Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Եվ առաջին նախագահն ասաց

Եվ առաջին նախագահն ասաց
12.04.2016 | 00:31

Իր նախաձեռնությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հարցազրույց է տվել ilur.am կայքին: Լիրիկական զեղումներից դուրս (առ այն, թե ինչու ու ինչպես առաջինն ու երրորդը հանդիպեցին) հարցազրույցը պարունակում է գնահատականներ, որ հիմնվում են պատմական զուգահեռների վրա՝ ինչպես 1973-ի արաբա-իսրայելյան «Յոմ Կիպուրի» պատերազմը, որ 1979-ին ավարտվեց Քեմպ-Դևիդի համաձայնագրով, իսկ Եգիպտոսը վերադարձրեց Սինայի թերակղզին։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ալիևը ևս անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու և մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է ուժեղացնել իր դիրքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում։ Նա նաև կարծում է, որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, ուրեմն մանր-մունր փոխհրաձգությունները չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումներ ու դա մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում։
Բանակցությունների բովանդակության մասին ևս առաջին նախագահը նոր ոչինչ չի հավելում՝ «քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է և կոչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված և կողմերի միջև մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր, որը պարունակում է թե տարածքների վերադարձմանը, թե խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ»: Ծրագիր, որ բազմիցս հաստատվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններով, ստացել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սկզբունքային համաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է, որ Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, և նրան անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։ Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Նա է ընդառաջել Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Իսկ Սերժ Սարգսյանը ստացել է ժառանգություն Ռոբերտ Քոչարյանից, և նրա պատասխանատվությունը ավելին չէ, քան մյուս դերակատարներինը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ հայկական կողմը կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի հնարավոր առավելագույնին, բնականաբար, կոնկրետ ոչինչ չնշելով: Նա համարում է, որ հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով ժողովրդի աջակցությունը։ Բայց արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցության՝ վարչախումբը պարտավոր է դեմքով շրջվել դեպի ժողովուրդը: Այսքանը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր իրականում զարմացել էին Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից. չե՞ք կարծում, որ հենց առաջին օրերին ՀՀ առաջին նախագահը ոչ միայն պետք է Սերժ Սարգսյանի հետ հանդիպեր, այլև պետք է հրավիրեր մամլո ասուլիս (իսկ նրա ասուլիսը միանգամից կհայտնվեր համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում) և բացատրեր՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Լիուլի օրինակներ կարող էր բերել Ալիևների ընտանիքի հետ իր շփումներից և մեկնաբաներ իր նախագահության ընթացքում կնքված զինադադարը: Ո՞վ, եթե ոչ նա (երբ սպանվել է սպարապետ Վազգեն Սարգսյանը), պիտի մանրամասներ, թե ինչ երաշխիքներ էին տալիս Ռուսաստանն ու Ղազախստանը ու համեմատեր նրանց հետագա վարքագիծը: Պատմական գիտելիքների հարուստ զինանոցից էլ մեջտեղ բերեր, թե Թուրքիան իրեն ինչպես է պահել ու ինչ կարող է անել հիմա: Չարեց: Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց Սերժ Սարգսյանին հանդիպել, որ ավելի խելամիտ ու զգուշավոր քայլ է՝ բնորոշ նրա պրագմատիկ մտածողությանը: Գերպրագմատիզմն այս անգամ առաջին նախագահին իսպառ դավաճանել է, նա շարունակում է իրականությունը տեսնել հաստատված կարծրատիպերի սահմաններում միայն և շարունակում է համարել, որ եթե հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումներ: Հազիվ թե առաջին նախագահը չգիտի, որ Ռուսաստանը ոչ միայն ի վիճակի է թույլ չտալ, այլև ի վիճակի է կազմակերպել, իսկ եթե այդ մասին լռում է, ուրեմն շարունակում է կաշկանդված մնալ իր գործողությունների մեջ ու քաղաքական ապագա հաշվարկներում առաջնորդվում է ոչ թե ազգային, այլ քաղաքական շահերով: Նա արձանագրում է, որ զինադադարը մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում, առանց քննարկելու՝ լա՞վ, թե՞ վատ է դա՝ հաշվի առնելով ապրիլյան զարգացումները։ Երբ Ռուսաստանը պիտի սպասի, որ Բաքուն հասնի Ստեփանակերտ և միջամտի միայն այն դեպքում, երբ հայերն են գրոհում, քանի՞ լումա է Մոսկվայի միջամտության գինը: Երբ Բաքվին մինչև ատամները պիտի զինի, Երևանին նույնիսկ 200 միլիոն վարկով հասանելիքը չտա, դրակա՞ն, թե՞ բացասական է լինելու հայերի համար Մոսկվայի դերի մեծացումը բանակցություններում: Հավելեք, որ երրորդ տարին է՝ Մոսկվան Ադրբեջանին փորձում է ԵԱՏՄ տանել, որ Բաքվի նավթն ու գազը Եվրոպա կամ չհասնեն, կամ հասնեն Ռուսաստանի միջով, իսկ Բաքուն գինը վաղուց է ասել՝ Ղարաբաղը: Եվ՝ վերջապես ով-ով, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը լավ պիտի հասկանար, որ ոչ միայն «պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ» վճիռներն են վտանգավոր, այլև վճիռները հետաձգելը, ուշացնելը կամ չընդունելն ու ապավինելը իրադարձությունների զարգացմանը, ինչով Հայաստանը զբաղվել է այսքան ժամանակ՝ հույսը դրած կամ պատմական արդարության, կամ ռազմավարական դաշնակցի, կամ բախտը բերելու վրա: Նրա հարցազրույցը սքանչելի ուղերձ է բոլորիս 20-րդ դարից՝ այն ժամանակվա մտածողության, գնահատականների ու գործողությունների, հնարավոր չէ պատմության 25 տարին դեն նետել ու ապրել կաղապարված-կաշկանդված: Ինչպես առաջին նախագահն էր ասում իր լավագույն օրերին՝ չկան հավերժական դաշնակիցներ, կան հավերժական շահեր: Իսկ հավերժական շահերը 21-րդ դարում, ինչպես բոլոր դարերում, պահանջում են ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ, որոնք արդյունք են տալու, ոչ թե թղթի վրայի պայմանագրերով ու փակ աչքերով միջազգային ասպարեզ նետվել ու ըմբռնում ակնկալել: Լևոն Տեր-Պետրոսյանը դա ոչ թե չգիտի, այլ չի ընդունում. նա մնում է պատմության իր ընկալումների գերին, նաև հիշողությունների, ով-ով, ինքը լավ գիտի, որ իր հրաժարականի գլխավոր պատճառը Կրեմլն էր ու Կրեմլի տեր Բորիս Ելցինը:

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ