Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«ՈՒզում եմ, որ 2014-ին` Ձիու տարում, բոլորս, ձիերի վրա նստած, գնանք դեպի արևը»

«ՈՒզում եմ, որ  2014-ին` Ձիու տարում, բոլորս, ձիերի վրա նստած, գնանք դեպի արևը»
24.01.2014 | 13:59

«Իրատես de facto»-ի հյուրը երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱՄՈՆ է: Հունվարի 24-ը Արամոյի ծննդյան օրն է, ինչի առթիվ շնորհավորում ենք նրան և մաղթում ամենագեղեցիկն ու լավագույնը անձնական և ստեղծագործական կյանքում:

«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ՄԻ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՀԵՏԻՆ ՊԼԱՆ ՄՂԵՑԻ, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅԱՆԸ»


-Արամո, նախորդ տարին քո կյանքում կարելի է կոչել կինոտարի: Նախ՝ խոսենք «Սպիտակ գառան երազը» ֆիլմի մասին, որում դու խաղացել ես գառնարած-Հուդայի կերպարը: Սպիտակ գառան սպանդին հակադրվում են բնապահպան ակտիվիստները, որոնք գրոտեսկային երանգավորմամբ են հանդես բերված: Գառ վաճառողի քո կերպարում ավելի մեծ ողբերգականություն կա, քան նրանց տրաֆարետային աղմուկի մեջ: Ինչպե՞ս ստացաք այս լուծումը:
-Այս հարցը երևի պետք է տայիր ֆիլմի ռեժիսոր, իմ լավ ընկեր Հրանտ Վարդանյանին: Բայց փորձեմ պատասխանել: Շատ էքսպրոմտ եղավ ֆիլմը: Հրանտն ինձ պատմեց իր մտահղացման մասին, ես էլ, քանի որ արագ բռնկվող մարդ եմ, իսկույն ոգևորվեցի, որովհետև ինձ տեսա այդ աշխատանքում: Ֆիլմը, իրոք, գրոտեսկի մեջ է արված: Ես այդ ֆիլմում որոշ չափով նաև որպես պրոդյուսեր եմ հանդես եկել, ֆինանսական հարցեր եմ լուծել: Ֆիլմի համար պահանջվող գումարը հավաքվեց մատաղի փողի նման: Անուններ չտամ, բայց շնորհակալությունս հայտնեմ բոլոր իմ ընկերներին, ովքեր աջակցել են այս գործում: Մեր օրերում երբ ինչ-որ մեկը մեկենասություն է անում, անպայման իր այս կամ այն բարեկամին, երեխային փորձում է խցկել տվյալ գործի մեջ, պահանջում, որ նա որևէ դեր խաղա, որևէ ֆունկցիա կատարի: Այս դեպքում նման բաներ չեղան, փա՜ռք Աստծո: Մեզ ոչինչ չպարտադրեցին գործարարները, ֆիլմի վրա ներդրում արած անձնավորությունները: Ֆիլմը հիմա ապրում է իր կյանքով, մասնակցում է փառատոների և՛ մեզ մոտ, և՛ դրսում: Իսկ իմ և բնապահպանների կերպարների լուծումները ռեժիսորի մոտեցմամբ էին հիմնականում պայմանավորված:
-Եղան նաև այլ կինոդերեր, պատմիր դրանց մասին:
-Այո՛, ես երգից հեռացել էի և հիմնովին տրվել կինոյին անցնող տարում: Եթե շարունակեի երգել, ապա գործս թերի կանեի կինոյում: Հնարավոր չէր ուղեղիս մի կիսագնդով երգի մեջ լինել, մյուսով` կինոյի: ՈՒնեմ, իհարկե, չորս երգ, որոնք գրվել են այդ ընթացքում: Նպատակ ունեմ լույս աշխարհ հանելու դրանք այս տարի: Ձայներիզ թողարկելն այսօր արդեն ակտուալ չէ: Երգը հանրությանը հասցնելու նոր ուղի պետք է գտնել: Տեխնիկան այնքան է զարգացել, որ մարդիկ ձայներիզ չեն լսում: Մտածում եմ տեսահոլովակի կամ փոքրիկ ֆիլմի տեսքով երգը հասցնել հանդիսատեսին: Ինչ վերաբերում է կինոյին, ասեմ, որ «Սպիտակ գառան երազից» առաջ մի էպիզոդիկ դեր եմ խաղացել «Գարեգին Նժդեհ» ֆիլմում` Հրաչ Քեշիշյանի առաջարկով: Մյուս աշխատանքս եղել է «Դիպուկահարը» ֆիլմում: Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմ է, նկարահանվում է «PEH TB»-ի պատվերով: Ես թալիբի դեր եմ կատարում: Կերպարս խիստ բացասական է, խաղում եմ նարկոբարոն Իդրիսի դերը: Նարկոթրաֆիքինգի թեման է ֆիլմում, Աֆղանստանի սահմաններում են ծավալվում իրադարձությունները, ֆինալում «սպեցնազ»-ի բարի տղաները համախմբվում են և վնասազերծում հանցագործներին: Ֆիլմը չորս մասից է բաղկացած, բայց սերիալ չէ:
-Բազմասերիանոց գեղարվեստական ֆի՞լմ է:
-Այո՛: Յուրաքանչյուր սերիան 45 րոպե է տևում: Շատ ճիշտ ձևաչափ է ընտրել ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: Շատ լավ դերասանական կազմ է հավաքված ֆիլմում: Այսպես ավարտեցի տարին, և հիմա` Ձիու տարում, ձին հեծած գնում եմ` նոր գործերի, նոր ծրագրերի սպասումով:
-Դրանք և՞ս կինոյի հետ են առնչվում:
-Նաև` կինոյի հետ: Բայց մի կարևոր գործ պիտի իրականացնենք. Էմման պիես է գրել, պիտի բեմադրենք այն: Կին-տղամարդ բարդ փոխհարաբերությունների թեման է պիեսի հիմքում` ճիշտ դրամատուրգիայով գրված: Մեր շատ շնորհալի ռեժիսորներից մեկը` Սուրեն Շահվերդյանն է բեմադրում: Նա զարմացած էր, որ այդպիսի պրոֆեսիոնալիզմով է պիեսը գրված: Դերերը կատարում ենք ես և Լուիզա Ղամբարյանը:
-Ո՞ր թատրոնում է այն ներկայացվելու:
-Կարծում եմ` դրամատիկական թատրոնում կլինի, որովհետև այդ թատրոնն իր բեմով, իր աուրայով, իր չորս հարյուր նստատեղով շատ հարմար է նման ներկայացման համար: Սա «Մակբեթի», «Համլետի» կամ այլ մոնումենտալ ներկայացման նման չէ, մոնոներկայացում է: Աշխատանքներն արդեն սկսել ենք: Շատ հետաքրքիր է Լուիզայի խաղը: Չեմ ուզում հիմա շատ գաղտնիքներ բացել: Ընդամենը ասեմ, որ այդ ներկայացման մեջ սեր կա, կիրք կա, կռիվ կա, երկու անծանոթի` կնոջ և տղամարդու փոխհարաբերություններ կան: Մենք ինտենսիվ աշխատում ենք, ընթերցումն արդեն ավարտել ենք, շատ շուտով կսկսենք փորձել միզանսցենները: Կարծում եմ, որ եթե այս տեմպով շարունակենք աշխատել, փետրվարին կլինի պրեմիերան: Դեռ մի քիչ գործ ունեմ անելու «Դիպուկահարը» ֆիլմում. աշխատանքներն ընդհատվել են ձյան պատճառով: Ֆիլմում ձյուն չպիտի լիներ, այդ պատճառով էլ դադարեցրել ենք, աշխատանքները կշարունակենք համեմատաբար տաք եղանակներին: Մի էպիզոդիկ դեր էլ խաղացել եմ եղբորս` Տիգրան Քեոսայանի կատակերգական ֆիլմում: Այսինքն` չորս ֆիլմում եմ նկարահանվել 2013-ին: Իսկ այս տարի կներկայանամ Էմմայի պիեսում, որի աշխատանքները, փաստորեն, նույնպես սկսվել էին 2013-ին:
-Ստացվում է, որ հագեցած տարի էր 2013-ը քո կյանքում: Եվ հագեցած էր հատկապես կինոդերերով: Մի երգ ունես, որում ասում ես. «Ես երգիչ եմ, դերասան` գուցե»: Այսքան կինոդերերից հետո այդ «գուցեն» վերանայելու մտադրություն չկա՞:
-Այդ խոսքերը իմ` Երևանին նվիրված «Բարի երեկո» երգում են: Բանն այն է, որ իմ առաջին մասնագիտությունը դերասանությունն է: Բայց քանի որ ես ամբողջովին երգի մեջ էի, չէի շոշափում դերասանության թեման: Հիմա վերադարձել եմ իմ առաջին մասնագիտությանը: Ճակատագիրն ինձ հանդիպեցրել է Խորեն Աբրահամյանի նման մաեստրոյի հետ: Ես նրա արվեստանոցում եմ ուսանել: Եվ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ կարող եմ նաև դերասան լինել: Երբ ես երգի մեջ եմ, չեմ կարող նաև դերասան լինել: Այդ երկուսն իրար շատ են խանգարում: Իհարկե, «Մալխաս ջազ-ակումբում» ամեն երեկո երգում եմ, երգի հետ այդքանով կապս կա, բայց համերգային գործունեությունս մի որոշ ժամանակով հետին պլան մղեցի, որ վերադառնամ դերասանությանը:
-Ե՞րբ կրկին գերազանցապես կտրվես երգին:
-Այս տարի` փետրվար ամսից հետո, կարծում եմ, կանդրադառնամ երգարվեստին: Ոչ միայն իմ, այլև Էմմայի երգարվեստին: Նախատեսել ենք կազմակերպել Էմմայի համերգը: Նվագակցությունը կլինի լարային կվարտետով և դաշնամուրով: Ռոմանսների երեկո կլինի: Հանդես կգա միայն Էմման: Ես չեմ լինի բեմում: Էմմաս հանդես կգա որպես անհատականություն: Բավական է, չեմ ուզում ամեն անգամ լինել Էմմայի կողքին բեմում, ուզում եմ ինքը մենակ լինի, իր արվեստը, իր խոր անհատականությունը ներկայացնի: Ես, բնականաբար, կլինեմ Էմմայիս կողքին կազմակերպչական բոլոր աշխատանքներում, բայց բեմ չեմ բարձրանա: Իր երազանքն է այդպիսի համերգ ունենալ: ՈՒզում եմ, որ այդ երազանքն իրականանա:
-Իսկ Արամոյի մենահամերգին կարո՞ղ ենք սպասել:
-Այո՛, եթե ես գտնեմ դրանով զբաղվելու ժամանակը: Պիտի գտնեմ այն պահը, երբ կարող եմ իմ մյուս գործերից կտրվել և համերգի նախապատրաստվել, փորձեր անել: Թե ո՞րն է այդ պահը, ժամանակի այդ ինտերվալը, դեռ չգիտեմ: Երևի դա կլինի ամռանը, որովհետև ինքս էլ եմ կարոտել այդ մենահամերգային վիճակին, իմ հանդիսատեսին, որին շատ սիրում եմ:


«ԼԻՔԸ ԲԱՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԻՆՁ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ»


-Ի՞նչ ես ակնկալում 2014 թվականից:
-Բարեկեցություն եմ ուզում իմ ժողովրդի համար: Բնապահպանները հիանալի են գործում, ուզում եմ, որ շարունակեն, կռվեն մեր բնության պահպանության համար: Դեմ եմ կենսաթոշակների հինգ տոկոսի կուտակումներին: Լիքը բաներ կան, որ ինձ խանգարում են ապրել: Ես ուզում եմ ուրախ աչքեր տեսնել: Չեմ ուզում, որ լինի էս գաղթը: Գաղթականի հոգեբանությունն եմ ուզում վերացած տեսնել մեզանում: Ես ուզում եմ, որ պառլամենտում նստածները կոճակ չսեղմեն պարզապես, որ ճիշտ օրենքներ սահմանեն, դրանք սահմանելիս միայն իրենց մասին չմտածեն: Եթե նրանք պառլամենտում են, որ սեփական շահի համար օրենքներ սահմանեն, դա ժողովրդին ոչինչ չի տա: Չեմ ուզում ծեծված բառեր ասել, բայց և չեմ կարող չասել: Ես ցավով եմ սա ասում: Ի՞նչ պիտի անեն, որ արտագաղթը կանխեն: Դարպասնե՞րը պիտի փակեն: Բայց ինչպե՞ս փակեն, երբ մարդն ապրելու սոցիալական նորմալ պայմաններից զրկված է մեր երկրում: Թող նորմալ թոշակ տան մարդկանց: Չգիտեմ` ոնց կանեն, բայց պարտավոր են անել: Մարդիկ արտասահմաններում Նոր տարի դիմավորեցին: Բան չունեմ ասելու, էլի թող դիմավորեն: Բայց թող մտածեն, որ մյուսներին էլ է մայր ծնել, որ միայն իրենք չէ, որ պիտի վայելեն կյանքը, որ յուրաքանչյուր հայ մարդ էլ ուզում է իր երեխայի համար տոն սարքել Նոր տարուն, ոչ թե սառած, վախեցած աչքերով նայել սեփական երեխայի աչքերին ու չիմանալ ինչպես հոգալ նրա տարրական պահանջները: Թող մի պահ մտովի փոխեն այդ մարդկանց հետ իրենց տեղերը և զգան, թե ինչպես է ապրում այս ժողովուրդը: Ժողովուրդը ցայտնոտի մեջ է, իսկ մեր հեռուստատեսությունը պառլամենտի խայտառակ նիստն է ցույց տալիս տարեվերջին, ինչ-որ երգիչ-երգչուհիներ են հանդես գալիս, շոուներ են ցուցադրում: Կարծում եմ, որ 2014-ին մեր նախագահն այս բաների մասին կմտածի ու կփորձի շտկել վիճակը:
-Քանի որ խոսեցիր արտագաղթից, անդրադառնանք այն փաստին, որ երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել Զառա Տոնիկյանը, ում, մեղմ ասած, ջերմ չեն ընդունել: Ինչո՞ւ:
-Ես հակառակ ինֆորմացիան ունեմ: Նա ոգևորվել էր, որ այսքան տարի անց իրեն փողոցում տեսել ու ճանաչել են մարդիկ:
-Խոսքը հանդիսատեսի, երկրպագուների մասին չէ, այլ վերին ատյանների, կոլեգաների: Այդ մասին ընդարձակ հարցազրույց է հրապարակվել «tert.am» կայքում 2013-ի դեկտեմբերի 6-ին` «Բալենի՛, իմ քո՛ւյրն ես դու. Զառա Տոնիկյանը վերադառնում է» վերնագրով:
-Զառան ուրիշ արժեք է: Շատ ուրախ եմ, որ նա եկել է: Նման կուլտուրայի տեր երգչուհի, նման տաղանդի տեր անհատականություն, նման կատարողական արվեստ ունեցող արվեստագետ մեր խղճուկ արաբա-թուրքական շոու-բիզնեսում չկա: Ես սոսկումով եմ նայում այդ մարդկանց: Բոլորը նույն երգն են երգում` տարբեր ռիթմերի մեջ: Անխտիր` բոլորը: Գույն չունեն, ինդիվիդուալիզմ չունեն, տեսակետ չունեն, խարիզմա չունեն: Ես ամաչում եմ: Եվ ուրախ եմ, որ Նոր տարվա հաղորդումների մեջ մասնակցություն չեմ ունեցել, որ ինձ չեն հրավիրել: Ես շատ համեստ մարդ եմ, բայց ուրախացա, որ այդ ամենի մեջ չկամ: Մի պահ նեղվել էի, որ չունեցա ևս մեկ շփում հանդիսատեսիս հետ, բայց հետո փառք տվեցի Աստծուն, որ ես ու Էմմաս այդ ամենի մեջ չենք եղել: Միևնույն է, ես իմ հանդիսատեսն ունեմ: Ստադիոնները, մեծ համերգասրահներն ինձ համար չեն: Ես կամերային արտիստ եմ, ունեմ իմ հավատարիմ հանդիսատեսը, և փառք Աստծո, արդեն երեսուն տարի բեմում եմ ու իմ երկու հազար հանդիսատեսն ունեմ: Շատ շնորհակալ եմ, որ այդ մարդիկ կան, ցանկություն ունեն ինձ լսելու: Ես շատ բան ունեմ դեռ սովորելու, բայց և այնպես արդեն կայացած մարդ եմ: Դեռ մաեստրո Օրբելյանի օրկեստրում եմ կայացել ու վերցրել իմ բեմական խաչը, որը տանում եմ մինչև այսօր ու տանելու եմ այսուհետ: Պարզապես ցավում եմ, որ մեր հեռուստաընկերությունները չունեն ավագ սերնդին հարգելու էթիկան: 2014-ի ակնկալիքներից խոսեցինք, ավելացնեմ, որ շատ եմ ցանկանում, որ Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին մի լուրջ ֆիլմ նկարվի: Կինոլեզվով պիտի այդ մասին պատմվի, ինչպես «Շինդլերի ցուցակն» է պատմում հոլոքոստի մասին: Ես ցանկանում եմ, որ ցեղասպանության մասին էլ մի նուրբ, դիպուկ, իրականությունը ցույց տվող ֆիլմ նկարվի: Ես ուզում եմ, որ 2014-ին` Ձիու տարում, բոլորս, ձիերի վրա նստած (գորշ, սև, շագանակագույն, սպիտակ, թե կապույտ` կարևոր չէ), գնանք դեպի արևը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ