Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Էդուարդ Շարմազանովը հիմնականում չհամաձայնեց

Էդուարդ Շարմազանովը հիմնականում չհամաձայնեց
19.02.2016 | 12:10

ՀՀԿ Գործադիր մարմնի փետրվարի 18-ի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկել է ՀՅԴ-ի հետ համագործակցելու հարցը: ՀՀԿ-ն երեկ կարող էր նվեր մատուցել ՀՅԴ-ին՝ նշանավորելով փետրվարյան ապստամբության հոբելյանը, բայց չարեց: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազդարարեց, որ համագործակցությունը կամրագրվի հաջորդ շաբաթ, պարզվեց՝ ՀՀԿ-ականներին առաջարկներ ներկայացնելու ժամանակ է տրվում: Թե ինչ առաջարկներ կարող են ու պիտի ՀՀԿ-ականները ներկայացնեն մի համագործակցության մասին, որ ընտրություններից մեկ տարի ու երեք ամիս առաջ սահմանափակում է իրենց իշխանական լծակները, իսկ իրենք այնքան էլ դա չեն ուզում, երևի հայտնի կդառնա: ԳՄ նիստում քննարկվել են «ներկուսակցական, ներքաղաքական զարգացումներ» հերթապահ նախադասությունից հետո Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ծրագրային, հայեցակարգային ելույթը՝ երեկ ԳՄ անդամները մտքեր են կիսել ելույթի կարևորագույն կետերի վերաբերյալ, կարևորել սկզբունքների իրականացումը: Հիշեցրեց նաև, որ ՀՅԴ-ի հետ նախապատրաստվում է քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրում, որի մասին խոսել է նաև Արմեն Ռուստամյանը՝ կա ընդհանուր համաձայնություն: ՀՀԿ ԳՄ-ականները քննարկել են այդ կետերը և մի շաբաթում հուշագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի ու կունենանք քաղաքական համագործակցության ստորագրված փաստաթուղթ: Ինչո՞ւ են այդքան ձգձգում համաձայնագրի ստորագրումը, երբ վաղուց հայտնի են պաշտոններն ու պաշտոնների թեկնածուները հարցի հետ ՀՀԿ մամլո խոսնակը չհամաձայնեց: «ՀՅԴ-ի հետ համագործակցությունը զուտ մեխանիկական պաշտոնների բաշխման համագործակցություն չէ, երկարատև ծրագրային համագործակցություն է, որի հիմքում Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահն է, որի հիմքում թե Հռչակագրի համահայկական դրույթներն են, թե նախագահի փետրվարի 12-ի ծրագրային ելույթի հիմնական կետերը: Ինչ ունի լուրջ նպատակ, չի կարող մեկ-երկու օրում լինել»:

Չհամաձայնեց և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, թե համաձայնությունը ձգձգվում է, որովհետև իրենք էլ երկար կմտածեին ՀՅԴ-ի հետ համագործակցելուց առաջ: ՀՀԿ խոսնակը խորհուրդ տվեց ՀԱԿ-ի քաղաքական ֆիասկոն չդարձնել ՀՅԴ-ի հետ հարաբերությունների գնահատման առանցք և հիշեցրեց, որ իր քաղաքական վերադարձից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինն այցելեց Հանրապետության փողոց՝ ՀՅԴ կենտրոնական գրասենյակ, տարիներ անց, խոսելով ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին, քաղաքական հրապարակ նետեց «հրաշալի քառյակ» եզրույթը, իսկ հետո ֆիասկո ապրելով թե «հրաշալի քառյակում», թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մեջ, փորձում են իրենց զգուշացնել: «ՀՅԴ-ն չէ մեղավորը, որ ՀԱԿ-ը այսպիսի ոչ բարենպաստ վիճակում է: Ճիշտ կլինի, որ պարոն Զուրաբյանն իր քաղաքական ուժի ֆիասկոյի պատճառները տեսնի իր քաղաքական թիմի մեջ»՝ ուղղորդեց Էդուարդ Շարմազանովը և ասաց, որ ոչնչով չի կարող օգնել Լևոն Զուրաբյանին, եթե նա դրական ոչինչ չի տեսել Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթում՝ «Ինչպես ասվում է Աստվածաշնչում՝ ով աչք ունի թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի»:
Խոսելով պաշտոնյաների մասին, որ հեռանում են հանուն ՀՅԴ-ականների իշխանության գալով, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե նրանք քաղաքականությունից չեն հեռանա: «Քաղաքականությունը կենդանի գործընթաց է: Յուրաքանչյուրս մի օր գալիս ենք, մի օր պետք է գնանք: Որևէ մեկը չի հեռանում: Քաղաքականության մեջ պաշտոններ ստանձնելն ու գնալը հեռացում չէ, քաղաքական գործընթացի անբաժան մասն է, որին պետք է հանգիստ ու բնական վերաբերվել»: Լրագրողները համառորեն փորձում էին պարզել՝ ինչո՞ւ է կիսվում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը, արժանի՞ է ՀՅԴ-ն այդ բաժանմանը, որ պետության վրա ֆինանսական բեռ է ավելացնում, ՀՀԿ խոսնակը դիմադրում էր ու պատասխանում, որ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու, որտեղ հիմնական զեկուցողը կներկայացնի պատճառները, քաղաքական ուժերը՝ իրենց տեսակետները ու կհնչեն բոլոր պատասխանները:
Ռոբերտ Քոչարյանին էլ հիշեցին՝ «Ազատություն» ռադիոկայանին անցյալ տարի տված հարցազրույցի հրապարակման առիթով: ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Հարգարժան երկրորդ նախագահի քաղաքական վերադարձի ու ծրագրերի մասին կարծիքներ հայտնելով ես հայտնի չեմ եղել, դա իր ու իր քաղաքական համախոհների խնդիրն է: Ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից: Ես չեմ կարծում, որ 125-ամյա ՀՅԴ-ն իր պատմության մեջ եղել է, օգտագործելով Ձեր ձևակերպումը, «ինչ-որ մեկի տակ»: Որպես պատմաբան ասեմ՝ ՀՅԴ-ն ազդեցիկ քաղաքական ուժ է, անկախ նրանից՝ մեր ճանապարհները միացել են, թե ոչ: ՀՅԴ-ի դերը Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում ու պատմության մեջ չի կարելի թերագնահատել: ՀՅԴ-ն իր գործունեությամբ թե նախկինում, թե այսօր, հուսամ՝ նաև ապագայում, ապացուցել է, որ ինքը ազգային քաղաքական ուժ է և չպետք է ասոցացնել այս կամ այն, թեկուզ շատ ազդեցիկ քաղաքական գործչի հետ»:
Այսպես՝ փաստորեն Էդուարդ Շարմազանովը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի «ազդեցիկ քաղաքական գործիչ» մնալը, միաժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեղանչեց պատմաբան Էդուարդ Շարմազանովի առաջ՝ շրջանցելով ՀՅԴ ազգային քաղաքական ուժի պատմության որոշ էջեր, որ իրենք էլ փակ արխիվներում են պահում՝ երիտասարդ էին, հետո էլ՝ 100 տարի է անցել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շատերն են այս օրերին հարց տվել՝ ինչո՞ւ հենց ՀՅԴ-ն ու ոչ ԲՀԿ-ն կամ այլ ուժ: Ոչ ոք չի արձանագրել, որ համագործակցության հիմքում տարածքային հարց է՝ քանի՞ քայլ է Մելիք-Ադամյանից մինչև Հանրապետության փողոց: Իսկ Մելիք-Ադամյանից ինչքա՞ն են հեռու մյուս կուսակցությունների գրասենյակները: Շատ ավելի: Փորձը ցույց տվեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցելու ցանկություն ունեցողները արագ պետք է տեղափոխեն իրենց գրասենյակները՝ հնարավորինս մոտ Մելիք-Ադամյանին՝ սա մեկ, իսկ ընդհանրապես՝ տարօրինակ էր, բայց որևէ լրագրող ՀՀԿ մամլո խոսնակին չհարցրեց, թե ի՞նչ վիճակում է նախօրեին հիվանդանոց տեղափոխված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ