Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը փետրվարի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում համատեղ ներկայացրին Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի երկրորդ մոնիտորինգի զեկույցը: Ելույթ ունեցող Ստեփան Գրիգորյանից, Լարիսա Մինասյանից, Նիկոլայ Իսրայելյանից բացի, կոնֆերանսին մասնակցում էին ԱԳՆ-ի, Հայաստանում հավատարմագրված հյուպատոսական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ երկար ժամանակ զբաղվել են վիզաներին վերաբերող հարցերով, և ներկայացված են երկու ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են վերջին երկու տարվան: Նա անդրադարձավ Եվրամիությունը հեղեղած միգրանտների խնդրին՝ նշելով, որ անկանոն միգրացիան այնքան էլ համարժեք չէ իրավիճակին, որ կա կամ սուպերմիգրացիա, կամ մեծ վտանգ. երբ Եվրոպա են մտնում օրը 100 մարդ՝ մի վիճակ է, երբ՝ 10000, բոլորովին այլ: «Հայաստանը ոչ մի վտանգ չի պարունակում Եվրոպայի համար. Հայաստանից Եվրոպա հոսքը փոքր է, Հայաստանը բացարձակապես վտանգ չի ներկայացնում ահաբեկչության տեսանկյունից՝ լինելով տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրը այդ տեսանկյունից: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը վիզաների, ռեադմիսիայի հարցերում պիտի շարունակվի, մենք գործընկեր երկիր ենք, որ քրիստոնյա է և միգրացիոն վտանգ չի ներկայացնում ԵՄ-ի համար»,- ասաց պարոն Գրիգորյանը: Նա բերեց Մոլդովայի օրինակը, որ վիզաների ազատականացումից հետո ազգովին Եվրոպա չի տեղափոխվել:
Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանի գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ նախ ներկայացրեց, թե ինչու է հիմնադրամը ֆինանսավորել ծրագիրը: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամները հետամուտ են ժողովրդավարության, մարդու իրավունքների, հաշվետու կառավարման նպատակներին աջակցելուն: Հայաստանում այդ գործունեությունը արդեն 15 տարվա պատմություն ունի: ԵՄ-ի հետ ինտեգրումը, քաղաքացիական հասարակության զարգացումը տիկին Մինասյանը համարում է շատ կարևոր համակարգ, որ անգամ իր տեխնիկական ծրագրերով լուծում է նույն խնդիրները: ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցումը խթանում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունն ու տնտեսության զարգացումը՝ վստահ է Լարիսա Մինասյանը՝ ելնելով Արևելյան Եվրոպայի և այլ երկրների փորձից: Հայաստանը մի քայլ առաջ գնաց՝ ապացուցելով, որ առանց այդ ուղղության վիճակը կարող է ավելի վատանալ: Նա ԵՄ-ի հետ Հայաստանի նոր բանակցություններից ակնկալում է արդյունքներ և նպատակների իրականացում: ԵՄ ինտեգրման ճանապարհին ծագած խնդիրներից Լարիսա Մինասյանն առանձնացրեց մակերեսայնությունը և խնդիրներին ոչ խորքային լուծումներ տալը, երբեմն նաև խեղաթյուրումը, կարևորեց հանրության վստահությունը ժողովրդավարության և եվրաինտեգրման նկատմամբ: «Եթե տեխնիկական ժողովրդավարացման ինչ-որ պահանջներ կան, վիզաների դյուրացումը մի քայլ առաջ է, ոչ մակերեսային, և ոչ մանիպուլյատիվ պահանջներ է դնում: Աջակցել այդ գործընթացին շատ կարևոր է: Քայլ առաջ անելու համար մեզ պետք է ոչ միայն տեխնիկական ապահովություն, այլև գաղափարական: Մեզ պետք է արժեքային ինտեգրացիա, որ թե կայունության, թե անվտանգության, թե ժողովրդավարության և առաջընթացի գրավական է»,- համոզված է Լարիսա Մինասյանը:
ԵՄ-ի և ՀՀ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի երկրորդ մոնիտորինգի զեկույցը ներկայացրեց ՆԻԿՈԼԱՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ: Նշվեց, որ ԳՏՀՎԿ-ն երկար ժամանակ է զբաղվում վիզաների հարցով, 2014-ին վիզաների տրամադրումը դյուրացնելու և ռեադմիսիայի համաձայնագրերից հետո ուսումնասիրության դաշտն ավելի ընդլայնվեց: Նա թվարկեց օրենսդրական հիմքերն ու համաձայնագրերը, որոնց հիմնական նպատակն էր հեշտացնել քաղաքացիների մի շարք կատեգորիաներին վիզաների տրամադրումը: ՈՒսումնասիրության ընթացքում կատարվել է հայկական և եվրոպական օրենսդրության վերլուծություն: ՈՒսումնասիրվել է ոլորտին վերաբերող թե՛ միջազգային, թե՛ ներպետական օրենսդրությունը՝ համաձայնագրերը, ԵՄ վիզային օրենսգիրքը, Շենգենյան համաձայնագրերը, Դուբլինյան կոնվենցիան: Կատարվել է ՀՀ-ում ԵՄ հյուպատոսությունների, ՀՀ-ում գործող վիզաների կենտրոնների և ՀՀ պետական համապատասխան կառույցների կայքերի մոնիտորինգ, ուշադրություն է դարձվել կայքերի պարունակած տեղեկությունների ստացման հնարավորությանը: Օրենսդրությանն ու գործող կանոններին ծանոթանալուց հետո ծրագրի առաջին փուլում կազմվել են հարցեր՝ ուղղված ոլորտի համար պատասխանատու պետական մարմիններին և ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժիններին, Հայաստանում գործող վիզաների կենտրոններին, անհատական հանդիպումներ են կազմակերպվել ազգային ու միջազգային փորձագետների հետ: Առաջին անգամ հարցումներ են անցկացվել Շենգենյան գոտի մուտքի վիզայի մերժում ստացած դիմորդների շրջանում՝ ընդհանուր պատկերը ավելի ճիշտ հասկանալու համար: Նկատի ունենալով, որ Հայաստանն անցել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման առաջին փուլը և երկրորդ փուլին՝ վիզաների երկխոսությանն անցնելու հնարավորություն կա, կազմվել են առաջարկություններ ՀՀ և ԵՄ-ի միջև համաչափ վիզայի ռեժիմի ճանապարհային քարտեզի կազմման և իրականացման համար: Քանի որ համացանցը տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներից է, և հասարակության տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է, կատարվել է էլեկտրոնային մամուլի մշտադիտարկում՝ ընտրելով շատ ընթերցվող լրատվական կայքերը: ՈՒսումնասիրվել են ԵՄ վիզաների հետ կապված վիճակագրական տվյալները, Արևելյան գործընկերության երկրների փորձը, որոնք հաղթահարել են վիզաների ազատականացման առաջին փուլը և հաջողությամբ հասել են ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի երթուդարձին: Նիկոլայ Իսրայելյանը նշեց նաև այլ տվյալներ, թվեր, փաստեր, որոնց մանրամասն կարող եք տեղեկանալ երկրորդ մոնիտորինգի արդյունքներն ամփոփող գրքույկում:
Հավարտ կոնֆերանսի՝ Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի՝ ի՞նչն է ինքը կարևորում հնչած խնդիրներից.
-Հայաստան-ԵՄ վիզաների պայմանագիրը սկսեց գործել 2014-ի հունվարից, այն ժամանակ կատարել ենք առաջին մշտադիտարկումը, անցյալ տարի՝ երկրորդը: Մենք ունեինք ավելի շատ նյութեր, նախ՝ ավելի շատ էին վիզաների դիմումները, նաև մերժումները, մեծ էր վիճակագրությունը: Բացի այդ՝ նախկինում Հունաստանը, Լիտվան, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան և Իտալիան՝ ԵՄ վեց երկրներ էին Հայաստանում Շենգեն վիզա տալիս, հիմա ավելացավ Չեխիան: Միակողմանի Շենգեն վիզան աշխատում է և Ռումինիայում ու Բուլղարիայում: Մենք ուսումնասիրեցինք բողոքների և մերժումների վիճակագրությունը:
-Եվ ի՞նչ եզրակացության հանգեցիք:
-Այսօրվա պատկերը վկայում է, որ բողոքների մեջ այնքան շատ չէին մերժում ստացածները, որքան վիզա ստացածները կամ ժամանակի մեջ չտեղավորվածները, որ վիզա հաստատ կստանային, բայց չհասցրին: Մենք ԵՄ պետությունների հյուպատոսների ուշադրությունը հրավիրում ենք այդ հանգամանքի վրա: Ինչո՞ւ չհասցրին՝ կամ հերթը շատ էր, կամ փաստաթղթերում թերություններ կային: Հիմնական բողոքները վերաբերում են ժամկետներին՝ մարդիկ տասնյակ անգամ եղել են ԵՄ-ում, ունեն դրական պատմություն, ու մենք հարց ենք բարձրացնում՝ ի՞նչ իմաստ ունի նրանց տալ կարճաժամկետ վիզա: Ինչո՞ւ նրանց չտալ երկարաժամկետ վիզա՝ կրճատելով վիզայի սպասողների թիվը՝ թեթևացնելով աշխատանքը երկուստեք:
-Եթե համարենք դա ուղերձ ԵՄ հյուպատոսություններին, վիզայի համար դիմողները խնդիրներ չե՞ն հարուցում իրենք իրենց համար:
-Հարուցում են՝ մեր քաղաքացիները հաճախ մերժվում են ոչ թե այն պատճառով, որ իրավունք չունեն երկրից դուրս գալու, այլ սխալ են լրացնում փաստաթղթերը: Երկրորդ ամենակարևոր պատճառը՝ փոխում են խաղի կանոնները: Վիզա ստանում են մի հյուպատոսությունից մի տեղ գնալու համար ու բեկանում են հյուրանոցի բրոնյան, փոխում են տոմսը, այդ տեղեկատվությունը հյուպատոսությունում արձանագրվում է, և նրանք հետ են կանչում վիզան, որովհետև դա դիտում են որպես խաբեություն:
-Բայց կյանք է, միշտ էլ հնարավոր է, որ ծրագրերդ փոխվեն, Շենգեն վիզան այդ հնարավորությունը չի՞ տալիս:
-Այո, բայց այդ դեպքում պետք է հյուպատոսարանին տեղեկացնել, որ փոխվել են հանգամանքները, նոր ծրագրեր ու նոր խնդիրներ կան: Շատ կարևոր է, որ մենք ունենք դրական դինամիկա վիզաների դյուրացման գործընթացում: Ռիգայի վեհաժողովում արձանագրվեց, որ Հայաստանը կարող է անցնել երկրորդ փուլ՝ վիզա-երկխոսության, որը օրենսդրական փոփոխություններ է պահանջում և կոնկրետ քայլեր: Ինչքան մենք կանոնակարգենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, այնքան շատ քաղաքացիներ կմեկնեն ԵՄ ու կվերադառնան: Եթե մարդն ունի օրինական ճանապարհ, երբեք անօրինական քայլերի չի դիմի: Համագործակցությունը Եվրոպայի հետ ցույց է տալիս՝ վիզաների դյուրացման գործընթացը հանգեցրեց հայ գործարարների հաճախակի այցերի Եվրոպա, գործարար կյանքի աշխուժացման, փորձագիտական ու գիտական հանրության շփումների մեծացման, համատեղ ծրագրերի իրականացման: Եվրոպայում կան տեխնոլոգիաներ, հնարավորություններ, և շփումների մեծացումը միայն օգուտ է տալիս Հայաստանին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Կոնֆերանսի ամենահետաքրքիր մասը հարցերն ու պատասխաններն էին, որոնց ընթացքում քննարկվում էին ամենատարբեր իրավիճակները՝ երբ վիզաների ուշացման պատճառով ձախողվել են մեկնումները, վերադարձված տոմսերի հարցում ֆինանսական կորուստներ են եղել, աշխատանքի բերումով տարեկան մի քանի անգամ ԵՄ մեկնողները ամեն այցին հարկադրված են նոր վիզա ստանալ և այլն, և այլն: Իսկ ԵՄ երկրների Հայաստանում հավատարմագրված հյուպատոսությունների ներկայացուցիչները լսում էին և, հավարտ կոնֆերանսի, պարզվեց, որ ոչ միայն չեն նեղացել, այլև շատ օգտակար են համարում նրանց դիտարկումները, որ կօգնի աշխատանքն ավելի արագ ու արդյունավետ դարձնել՝ օրենքի շրջանակներում, իհարկե: