Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, որ Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի:
«Մենք բոլորս անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով մեր տնտեսական շահերից, մեր քաղաքացիների շահերից: Շատ կարևոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի և ծառայության պատվիրատուի համար: Այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, որ ամենակարևոր հարցը խոչընդոտների վերացումն է՝ տեխնիկական խոչընդոտների, որոնք խանգարում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին, դրանով իսկ՝ նվազեցնում ինտեգրացիոն գործընթացներից տնտեսական արդյունավետությունը»,- ասել է նախագահը: Նշելով, թե տեղյակ է՝ որքան շատ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում, Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովին ներկայացնել՝ կա՞ օրակարգի հարցերի շուրջ ընդհանուր ընկալում, և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում հանդիպումից: Ղազախստանի վարչապետը իր և գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել Երևանում ջերմ հյուրընկալության և միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքի նախապատրաստման ու անցկացման հարմարավետ պայմանների ապահովման համար:
«Մեզ համար առջևում այսօր աշխատանքային օր է, որի ընթացքում նախատեսված է ԵԱՏՄ հետագա զարգացման հարցերի քննարկում: Նախագահների հանդիպման նախօրեին մենք կաշխատենք քննարկել և օրակարգից հանել հարցերի մեծամասնությունը, որ բարձր մակարդակով քննարկմանը ներկայացնենք միայն հետագա զարգացման տեսանկյունից խոշոր ռազմավարական հարցերը»,- ասել է Մասիմովը: Նա տեղեկացրել է, որ վարչապետների մակարդակով նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ քննարկման համար նախատեսված են բազմաթիվ հարցեր, և այսօրվա քննարկումների ժամանակ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները կփորձեն դրանք լուծել:
Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի՝ ինտեգրացիոն այլ միավորումների հետ համագործակցության հնարավորությունները, առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: ԵԱՏՄ-ի անդամ երկրների տնտեսությունների հետագա բնականոն զարգացման առումով Հայաստանի նախագահը կարևորել է անվտանգության բաղադրիչը և այդ տեսանկյունից ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: