ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ

Մարոյի ազգանվեր գործը  փոխանցվելու է սերնդեսերունդ
10.12.2013 | 11:21

Սույն թվականի նոյեմբերի 10-ին լրացավ «Ակունք» և «Վան» ազգագրական խմբերի հիմնադիր, գիտության և մշակույթի երախտավոր ՄԱՐՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 80-ամյակը: Ազգագրական խմբերի մասնակիցները ազգագրական ու հայրենասիրական երգերով իրենց երախտագիտության ու խոր հարգանքի տուրքը մատուցեցին Մարոյի, նրա հայրիկի՝ Հայրիկ Մուրադյանի, և մայրիկի՝ Աննա Մուրադյանի շիրիմների մոտ: Իսկ նոյեմբերի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, «Ակունքը» փառահեղ ելույթով փայլատակեց այնպես, որ ներկաներին հավատ ներշնչեց՝ Մարոյի ազգանվեր գործը փոխանցվելու է սերնդեսերունդ: Այդ հրաշք տոնախմբությունը շարունակվեց մասսայական ազգագրական պարերով: Մուրադյանների հոգին թևածում էր Կոմիտասի տանը:
Հեռավոր Լիսաբոնում ապրող տաղանդավոր թավջութակահար Լևոն Մուրադյանը՝ Մարոյի որդին, ջերմ ու երախտագիտությամբ լի խոսք էր հղել «Ակունքին», որը, ցավոք, չընթերցվեց այդ համերգի ընթացքում: Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում Լևոնի այդ սրտառուչ նամակը:

ՄԱՐՈ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԿԵՆԴԱՆԻ Է...
Որքա՜ն արագ է անցնում ժամանակը... Կարծես երեկ լիներ, երբ կողքիս նստած, քեզ հատուկ խորին սիրով, ինձ էիր փոխանցում կյանքիդ փորձառությունն ու գիտելիքները: ՈՒ որքան էլ տարիներդ գերհագեցած էին լարված աշխատանքային ռիթմով, գիտեմ՝ կյանքիդ ամենակարևոր նպատակը ես էի...
Ձեռքս բռնած՝ հատիկ-հատիկ սովորեցնում էիր երաժշտության լեզուն, և խիստ, բայց անսահման սիրուդ պատճառով էր, որ թույլ չէիր տալիս անցնել չհաջողված մեկ հնչյունի վրայով անգամ, եթե այն չէր բավարարում քո նրբին երաժշտական ընկալմանն ու ճաշակին: Անգամ այն ժամանակ, երբ մեկնեցի ուսումս շարունակելու հեռավոր Մոսկվայում, զգում էի ներկայությունդ, ինձ ջերմացնում էր մշտապես տաք շունչը քո, մայրիկ։
…Լրանում է ծննդյանդ 80-ամյակը: Այնքա՜ն կուզեի ալեհեր տեսնել քեզ այսօր, շոյել մազերդ ու ասել, թե ինչքան հպարտ եմ քեզանով, քո ապրած կյանքով, գործով, արժանապատիվ ու ազնիվ քո կեցվածքով: Եվ ուզում եմ՝ քո երկինքներում էլ իմանաս, որ ներկայությունդ այսօր էլ ապրում է իմ, թոռներիդ մեջ, որոնց հանդիպելու ժամանակային ձեր խաչմերուկները, ցավոք, այդպես էլ չխաչվեցին։
Դու ներկա ես թողածդ բազմաշերտ ու հսկա մշակութային ժառանգության մեջ, որը, կամա թե ակամա, այսօր էլ քո տեսակը կրող նոր սերունդներ է վեր հանում: ՈՒ ամեն անգամ, երբ դեմ առ դեմ հանդիպում եմ հետնորդներիդ ու նրանց զավակներին, հասկանում եմ, որ ինչ էլ պատահի՝ գցածդ սերմերը չեն կարողանա արմատախիլ անել սիրելի ազգիդ միջից:
Բառի բուն իմաստով շարունակում ես ապրել քեզ հարազատ դարձած ընկերներիդ առօրյայում: Երկար տարիների ֆիզիկական բացակայությունդ ոչինչ չի փոխել քո նկատմամբ ունեցած նրանց նվիրվածության մեջ: Այո՛, ժամանակը շատ բան է ապացուցում և հաստատում: Ինչպես առաջ՝ հիմա էլ միշտ կողքիդ են, միշտ մեր տանը, իրենց հարազատ դարձած ձեր գործն են շարունակում:
Այն նույն ընկերներդ, որոնց հետ, դեռ ուսանողական տարիներից, դարձաք հայրենի երգ ու պարով խենթացած մի ընտանիք, և որոնց հետ հետագայում ստեղծեցիք մինչ օրս հարգանք ու սեր վայելող «Ակունք» ազգագրական համույթը:
Մեծ հայրիկի գործը շարունակելով՝ ազգագրական երգի սիրով համակեցիր բոլորին ու տարար քո հետևից: Փառք ու պատիվ նրանց, ովքեր այսօր էլ շարունակում են ձեր գործը:
…Լրանում է ծննդյանդ 80-ամյակը: Եվ ամեն անգամ, երբ քեզնից սովորած նրբանկատությամբ ու ամենայն հարգանքով ունկնդրին եմ փոխանցում երաժշտությունը, և երբ դահլիճը ծափահարում է հոտնկայս, ես քեզ եմ նվիրում բոլոր այդ ծափերը:
Շնորհավո՛ր ծնունդդ, սիրելի՛ մայրս:


Լևոն ՄՈՒՐԱԴՅԱՆ
թավջութակահար
Հ. Գ.- Իմ խորին հարգանքը բոլոր ակունքցիներին, Սարգիս Ալավերդյանին, Անդրանիկ Հովհաննիսյանին, Սարգիս Բաղդասարյանին, Արուսյակ Սահակյանին, Ալինա Փահլևանյանին, Ռոբերտ Դաշտոյանին, Տարիել Ղաջոյանին, Գագիկ Գինոսյանին, Արտակ Վարդանյանին, Սուրեն Մելիք-Սարգսյանին, Սուսաննա Աստվածատրյանին, Հասմիկ և Ալիկ Հարությունյաններին, Գևորգ Դաբաղյանին, Աշոտ Համբարձումյանին, Արմեն Սարգսյանին, Ժաննա Գալստյանին, Պերճուհի Մելքումյանին, Զարիկին, լուսահոգի Կարեն Սմբատյանին, Ռուդիկ Հարոյանին, հայ երգի ու Մարոյի բոլոր-բոլոր նվիրյալներին: Այսօր ձեր բոլորի տոնն էլ է:

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ