Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Խիդաշելիի այցը Հայաստան և նշել, որ նման մակարդակի այցելությունները նպաստում են երկու հարևան պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության զարգացումը պաշտպանական ոլորտում, որը կամրապնդի և երկու պետությունների, և տարածաշրջանի անվտանգությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական դժվար իրավիճակի հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցությունը դարձել է ոչ միայն արդիական, այլև հրամայական: Տիկին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և խաղաղության ապահովումը: