Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Սպասե՞նք նոյեմբերի 20-ին, թե՞ ասված է՝ ինչ ասված է

Սպասե՞նք նոյեմբերի 20-ին, թե՞ ասված է՝ ինչ ասված է
18.11.2015 | 20:20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս սկսել է հարցազրույցներ տալ միայն արտասահմանյան լրատվամիջոցներին: Հարց է՝ նրա տեսակետներով ու անձով հետաքրքրությունը արտասահմանում ինքնաբու՞խ է, թե՞ բխում է Քոչարյանից և պարզապես լուծում է Հայաստանում նրա խոսքին լրացուցիչ կշիռ հաղորդելու խնդիրը: «Ազատության» բելառուսական ծառայությանը տրված և միայն մասնակի հրապարակված հարցազրույցին հետևեց գերմանական Դոյչե Վելլե հեռուստառադիոընկերությանը տրված և առայժմ դարձյալ մասնակի հրապարակած հարցազրույցը, որ երկու օրից կհրապարակվի ամբողջությամբ, DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանին: Հրապարակված հատվածը վերաբերում է երեք հարցի՝ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, սահմանադրական հանրաքվեն, ԵՏՄ ինտեգրումը:

Սահմանադրության հատվածում Ռոբերտ Քոչարյանը բացահայտորեն շատ ավելի մեղմ է խոսել, քան նախկինում, նա հայեցակարգային, սկզբունքային սխալների մասին է նշում՝ «Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»: Տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ վախենում է ինչ-որ կորուստ ունենալ, կամ՝ չստանալ իրեն հասանելիքը, եթե շարունակի նախկին տոնով ու տեմպով քննադատել ՀՀԿ-ին ու ՀՀԿ նախագահին: Հայտնի չէ՝ այս թեմայով Աշոտ Գազազյանը այլ հարցեր տվե՞լ է, թե՞ գերմանացիներին առանձնապես չի հետաքրքրում ՀՀ երկրորդ նախագահի անձնական քաղաքական ճակատագիրը, նրա վերաբերմունքը հայկական քաղաքական դաշտի մետամորֆոզներին ու հեռանկարին:
Որևէ նոր գնահատական չի հնչել և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության անցած ժամանակի ու փաստի վերաբերյալ: Նա արձանագրել է հայտնի վիճակի հայտնի պատճառները՝ ինչու՞ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Եվ՝ Հայաստանի մեղքն է տեսել՝ «Մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր: Այսինքն ուր էլ որ անդամակցես քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է էֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ»:
Դատելով եվրաինտեգրմանը վերաբերող հարցի պատասխանից՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է սպասումներ ունենալ Ռուսաստանից շատ ավելի, քան՝ Եվրոպայից: Եվ նորից մեղադրում է իշխանությանը, որ եվրաինտեգրման ձևն ու ժամանակը ճիշտ չէր ընտրել՝ «որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս այդ աշխարհաքաղաքական զգայունությունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/»: Նա խոսում է նաև Հայաստանի հեղինակությանը հասցված վնասի մասին՝ մեկ օրում ընդունված որոշման պատճառով: Հետաքրքիր է, իսկ Հայաստանի Հանրապետութան հեղինակությունը աճե՞ց, երբ Հայաստանն իր գույքը պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին, երբ շարքով Հայաստանի արտադրական հզորությունները հայտնվեցին ռուսական ընկերությունների տնօրինության տակ: Եվրոպան երևի հրճվանքից համրացել էր: Իսկ մարտի մեկին ՀՀ հեղինակությունը թերևս թռիչք գրանցեց, երբ ՀՀ տաս քաղաքացիներ տուն չվերադարձան, Ռուսաստանը, իհարկե, գնահատեց իշխանության՝ հարցեր լուծելու վճռականությունը:
Միակ նորությունը հարցազրույցում հայտնվել է ԼՂՀ-ին վերաբերող հատվածում՝ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, թե համանախագահներին և մեղադրում է Բաքվին՝ «Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում»: Հետո ընդամենը թեթևակի քննադատում է գերագույն գլխավոր հրամանատարին՝ «եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություններն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն: Մի իրավիճակ է, որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն, և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է»: Ամենաէական հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է երեք բառով՝ «Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում» ասել է նա, երբ Աշոտ Գազազյանը հարցրել է. «Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Ո՞րտեղ է խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ»: Սա չի նշանակում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, որ տաս տարի բանակցել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող նախագահների ու ՄԽ համանախագահների հետ, դեմ է Մոսկվայի կամ Վաշինգտոնի մասնակցությանը, բայց նշանակում է, որ կողմ է Ստեփանակերտի բանակցային սեղան վերադառնալուն: Ով էլ սա ասեր՝ Իլհամ Ալիևից բացի, զարմանալի չէր լինի, զարմանալի է, երբ ասում է մարդը, ով Ստեփանակերտին գործնականում հեռացրեց բանակցություններից՝ համարելով, որ ինքը լավագույնս կարող է իր հայրենիքը ներկայացնել ու պաշտպանել: Գուցե Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ դեռ չէր ընկալում՝ ի՞նչ է նշանակում լինել ՀՀ նախագահ: Միակ նորությունը DW-ին հարցազրույցում այս երեք, փաստացի՝ մեկ բառն է, մնացածը հայտնի ու հասկանալի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ գնահատական կտար ինքն իրեն Ռոբերտ Քոչարյանը, եթե նայեր կողքից: Հաստատ մտածելու էր՝ ո՞վ է հնարել հայելիները և ինչու՞ է հանդուրժել, որ իրեն խաբեն: Կամ էլ՝ ի՞նչ անել, որ կողքից երևա միայն կողքը և ուրիշ ոչինչ: Սպասենք նոյեմբերի 20-ին:

Դիտվել է՝ 1487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ