հիմնադրին հարիր չէին նման քաղցր-մեղցր լուծումները։ Այսպես, պատվանդանին, ձեռքերը խաչած կանգնել էր պատանի Աբովյանը։ Ստորոտին մանչուկը գիրք էր կարդում, աղջնակը ծաղկեփունջ էր դնում։ Ալեքսանդր Շիրվանզադեն և Գարեգին Լևոնյանն իրենց նկատառումներն են հայտնում Տեր-Մարուքյանին։ «Գեղարվեստ» հանդեսում տիար Լևոնյանը գրում է հետևյալը. «Խ. Աբովյանը ներկայացել է միայն իբրև գրագիտության հայր և ուսուցիչ, սակայն ոչ իբրև կրքոտ հայրենասեր»։ Ի դեպ, Շիրվանզադեն և Լևոնյանը Տեր-Մարուքյանի բարեկամներն էին և բարձր էին գնահատում վերջինիս որպես արվեստագետի։
Որպես ազնվական արվեստագետ Տեր-Մարուքյանը հաշվի է առնում բոլոր դիտողությունները, վերամշակում-հղկում քանդակի նախագծային տարբերակը և կերտում է բարձրարվեստ մի կոթող։

Առաջին համաշխարհային պատերազմը խոչընդոտում է արձանի ուղևորությանը Փարիզից Երևան։ 1925-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը գնում և արձանը հասցնում է Երևան։ 1933-ին լուսավորչի արձանը նախ տեղակայվում է մայրաքաղաքի մշակութային զարկերակ Աստաֆյան փողոցում, դեռևս չփլուզված Պողոս-Պետրոս առաքյալների եկեղեցու հարևանությամբ։ Այսօր այն կոչվում է Աբովյան փողոց, եկեղեցու փոխարեն հանդիսավոր կանգնած են Հայաստանի նկարիչների միությունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։
Աբովյանի արձանը պանդուխտի պես դեգերում էր Երևանով մեկ։ Այն հայտնվեց անգամ Զանգվի ձորում, մանկական երկաթուղու հարևանությամբ։ Մի՞թե սրան էր արժանի Մեծ քանաքեռցին։ Քաղաքային իշխանություններն ի վերջո սթափվեցին, և արձանը 1964-ին գտավ իր վերջին հանգրվանը Քանաքեռում, գրողի տուն-թանգարանի բակում։ Աբովյանի արձանը, անշուշտ, հայի բախտ ուներ, հայի բախտ՝ վերքհայաստանյան նվագներով։

Խորհրդային Հայաստանի իշխանությունները հայ ազգային լուսավորչի արձանը տեղադրեցին խորհրդային մայրաքաղաք Երևանի սրտում 1933-ին, երբ Կրեմլում սաղմնավորվում էր անհատի բիրտ պաշտամունքը։ Երբ ազգայնամոլական ոչ թե գործը, այլև անգամ փռշտոցը ունեզրկման և աքսորի պատճառ էին։

Ո՞Ւմ արձանն առաջինը տեղակայեցին ՀՀ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության ղեկակալները։ Արամ Մանուկյանի՞, քավ լիցի։ Կոստան Զարյանի՞, անհամ կատակ էր։ Պապ թագավորի՞նը։ Չէ՜ մի։ Գուցե Ձենով Օհանի՞նը, օ՜հ, եղբայր, մատից փուշ հանելու տեղը բաց վերքին մանանեխ մի քսեք, առաջին արձանը փառաբանեց ծաղկավաճառ և հարբեցող Կարաբալային։
Սա ահազանգ էր, որի դղրդոցը լսելի դարձավ շատ շուտով։

Այո՛, դա ահազանգ էր՝ համազարկի տեսքով։ Համազարկ, ուղղված հանրային ճաշակին և արժանապատվությանը։ ՈՒղղված և ուղղորդված իշխանադասի դիրքերից։ Ինչպես միշտ, իշխանություն-հանրույթ դիրքային մարտերում հաղթում էր իշխանադասը, վարելով մարտերը ծովահենորեն, վաղ լուսաբացին հարվածելով խաղաղ ննջող, երազում էլ բարձրաճաշակ արձանաշարեր տեսնող հանրույթի ստոծանուն։


Իշխանադասը մերթ ընդ մերթ տեղակայում էր «թոխմախգյոլյան» ճաշակի հերթական արձանը, հանրույթը պատասխանում էր արձանի տիտղոսավորմամբ։ Սողոմոն Թեհլերյանի արձանի «պատվատիտղոսն» էր «պլանքյաշը»։ Նրա գաղափարական մարտընկեր Գևորգ Չավուշի արձանն արժանացավ ոչ պակաս պերճալի բնութագրման՝ «Քինգ Քոնգ»։ Իսկ օպերայամերձ Ֆրանսիայի հրապարակում ծիկրակում է «Ճանճը»։ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված Ռոդենի գլուխգործոցներից մեկի կրկնօրինակն այնքան էր մանրակերտ համայնապատկերային միջավայրում, որ վերոնշյալ «պատվանունն» ուղղակի ժամանակի հրամայականն էր։


1992-ին Կալինինի փողոցը վերանվանվեց ի պատիվ ազգային-պետական սխրանքի ռահվիրա Նժդեհի։ Սուրեն Սպանդարյանի անվան հրապարակը ևս կրում է Նժդեհի վեհ անունը։ Հրապարակի ընդերքում էլ դարձյալ Նժդեհի անվան մետրոպոլիտենի մարմարակերտ կայարանն է, հրապարակում խոյանում է բոլշևիկ-նվիրյալ Սուրեն Սպանդարյանի հուշարձանը, ծոծրակը դեպի Եռաբլուր, իսկ վսեմ, ինտերնացիոնալ հայացքը՝ դեպի աշխատավորական կործանված ամրոցը՝ «Նաիրիտ» գործարան։ Սուրեն Սպանդարյան, կուսակցական ծածկագիրը՝ Իզգոյ։
Զանգը հնչել է, կուռքերը պատարագ են պահանջում։ Նժդեհի անվան խաչքարերի այգի, Իզգոյի անվան Նժդեհի հրապարակ։ Խորհո՞ւրդ խորին, թե՞ պատվիրան անարգանքի։
Առակներս զի՞նչ ցուցանեցին...

ՇԱՐԱԿԱՆՆԵՐ՝ ԱՆՈԹԻ ՓՈՐԻՆ
(զարզանդելի հետաքննություն)


«Չարենցի վերջին գիշերը» ուշագրավ ստիխում արդի պոետ Միլիտոնյանը (նույն ինքը` Էդվարդ) ահա նման տողեր է քարագրել.
...Հայհոյանքից չորացած բերան,
որից երբևէ ոսկեդրամի
պես հատած
շողշողուն բառեր են ընկել
ուխտատեղի ջրավազանի մեջ...

Տոնական օրերը կարմրակատար աքաղաղի պես ցփնված են նորահայոց օրացույցում։ (Կարմրակատար աքաղաղը հարկավ տոն է, լի օրերը՝ ածան հավեր)։ Նշանակում է, որ շեն է երկիրը, ազգն էլ ահա բերկրանքից, մեղա, մեղա, կփչի շունչը։ Ներշնչվում ենք լիաթոք և ծակեփնջերն ի մեր գիրկ ճեմում ենք դեպի հուշարձանը հանդիպակաց։ Ճգնաժամ է, արտագաղթ է, թե պատերազմ, բնավ հոգ չէ, կերտում ենք արձան, կոկում ենք ցայտաղբյուր, կոփում ենք մեր ինքնության դամբարանները։ Եվ ամրապնդում ենք արտագաղթի պորտալարը։
Եվս մի քանի տարի և հուշարձանների թվաքանակը կհավասարվի չարտագաղթյալների ճշգրիտ համրանքին։

Գողտրիկ մի կիսանդրի դրվեց գողտրիկ մի փողոցում, փողոցն էլ անվանակոչվեց ի պատիվ խորհրդահայ ղեկակալ Անտոն Երվանդի Քոչինյանի, ով 1966-ի սեպտեմբերի 30-ին այս նամակը հղեց առ Կրեմլ։ «Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին վերջ կդնի անբնական այն վիճակին, երբ Խորհրդային Միության պայմաններում հայ ժողովուրդն ունի երկու պետականություն՝ միութենական հանրապետություն և հարևանությամբ գտնվող ինքնավար մարզ, սակայն մեկ այլ հանրապետության կազմում»։ Սա նրա երկրորդ ուղերձն էր...


Առհասարակ հանրության սերուցք, քաղաքացիաշունչ մտավորականությունը պիտի որոշի, այս հեղեղատար օրերում դնե՞լ արձան, թե՞ համբերել։ Դիցուք, Թումանյանի թանգարանի տնօրենուհի տիկին Թուխիկյանը Նարինե կտրականապես դեմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը և ունի ծանրակշիռ մի փաստարկ. խորհրդային նշանավոր գործիչը կարող էր աքսորից ու մահից փրկել Թումանյանի որդիներին։ Ոչինչ չարեց, Տերը նրա հետ։

ԴԱՏԱՎՃԻՌ


Նժդեհի արձանի առաջ խոնարհվող, ծաղիկ դնող (երբեմն էլ անբիծ սրտով լուռ արտասվող) իշխանադաս, անշուշտ նաև ընդդիմադիր առաջնորդներ, չե՞ք մտածում, որ օրն ի բուն ձեր կեցվածքով ու գործերով եք անարգում նրա և այլոց (Արամի, Մյասնիկյանի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի) հիշատակը։ Առայժմ դուք նրանց նվիրումի և պայքարի հակոտնյան եք։ ՈՒրեմն երևելիների արձանների առաջ դադարեք խոնարհվելուց և ծաղիկ դնելուց։ Փշե պսակներով պսակեք հուշարձանները, ծնրադրեք և ապաշխարեք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ