ԼՂՀ ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է, որ Ռոբերտ ՈՒոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձևերի նախագծերի ընդգրկումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում լուրջ անհանգստություն է առաջացրել Ղարաբաղի հանրային շրջանակներում և ԱԺ քաղաքական ուժերի մոտ: «Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի և կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձևակերպումները: Ակնհայտ է, որ նշված զեկույցները և նախագծերը՝ ԵԽԽՎ նորմերի և սկզբունքների խախտմամբ, կազմվել են միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում: Խմբակցությունները նշել են, որ Ադրբեջանի և Ղարաբաղի զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին «Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձևերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլև կարող է ընկալվել որպես հակամարտությունն ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ», ընդգծելով, որ «ցանկացած կողմնակալ, միջազգային միջնորդների հետ չհամաձայնեցված գործողություն կարող է խախտել այն փխրուն հավասարակշռությունը, որը ներկայիս լարված իրավիճակը բաժանում է լայնամասշտաբ պատերազմից»։ «Նկատի առնելով վերոնշյալը և ընդունելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավական պետության և օրենքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց, մենք՝ ԼՂՀ ԱԺ բոլոր պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ լինել Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը և զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից», - ասված է հայտարարությունում։