Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Երիտասարդ հայ նկարիչների ցուցահանդես Վիսբադենում

Երիտասարդ հայ նկարիչների  ցուցահանդես Վիսբադենում
03.12.2013 | 12:15

Նոյեմբերի 29-ին Վիսբադենի «Haus der Heimat»-ում (հայրենի տուն) բացվեց հայ երիտասարդ գեղանկարիչներ ԳԱՅ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ և ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ գեղանկարների ցուցահանդեսը: Ներկայացված է 41 գործ: Սա Գայ Ղազանչյանի երկրորդ ցուցահանդեսն է Վիսբադենում. անցած տարվա հունիսին նա առաջին անգամ ցուցադրվեց քաղաքի հայտնի Kurhaus-ի սրահում և մեծ հաջողություն ունեցավ:

Այստեղ առաջին հարկի սրահում ցուցադրված են Գայ Ղազանչյանի գործերը, որոնցից 6-ը կոմպոզիցիաներ և մյուսները` գունային նուրբ երանգներով, լույսով, բաց կանաչով արված դիմանկարներ են: Գայի դիմանկարները շատ պայծառ են, եթերային, ներդաշնակ, կարծես մեղեդի է ծորում գեղանկարից, դիտորդին հմայում ու տեղափոխում Գայի գեղեցիկ աշխարհը: Երկրորդ հարկի սրահում ներկայացված են Ժորա Գասպարյանի 20 կտավները, որոնք հենց առաջին հայացքից դիտորդին մտածելու, խորհելու տեղիք են տալիս: Նկարիչը ստեղծել է մի հոգեվիճակ, կարծես մեր մտքերն են այսպես ափեափ լցվել` «Մտքեր» կտավում, կամ բանաստեղծուհու մտքում ծնվող տողերն ենք կարդում «Բանաստեղծուհին» կտավում:
Ցուցահանդեսը բացեց Հեսսենի երկրամասի մշակույթի ռեֆերենտ Օթմար Շմիտցը: Հիացած երիտասարդ նկարիչների գործերով և կարևորելով արվեստի, նկարչության դերը մարդկանց, առանձնապես մատաղ սերնդի հոգևոր զարգացման, միավորման գործում, նա նշեց, որ Գայ Ղազանչյանին արդեն լավ գիտեն Վիսբադենում, որովհետև արմատներ ունի այստեղ` ճանաչված նկարիչներ պապն ու տատն են Վիսբադենում, ովքեր ամեն տարի ցուցահանդես են բացում քաղաքի նշանավոր սրահներում: Եվ վերջապես, անցած տարվա հունիսին բացված ցուցահանդեսին ներկայացված Ղազանչյանի 16 գործերից 11-ը վաճառվեցին, մնացին Վիսբադենում: Նա շնորհակալություն հայտնեց Ռուսաստանից ներգաղթած գերմանացիների ընկերության նախագահ Վերա Մայերին` նորեկներին այստեղ միավորելու գործում թափած ջանքերի համար, նշելով, որ այս ցուցահանդեսն էլ, որը «Արվեստը միավորող» նախագծի շրջանակներում է անցկացվում, Վերա Մայերի նախաձեռնությունն է: Իր ելույթում Վերա Մայերը ներկայացրեց մանրամասներ նկարիչների կյանքի և գործունեության մասին: Ցուցահանդեսը կտևի մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը, բաց է ամեն օր, իսկ շաբաթ օրերին նկարիչները երեխաների և պատանիների համար անցկացնելու են վարպետության դասեր:


Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ