ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)
28.01.2014 | 15:42

Վերջերս կոմպոզիտոր և ռոք երգիչ Այդին Դավուդին հանրության դատին հանձնեց «Aidin Davoudi ArTa» ռոք խմբի առաջին` «Old moon» («Լիալուսին») տեսահոլովակը: Երգը գրել է Այդին Դավուդին, խոսքերի հեղինակը ամերիկացի ստեղծագործող է, ով ազատ օգտագործման իրավունքով Այդինին է նվիրել իր բանաստեղծությունը: Խոսքերը Այդինի և խմբի բասկիթառահարի կողմից փոքրիկ փոփոխությունների են ենթարկվել: Նշենք, որ Այդին Դավուդին հեղինակել է մի շարք դաշնամուրային պիեսներ, սոնատներ դաշնամուրի և ֆլեյտայի համար, ջութակի կոնցերտ, մի շարք երգչախմբային գործեր և երգեր դասական վոկալի համար, մեկ դասական սիմֆոնիկ ռոք-օպերա և կինոերաժշտություն: Նա է գրում իր`«Aidin Davoudi ArTa» խմբի բոլոր երգերը: Irates.am-ը զրուցել է Այդին Դավուդիի հետ` առաջին տեսահոլովակի առիթով:

՞նչը գրավեց քեզ այդ բանաստեղծության մեջ, ինչո՞ւ որոշեցիր այն օգտագործել քո երաժշտության համար:

-Ալեգորիան` այլաբանությունը: Երբ կարդում ես խոսքերը, կարծում ես թե կորցրած սիրո մասին է, բայց բոլորովին այդպես չէ: Զգացողությունս ասում է, որ այն մարդու մասին է: Մարդու, ով կորցրել է իր ինքնությունը: Տեքստի մեջ հենց դա ինձ գրավեց, դրա համար էլ ավելացրինք խոսքեր, որոնցով մարդը դիմում է Աստծուն, այսինքն` ինքը փրկություն և ներողամտություն է հայցում Աստծուց, ևս մեկ շանս:

-Երգի տեքստի ապրումները նմանեցնում ես քո՞ ապրումներին: Կա՞ զուգահեռ քո ապրածի և երգի խոսքերից հաղորդվողի միջև:

-Միանշանակ: Ցանկացած գործ գրելուց առաջ պետք է վերապրեմ այն, եթե կա բանաստեղծություն: Եթե չկա, ստեղծում եմ` միաժամանակ ապրելով տվյալ գաղափարը:

-Սովորաբար տեսահոլովակներում ձգտում են շատ գույներ, գործողություններ ներառել` գուցե երգը ավելի մատչելի դարձնելու համար: «Old moon»-ի տեսահոլովակը, դրանց համեմատությամբ բավականին պարզ է, գույները քիչ են, գործողությունները` կարծես թե սակավ: Ո՞վ է ռեժիսորը և արդյո՞ք դու դեր խաղացել ես ռեժիսուրայի մեջ:

-Ռեժիսորը Վասիլ Շահբազյանն է իր տիկնոջ հետ: Տեսահոլովակի ողջ գաղափարը Վասիլինն էր, ինձանից պահանջվում էր այն, որ իմ ապրումները փոխանցեմ իրենց: Թեման հենց դա էր պահանջում` քիչ գործողություններ և ավելի շատ խոսք: Խոսք` բառերով և խոսք` ապրումներով: Վասիլը կարևորում էր իմ մենախաղը տեսախցիկի հետ` ինչպես եմ ինքս ինձ հետ մտնում զրույցի մեջ: Թե որքանով կարողացա դա ստանալ, կդատի հանդիսատեսը: Այդ էր պատճառը, որ նկարեցինք հնարավորինս համեստ ու քիչ գույներով: Գույները կարող էին խանգարել խոսքի գործողությանը:

-Զգացողության հետ կապված մի հարց` ես երգիչ չեմ, բայց երբ երգում եմ, ինձ թվում է, թե թռչում եմ: Ի՞նչ զգացողություն ունես դու երգելիս:

-Ինձ մոտ ոչ միայն շարժում կա դեպի վեր, այլ նաև դեպի վար: Նայած թե այդ պահին ինչ եմ երգում, ինչի մասին եմ երգում և ինչու եմ երգում: Բնականաբար, տվյալ զգացողությունը, որ ասացիք, կա` դեպի վեր: Վեհի զգացողությունը, որ զգում ես դու ես այդ կենտրոնը, որից հորդում են երաժշտությամբ և խոսքերով փոխանցվող զգացմունքները: Բայց միաժամանակ կա նաև շարժում դեպի վար: Այսինքն` ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ առաքելություն ունես, ինչ զգացմունքներ ես փոխանցում:

-Այդին, միշտ ասում ես, որ քեզ ավելի շատ կոմպոզիտոր ես համարում, քան երգիչ: Ինչո՞ւ:

-Ամեն մեկը տիեզերքում ծնված է որոշակի առաքելությամբ: Երբ հետ եմ գնում և հիշում եմ ինձ ավելի վաղ տարիքում, ուրիշ նպատակ չեմ ունեցել բացի կոմպոզիտոր դառնալուց, երաժշտություն ստեղծելուց, արարելուց: Հիշում եմ` փոքր ժամանակ ասում էի, որ ուզում եմ Բեթհովեն դառնալ, որպեսզի կարողանամ և ստեղծել, և չափ տալ (ժպտում է): Ես իմ առաջին միսիան դա եմ համարում: Եվ եթե ինչ-որ բան կարողանամ անել որպես երգիչ, պրոդյուսեր կամ անգամ որպես դերասան, միանշանակ շնորհիվ կոմպոզիցիայի է լինելու, շնորհիվ ստեղծագործական ոգու: Դրա համար շնորհակալ եմ տիեզերքին:

-Ես ծանոթ եմ քո ռոք երգերին, բայց գիտեմ, որ դասական երաժշտություն էլ ես գրում: Դասականի մե՞ջ ես քեզ ավելի շատ գտնում, թե՞ ռոքի:

- Միանշանակ դասականի: Մասնագիտությամբ դասական կոմպոզիտոր եմ և ինչպես ասացի` առաջին տեղում կոմպոզիցիան է ինձ համար: Ռոքը իմ աշխարհընկալումն է և զգացողությանս վերարտադրումը, իսկ երգեցողությունը իմ արտահայտման միջոցն է, սակայն ամեն ինչը կարծես բացվում ու նշանակություն է ստանում կոմպոզիցիայի մեջ: Եվ, բնականաբար, այդ ամենը ինձ տրվում է դասականի շնորհիվ: Չմոռանանք, որ երաժշտության բոլոր ոճերը դասականից են բխում:

-Վերջին տարիներին Հայաստանում կրկին ռոքի նկատմամբ հետաքրքրություն է սկսվել, տարբեր ակումբներում ռոք երաժշտություն է հնչում: Այս ֆոնին նոր սերնդի մի հատված նույնիսկ կարող է թվալ թե ծայրահեղացնում է իր սերը ռոքի նկատմամբ, որին զուգահեռ կա հասարակության մի շերտ, որը չի ընկալում այն և ավելի շատ սևի մեջ է տեսնում ռոքը:

-Սկսեմ նրանից, որ չկա վատ, չկա անճաշակ, սխալ և սուտ երաժշտություն: Այդ բոլորը կապված է մեր ընկալման հետ: Այն, ինչ չընկալեցինք, բայց չվախեցանք, անվանեցինք Աստված: Այն, ինչ չընկալեցինք, բայց վախեցանք, անվանեցինք սատանա: Ամբողջ հարցը ընկալման մեջ է: Մենք ինչ որ չենք կարողանում ընկալել-վերլուծել, ասում ենք` սխալ է: Սխալ է, սուտ է, ճիշտ չէ, ասում ենք` ամոթ է: Իսկ այն, ինչ կարողանում ենք ընկալել, ասում ենք` ճիշտ է: Նույնն էլ երաժշտությանն է վերաբերում: Եթե մենք չենք կարողանում մարսել, չենք կարողանում ընկալել, իրավունք չունենք ասել, որ վատ է: Մի քիչ պարզունականացնում ենք մեր էությունը նման ձևակերպումներով: Չեմ հերքում փաստը, որ Հայաստանում կամ այլ երկրներում կա շեղվածություն` երաժշտական աղանդներ, բայց դա չի կարող դիտվել որպես ամբողջություն: Նույն մտայնությամբ կարող ենք վերաբերվել ցանկացած այլ բանի: Նույն ձևով կարող ենք, այսպես ասած, սխալ հանել աղանդը և միաժամանակ հոգևորը: Նման մտայնությամբ, օրինակ, կարող ենք շատ ջուր խմել ու մեռնել, կարող ենք շատ աղոթել ու հետ մնալ կենցաղից, կարող ենք ֆանատ լինենք, կարող ենք ծայրահեղ ճակատագրապաշտ լինել, լինել աստվածապաշտ ու աստվածավախ և չորս պատերից դուրս չգալ: Ցանկացած ծայրահեղությունն է վատ:

Ռոքի միջոցով քո ամբողջ բողոքը, կռիվը, ընդվզումը կարող ես արտահայտել: Ռոքը ընդվզման երաժշտությունն է, կռվի, պայքարի, ընդդիմանալու արտահայտման ձև է: Որպես ռոք երգիչ իմ գաղափարախոսությունը հետևյալն է` բողոքել և ընդվզել այն ամենի դեմ, ինչը որ սխալ եմ համարում: Լինի սով թե պատերազմ, լինի քաղաքականություն, կենցաղ, ցանկացած բան:

-Քանի որ Աստծուց և հոգևորից խոսեցինք, ի՞նչ է Աստված կամ ո՞վ է Աստված քեզ համար: Աստված ասելով ի՞նչ ես հասկանում:

-Աստվածայինի հիմքում էսթետիկան է` գեղագիտությունը: Այն ինչ ինձ գեղեցիկն է հուշում, սեր է հուշում, խաղաղության է բերում, անդորր է ստեղծում, կայունության է տանում, ինձ համար Աստված է: Դա լինի սիրած աղջիկը, լինի ծաղիկը, լինի երաժշտությունը, լինի փոքրիկ ընտանի կենդանին: Ի վերջո, ասում ենք, չէ՞, որ մենք Աստծո մասնիկներն ենք:

-Ուրեմն` այսօրվա աշխարհը ինչպե՞ս ես ընկալում, ինչպիսի՞ն է այսօր Երկիր մոլորակը:

-Մեղքով լի, բարոյական աղբով լի, անմխիթար և պայթյունավտանգ:

-Իսկ ո՞րն է այդ բարոյական աղբի պատճառը, ըստ քեզ:

-Այսպես ասած, ինքնահավատքի բացակայութունը: Այսինքն` մարդիկ, նախևառաջ, իրենք իրենցից են հեռացել, իրենց առաքելությունից, որովհետև մեզանից յուրաքանչյուրի էությունն է Աստված:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Old Moon ( Aidin Davoudi "ArtA" ) Official Video
Դիտվել է՝ 3765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ