Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտական հրավառությունը

Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտական հրավառությունը
24.01.2014 | 13:55

Հունվարի 13-17-ին Երևանում երաժշտական մեծ տոն էր` մեր մայրաքաղաքում հյուրընկալվել էր աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին` «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան) շրջանակներում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացան մեկը մյուսից տպավորիչ համերգներ` Պենդերեցկու տարբեր ժանրերի ստեղծագործություններից կազմված ծրագրերով: Իր ութսունամյակին նվիրված համերգաշարին ներկա կոմպոզիտորը ոչ միայն ունկնդրեց հայ և օտարազգի երաժիշտների վարպետ կատարումները, այլև «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած եզրափակիչ համերգի ընթացքում իբրև դիրիժոր ղեկավարեց համերգի առաջին բաժինը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Էդվարդ Թոփչյան): Համերգների ընթացքում հայաստանցի ունկնդիրը վայելեց ոչ միայն Քշիշտոֆ Պենդերեցկու` իրեն արդեն ծանոթ, այլև որոշ ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաները («De natura sonoris» թիվ 3, «Concerto doppio»):
Հայ ունկնդիրը ջերմությամբ էր ծափահարում ոչ միայն յուրաքանչյուր երաժշտական կատարումից հետո համերգների ընթացքում համեստորեն գլուխ խոնարհող մեծ երաժշտին, այլև այդ ստեղծագործությունները հրաշալիորեն մեկնաբանող հայ և օտարերկրացի երաժիշտներին` պետական ֆիլհարմոնիկի և երիտասարդական նվագախմբերի երաժիշտներին և գեղարվեստական ղեկավարներ Էդվարդ Թոփչյանին ու Սերգեյ Սմբատյանին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին ու նրա ղեկավար Վահան Մարտիրոսյանին, «Հովեր» երգչախմբին ու նրա ղեկավար Սոնա Հովհաննիսյանին, թավջութակահարներ Արամ Թալալյանին, Բարտոշ Կոզիակին, ֆանտաստիկ կլառնետահար Դարկո Բռլեկին, ալտահարներ Յանա Դարյանին, Ռոբերտ Կաբարային, ջութակահարներ Լուսինե Հարությունյանին, Անի Կարապետյանին, Ագաթա Շիմչևսկային, դաշնակահար Արթուր Ավանեսովին, ֆլեյտահար Մասսիմո Մերչելլիին, այլոց:
Պենդերեցկու ութսունամյակի տոնակատարության հնգօրյակն ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնում նրան նվիրված «Արահետներ լաբիրինթոսի միջով» ֆիլմի ցուցադրությամբ (պրոդյուսեր` Հոլմ Թակկեն):
Աներևակայելի առույգությամբ էր աչքի ընկնում Քշիշտոֆ Պենդերեցկին հնգօրյա երաժշտական հրավառության ընթացքում: Գուցե դա պայմանավորված էր երաժիշտների փայլուն կատարումներից ստացած նրա տպավորություններով, գուցե ազգությամբ հայուհի հայրական տատի` Եվգենյա Շիլկիևիչի բնօրրանում գտնվելու և նախնյաց ոգու կանչին հաղորդակից լինելու հանգամանքով: Դժվար է ասել: Բայց որ այդ ոգու կանչը ոչ միայն ապրիորի զգացողություն է Քշիշտոֆ Պենդերեցկու համար, այլև երաժշտությամբ առարկայացած, միս ու արյուն ստացած երևույթ, փաստ է: Եվ դրանում կարելի էր համոզվել ոչ միայն տեսնելով նրա ջերմ, անմիջական շփումը հայ երաժիշտների և ունկնդիրների հետ, այլև լսել նրա «Սոլո թավջութակի համար» («Violoncello totale for cello solo») ստեղծագործությունը` Արամ Թալալյանի կատարմամբ` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի համերգասրահում: Հայկական երաժշտությանը փոքրիշատե ծանոթ յուրաքանչյուր ունկնդիր իսկույն կզգար հայկական երաժշտության ակնհայտ շունչն այս ստեղծագործության վրա, եթե անգամ բաց թողած լիներ իր իսկ Պենդերեցկու հարցազրույցը լսելու առիթը հանրային հեռուստատեսությամբ, որի ընթացքում հենց ինքը խոստովանեց այդ ազդեցության մասին: Սակայն սա այն դեպքն է, որ մենք արվեստագետին սիրում ենք ոչ թե այս կամ այն չափով հայ լինելու, Հայաստանի հետ կապված լինելու, այլ իր մեջ համամարդկային, իսկապես հզոր մշակութային արժեք կրելու համար: Ասվածի ամենախոսուն վկայությունը եզրափակիչ համերգին հնչած սիմֆոնիան էր` Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, որը, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, արդեն ոչ թե հայկական, այլ շոստակովիչյան երաժշտադրոշմն էր իր վրա կրում: Սակայն ոչ մի ստեղծագործության մեջ, ոչ մի ակնթարթ չէր կարելի կասկածել, որ այդ երաժշտությունն ընդգծված պենդերեցկիական է` միայն իսկական անհատականությանը հատուկ բացառիկությամբ ու ոգեղենությամբ: Դժվար է բառերի վերածել այն զգացողությունները, որ ապրում ես այդպիսի երաժշտության հետ շփվելիս: Այն պետք է պարզապես լսել, վայելել, մտապահել ու հարստացնել հոգին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ