Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Չինական Սպիտակ գիրքը 21-րդ դարի համար

Չինական Սպիտակ գիրքը 21-րդ դարի համար
20.11.2015 | 00:18

«Հայ-չինական համագործակցությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման չինական նախաձեռնության լույսի ներքո». այս թեման էր քննարկվում նոյեմբերի 16-ին ՉԺՀ դեսպանատան ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած կոնֆերանսում:
Նախքան քննարկումը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի.

-Մենք ի՞նչ ենք ակնկալում Մետաքսի մեծ ճանապարհից, ռեա՞լ ծրագիր է, թե՞ քաղաքական:
-Ռեալ է՝ լինելով ՉԺՀ կառավարության որոշումը: Եթե լիներ փորձագետների առաջարկ կամ ցանկություն, շատ կարևոր կլիներ, բայց կա կառավարության որոշում, դրանով ամեն ինչ ասված է:
-Ռեա՞լ է Հայաստանի ընդգրկումը:
-Մետաքսի ցամաքային ճանապարհը անցնում է Իրանի հյուսիսով, և մենք շանսեր ենք ստանում: Այլ հարց է՝ կօգտագործե՞նք մեր շանսերը, թե՞ ոչ: ՉԺՀ տնտեսությունն այսօր առաջին կամ երկրորդ տնտեսությունն է աշխարհում, հաջողությունները ակնհայտ են: Նրանք ասում են՝ տնտեսությունը բաց է, բաց շուկայական հարաբերություններ են, աշխարհում համագործակցություն պետք է լինի:
-Հնարավո՞ր է, որ Չինաստանը ֆինանսավորի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:
-Կասկած չունեմ, որ ֆինանսական հնարավորություն կա, Հայաստանի համար դա թանկարժեք ծրագիր է, բայց ոչ Չինաստանի: Մենք պետք է բացատրենք երկաթուղու կարևորությունը, անհրաժեշտությունը հենց Մետաքսի ճանապարհի համար, տնտեսական շահավետությունը, քաղաքական նշանակությունը:
Բացելով կոնֆերանսը՝ Ստեփան Գրիգորյանը բնական համարեց, որ տնտեսապես մեծ հաջողություններ ունեցող պետությունները նաև մեծ ծրագրեր են ունենում, ինչպես Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծումը: Ի՞նչ առնչություն կարող է Հայաստանն ունենալ Մետաքսի մեծ ճանապարհին, ի՞նչ հնարավորություններ կստանա, ի՞նչ է պետք Չինաստանին Հայաստանից և Հայաստանին՝ Չինաստանից: Աշխարհի տարբեր հատվածներով սպառազինման ու կոնֆլիկտների համապատկերում պարոն Գրիգորյանը կարևորեց ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հայտարարությունը՝ կրճատել չինական բանակը 30000 զինվորով, որ կարևոր մեսիջ է օրեցօր սպառազինվող աշխարհին: ՀՀ-ում ՉԺՀ դեսպան ԹԻԱՆ ԷՐԼՈՒՆԸ չին-հայկական համագործակցությունը Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման հարցում համարեց շատ հետաքրքիր և հեռանկարային: Նա հիշեցրեց, որ ավելի քան 2000 տարի առաջ եվրասիական մայր ցամաքի աշխատասեր ու համարձակ ժողովուրդները առևտրի և հաղորդակցության մի քանի ճանապարհներ էին բացել՝ Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի հաղորդակցության համար։ Հետագայում այդ ճանապարհներն անվանվեցին Մետաքսի մեծ ճանապարհ և հարյուրամյակներ ու հազարամյակներ սերնդից սերունդ էր փոխանցվում։ Մետաքսի մեծ ճանապարհի հիմնական արժեքը համարվում են խաղաղությունը և համագործակցությունը, հանդուրժողականությունը, փոխօգնությունն ու փորձի փոխանակումը, փոխադարձ շահը և ընդհանուր շահույթը: Դեսպանի գնահատականով՝ այդ ճանապարհը նպաստել է քաղաքակրթության տարածմանը, հարակից երկրների զարգացմանը, դարձել է Արևելքի ու Արևմուտքի շփման խորհրդանիշ: Նա հիշեցրեց 2013-ի հոկտեմբերին ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի Կենտրոնական ու Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ այցի ժամանակ արված առաջարկը՝ համատեղ ստեղծել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և ծովային ճանապարհը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», որը միջազգային հանրության մեծ ուշադրությանն արժանացավ: Դեսպանի գնահատմամբ՝ առաջարկը պատասխանն էր ժամանակակից մարտահրավերներին, համաշխարհային տնտեսության վիճակին և տարածաշրջանային զարգացումներին: Սա ինտեգրման գործընթացներն արագացնելու չինական նախագիծ է Եվրասիական մայր ցամաքում: Իբրև նախաձեռնող Պեկինը հատուկ պատասխանատվություն է զգում ծրագրի իրականացման համար: Չինաստանի պետխորհրդի նախագահ Լի Կեցյանը ՉԺՀ-ACEAH ցուցահանդեսի բացմանն ընդգծել է, որ պետք է ձևավորել ծովային Մետաքսի ճանապարհ՝ ACEAH-ի երկրների մասնակցությամբ ստեղծելով ռազմավարական հենակետեր՝ ներքին տարածաշրջանների համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը կնպաստի Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող երկրների տնտեսական զարգացմանը, քաղաքակրթությունների շփումներին, խաղաղության ամրապնդմանը մոլորակի վրա:
Հայաստանում ՉԺՀ դեսպանատան խորհրդական ԼՈ ՇԻՍՅՈՒՆԸ մանրամասն ներկայացրեց Չինաստանի քաղաքականությունը Մետաքսի ճանապարհի վերստեղծման հարցում: Ծավալուն հիմնավորումները նաև գրքույկի տեսքով բաժանվեցին կոնֆերանսի մասնակիցներին: Լո Շիսյունը ասաց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» համակարգային նախագիծ է, որ պահանջում է համատեղ խորհրդակցություններ, կառուցում և օգտագործում: Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող պետությունների հետ պետք է համաձայնեցնել ազգային զարգացման ռազմավարությունները: Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը պահանջում է առավել սերտ կապեր հաստատել Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի երկրների միջև և պատմական նոր աստիճանի բարձրացնել այդ երկրների փոխշահավետ համագործակցությունը: Դեսպանատան խորհրդականը ՉԺՀ կառավարության մշակած ծրագրով՝ նախ գնահատեց ժամանակը՝ նշելով, որ աշխարհը խոր ու բարդ փոփոխությունների մեջ է, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը շարունակում է խորքային ներգործությունը, համաշխարհային տնտեսությունը դանդաղ է վերականգնվում, մեծ փոփոխություններ են հասունանում միջազգային առևտրաներդրումային համակարգում և բազմակողմ ներդրումների ու առևտրի կանոններում: Առանձին երկրներ զարգացման ճանապարհին բախվում են լուրջ պրոբլեմների հետ, իսկ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը պատասխանն է ժամանակակից աշխարհի բազմաբևեռության կոչին, տնտեսության գլոբալացմանը և մշակութային բազմազանության և հասարակության տեղեկացվածությանը:
Լո Շիսյունը ներկայացրեց Մետաքսի մեծ ճանապարհի համատեղ ստեղծման սկզբունքները՝ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, պահպանել խաղաղ գոյակցության հինգ սկզբունքները՝ սուվերենիտետի և տարածքային ամբողջականության, չհարձակման, միմյանց ներքին գործերին չխառնվելու, հավասարության և փոխշահավետության, խաղաղ համագործակցության, և հիմնական հայեցակարգերը: Նախաձեռնությունը ուղղված է համակողմանի գործարար համագործակցությանը, կոչված է ձևավորել շահերի, պատասխանատվության ու ճակատագրի ընդհանրություն, որին բնորոշ են քաղաքական փոխվստահությունը, տնտեսական ինտեգրումն ու մշակութային տոլերանտությունը: Մետաքսի ճանապարհը Չինաստանից անցնում է Կենտրոնական Ասիա, Ռուսաստանից Եվրոպա (մինչև Բալթիկ ծով), Չինաստանից Կենտրոնական ու Արևմտյան Ասիայով մինչև Պարսից ծոց և Միջերկրական ծով, Չինաստանից Հարավ-Արևելյան Ասիա, Հարավային Ասիա և Հնդկական ծով ուղղություններով: Ծովային Մետաքսի ճանապարհի հիմնական ուղղություններն են՝ Չինաստանից՝ Հարավ-Չինական ծովով դեպի Հնդկական օվկիանոս ու Եվրոպա, չինական նավահանգիստներով՝ Հարավ-Չինական ծովից Խաղաղ օվկիանոս: Նոր մայրցամաքային կամուրջ է ստեղծվում Եվրոպայի ու Ասիայի միջև, Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան, Չինաստան, Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա, Չինաստան-Հնդկաչին միջազգային տնտեսական համագործակցության միջանցքներ: Չինաստանի կառավարությունն ընդունում է, որ նշանակալից տարբերություններ կան Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող պետությունների կենսամակարդակի և բնական ռեսուրսների միջև և առաջարկում է համագործակցություն հինգ սկզբունքներով՝ քաղաքական կոորդինացիա, ինֆրակառույցների փոխկապակցվածություն, առևտուր առանց դադարների, կապիտալի ազատ տեղաշարժ և ժողովուրդների մերձեցում: Լո Շիսյունը խոսեց նաև Մետաքսի մեծ ճանապարհին համագործակցության մեխանիզմների ու տարածաշրջանային համագործակցության առանձնահատկությունների մասին: Հավարտ նա նշեց, որ Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնումը ոչ միայն Չինաստանի նախաձեռնությունն է, այլև Չինաստանի և այդ ճանապարհին գտնվող մյուս երկրների ցանկությունը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ներկայացրեց Չինաստանի և Հայաստանի ներկա համագործակցությունը և հայ-չինական հարաբերություններն անվանեց դինամիկ զարգացող, հիշատակեց բարձրամակարդակ այցերը Պեկին, որոնց ընթացքում կարևոր համաձայնագրեր են կնքվել: Արևելքի և Արևմուտքի ճանապարհներին գտնվող Հայաստանը՝ փոխնախարարի կարծիքով՝ իր տնտեսական առաջարկներն ունի Պեկինին, նշվեց Չինաստանի հետ ուղիղ ավիաչվերթի մասին: Նրա գեղեցիկ խոսքից երևաց, որ ընդհանուր օրակարգ կամ չկա, կամ փոխնախարարը չի ցանկանում այդ մասին խոսել:
Հայ-չինական համագործակցության հեռանկարների մասին առևտրատնտեսական, մշակութային ու կրթական, տարածաշրջանային համագործակցության ոլորտներում խոսեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր ԳԱՅԱՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Արսեն Ղազարյանը նշեց, որ ծովային Մետաքսի ճանապարհը նույնքան շահավետ է Հայաստանի համար և արդեն նպաստել է ապրանքաշրջանառության մեծացմանն ու ամփոփեց, որ «հայկական շուկան ագրեսիվ պատրաստ է համագործակցության»: Գայանե Գասպարյանը խոսեց հումանիտար համագործակցության մասին, նշեց, որ համալսարանում գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտը՝ առաջինը տարածաշրջանում: Վազգեն Սաֆարյանն ասաց, որ Չինաստանը ՌԴ-ից հետո Հայաստանի առևտրատնտեսական երկրորդ գործընկերն է ու խոսեց ՉԺՀ-ի տնտեսական հաջողությունների և այսօրվա տնտեսական բարեփոխումների մասին: Կարեն Մարտիրոսյանը կարևորեց Չինաստանի նահանգների հետ աշխատանքը, ապրանքների ցուցահանդեսներն ու մարդկանց շփումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. -«Մենք կանք այդ ճանապարհին»՝ ականջներիս մեջ Ստեփան Գրիգորյանի խոսքն է, որ քանիցս հնչեց մի քանի ժամ տևած կոնֆերանսի ընթացքում: Մասնակիցները երկար քննարկում էին, թե ինչո՞վ է Չինաստանը հետաքրքիր Հայաստանին, ու ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր Չինաստանին, առաջադրում էին իրենց տարբերակները՝ երբեմն գործնական, երբեմն ռոմանտիկ, և դա էր բուն քննարկման իմաստը: Իսկ ես մտածում էի՝ Չինաստանը աշխարհին առաջարկում է նոր համակեցության մոդել, որի պարտադիր պայմանը խաղաղությունն ու համագործակցությունն է: Հայտնի է, որ առևտուրը պատերազմի հետքերով չի գնում: Չինաստանը քաղաքական ոչ մի պայման չի դնում, ասում է՝ շահավետ առևտուր ու զարգացում՝ ինֆրակառույցներ, ճանապարհներ, նավահանգիստներ ու երկաթուղիներ, աշխատատեղեր, մշակութային փոխգործակցություն, ասում է հանդարտ ու հիմնավոր, այնպես, որ «ոչ» ասելու հիմնավոր պատճառաբանությունների տեղ չի թողնում, բայց կարո՞ղ է այսօր աշխարհը «այո» պատասխանել: Սա է խնդիրը: Չափազանց շատ չե՞ն պետությունների միջև ու տարածաշրջանների միջև բաժանարար գծերը, որպեսզի վերականգնվի խաղաղություն ու բարեկեցություն բերող Մետաքսի մեծ ճանապարհը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» սկզբունքով: Ժամանակի մեջ Պեկինը կամ կիրագործի իր ծրագիրը, կամ կընդունի, որ ինքն ամեն ինչ արեց, բայց պարտադրված երջանկություն աշխարհում չի լինում:

Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ