ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հեղձուցիչ է ապրել առանց խղճի

Հեղձուցիչ է ապրել առանց խղճի
08.12.2013 | 17:42

Այս խոսքերի հեղինակը ռուս գրող Ֆազիլ Իսկանդերն է, որոնք ասել է ամիսներ առաջ, իր 82-ամյակի առթիվ լրագրողին տված ընդարձակ հարցազրույցում: Ֆազիլ Իսկանդերը, որն ապրել ու ստեղծագործել է կոմունիստական իշխանության տարիներին, ծեծված մտքեր չի արտահայտում մտավորականության, նրա դերի մասին, որոնք հաճախ ենք լսում հայկական հեռուստաեթերից ու կարդում մամուլում: Իսկ հարցազրույցից ստորև ներկայացվող հատվածները լավագույնս բնութագրում են սովետական և հետսովետական իրականությունը՝ գրողի հայացքով:

«Իսկական մտավորականն այն մարդն է, ում համար հոգևոր արժեքները տիրապետում են նյութական համոզմունքներին, իսկ նյութական արժեքները բավականին խաբուսիկ են: Մտավորական մարդուն հեշտ է կյանքում խաբելն ու կողոպտելը, բայց նույնքան դժվար է նրան կողոպտել հոգևոր հարաբերություններում: Կորցնելով շատ բան, գրեթե ամեն ինչ՝ մշակութային մարդը սովորական մարդկանց հետ համեմատած, կյանքի տարբեր հանգամանքներին դեմ առ դեմ հանդիպելիս թվում է ավելի պինդ: Նա իր հարստությունը չի պահպանում արկղերում, այլ՝ հոգևոր աշխարհի հաշիվներում: Եվ, կորցնելով շատ բան, նա կարող է ինքն իրեն ասել. ես կարող եմ նորից լսել Բեթհովենին, կարդալ Պուշկինին և Տոլստոյին: Նշանակում է, որ ամեն ինչ կորած չէ:

Սովետական իշխանության օրոք ավելի հեշտ էր պահպանել խղճի մաքրությունը, քան՝ այսօր: Այն ժամանակ բավականին հստակ ուրվագծված էին չարի սահմանները: Եթե դու քո խղճին հակառակ անցնում էիր այդ սահմանները, ուրեմն դու գիտեիր, թե ինչ ես անում: Դա քո սեփական կամքի ազատ դրսևորումն էր և դրանով իսկ չափազանց սարսափելի չէր:

Այսօրվա չարիքն անորոշ է և հենց այդ պատճառով էլ՝ ավելի սարսափելի: Ինչ կլինի մեր երկրի հետ, ինչ կլինի մեզ հետ՝ ոչ ոք չգիտի: Սովետական իշխանության օրոք կար համոզվածություն, որ ավելի վատը չի լինի: Այժմ այդ համոզվածությունը չկա: Սովետական իշխանությունը, մեզ քաշելով դեպի փոսը, միաժամանակ մեզ պարիսպով առանձնացնում էր անդունդից:

Մարդկանց մեծ թվով հավաքագրումը օրգաններում բարոյազրկում էր բնակչությանը, շատերի մեջ առաջացնում վախ միմյանց նկատմամբ: Դա հենց պետք էր ամբողջատիրական պետությանը: Իմ չարամիտ ծանոթներից մեկը, երբ իրեն առաջարկեցին հավաքագրել, համաձայնեց և պահանջեց, որ իրեն վճարեն ամսական բավականին խոշոր գումար: Նրան, առանց ափսոսանքի զգացումի, վռնդեցին: Հնարավոր է՝ որոշեցին, որ նա բավականաչափ փչացած է:

Երբ կոմունիզմի պատը փլուզվեց, կոմունիստները սկզբում իրենց կորցրեցին, այնուհետև իրենց ձեռքը վերցրեցին ժողովրդավարության առանձնահատկությունները և սկսեցին ղեկավարել մեղքերը քավող աշխատանքներով: «Ահա և բեկորները կույտի մեջ: Իսկ այդ բեկորները մենք կարող ենք հանձնել, և մեր գործը չէ, թե ում և որքանով դրանք կհանձնենք: Դրանք մեր բեկորներն են»: Եվ մարդիկ սկսեցին հնազանդորեն կրել պատի բեկորները: Եվ ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ բեկորները, որոնք ընկել էին կույտի մեջ, ավելի ու ավելի էին հիշեցնում նոր պատը: Անազատության պատը:

… Ազատ մարդն այն մարդն է, որը զգոն է ուրիշի ազատության նկատմամբ, և դրանով հանդերձ, նա ազատ ու անկաշկանդ ինքնասահմանափակվում է: Հասկանալ ազատությունը, ինչպես սեփական պահանջմունք, նույնն է, ինչ ասելը. «Ես շռայլ մարդ եմ: Ես լավ եմ հյուրասիրել ինձ»,- կարծում է Ֆազիլ Իսկանդերը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ