Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Երգչախումբը հնչում է այնքան հագեցած, որ արական ձայների կարիք չի զգում»

«Երգչախումբը հնչում է այնքան հագեցած, որ արական ձայների կարիք չի զգում»
03.12.2013 | 12:13

Օրերս Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր «Գեղարդ» երգչախմբի համերգը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)։
Այն նվիրված էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին։
Ներածական խոսքով հանդես եկավ կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը, որը հակիրճ անդրադարձավ կոնսերվատորիայի նվաճումներին և դերակատարությանը մշակութային կյանքում։ Այնուհետև երաժշտագետը լուսաբանեց կատարվելիք ստեղծագործությունների խորհուրդն ու գաղափարաբանությունը, միջնադարյան արվեստի և ժամանակակից կոմպոզիտորների առնչությունները և այլ խնդիրներ։ Հայտնի է, որ Սուրբ հոգով շաղախված միջնադարյան մոնոդիկ (միաձայն) երգարվեստը՝ շարականները, տաղերը և ժողովրդական երգերը, ներշնչանքի կենարար աղբյուր են եղել կոմպոզիտորների բազում սերունդների համար։ Այսօր էլ այդ երգերը մշակվում են, վերածվում բազմաձայնության, կյանքի կոչում նորանոր ստեղծագործություններ։ Հիշյալ համերգի ծրագրում տեղ էին գտել Էդգար Հովհաննիսյանի, Դանիել Երաժշտի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և Ստեփան Բաբաթորոսյանի խմբերգերը։
Երկերի մի մասը կոմպոզիտորների բազմաձայնած միջնադարյան և ժողովրդական երգեր էին, մյուսը՝ հեղինակային խմբերգեր։ Ընդ որում, գործերի զգալի մասը ստեղծվել էր «Գեղարդ» իգական երգչախմբի բարձր արվեստի ներշնչմամբ և նվիրվել երգչախմբին։ Դրանցից էին Դանիել Երաժշտի խմբերգերը, որոնցով և բացվեց համերգը՝ «Լոյս, Լուսոյ Մայր» (Մովսես Խորենացի), «Սա է Բանն Աստուած», «Օգնական ընդունելի» և «Տէր, զլուր» (Ստեփանոս Սյունեցի), «Վարանիմ ի մեղաց» (անանուն հեղինակ) և այլն։ Ժողովրդական երգերից ներկայացվեցին Դանիել Երաժշտի բազմաձայնած «Գորանի» և «Սասմա կելլեր բարակ ծուխ», «Յարուկ մ’ունիմ» և «Մատիս մատնիքը» խմբերգերը։
Մեներգչուհիներ Անահիտ Պապայանը, Լուիզա Երեմյանը և երգչախումբն այնքան գեղեցիկ և սրտառուչ կատարեցին դրանք, որ համերգին ներկա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, պարզապես, մեկ բառով բնորոշեց՝ «մարգարիտներ»։
Բարձր գնահատվեցին նաև Երվանդ Երկանյանի նորաստեղծ «Վեց խոհախրատական հայրենները» (գրված Հովհաննես Պլուզ Երզնկացու խոսքերով), որոնք կատարվեցին նույնքան ոգեշնչված, որքան և կոմպոզիտորների մշակած «Յանսկզբնական ծօցոյ Հօր» շարականը։ Ոչ պակաս հուզիչ էր այն, որ յուրաքանչյուր կատարումից առաջ Անահիտ Պապայանն ընթերցում էր տվյալ հայրենը, ինչը նպաստեց բովանդակության առավել խոր ընկալմանը։ «Չորս բան առ խրատ յինեն», «Ով որ օտարին վատ ասէ», «Աշխարհս է ծովի նման» և այլ հայրենների այս շարքը նույնպես նվիրված է «Գեղարդ» երգչախմբին և նրա ղեկավարներին։ Ի դեպ, հայրենները և վերոնշյալ «Սա է Բանն Աստուած» շարականի մշակումը հնչում էին առաջին անգամ։
Իրենց ոճով և ձեռագրով առանձնացան Էդգար Հովհաննիսյանի հետևյալ խմբերգերը. «Ծովու վրա», «Մանդր անձրև» և «Ամպել ա, թոն չի գալիս» (մենակատարներ՝ Լուիզա Երեմյան, Անահիտ Պապայան, Ռուզաննա Հարությունյան), «ՈՒռի ես» և «Նանարի նա»։
Ի տարբերություն մյուս հեղինակների, որոնց գործերի հնչողությունն առավելապես կամերային է, Է. Հովհաննիսյանի խմբերգերի դիապազոնն ավելի լայն էր՝ գողտրիկ մեներգից և փոխկանչերից մինչև երգեհոնահունչ ելևէջումներ։ Նույնիսկ նման մտերմիկ խմբերգերում զգացվում են խոշոր կտավի վարպետի շունչն ու ներքին ուժը։ Հարուստ էր և բազմազան նաև Երկանյանի հիշյալ խմբերգերի ներկապնակը, որտեղ զուգակցվում են ռեչիտատիվը (ասերգություն) և մեղեդայնությունը, ձգվող «դամը», հարվածային նվագարանների նմանակումը, ինչը բնորոշ է ժողովրդական երաժշտությանը, ռնգային երգեցողությանը, և այլ հնարքներ։ Այս ամենի շնորհիվ ընդլայնվում են իգական երգչախմբի հնարավորությունները, արտահայտչամիջոցները։
Համարձակ և հաջողված մի փորձ կարելի է համարել Ստեփան Բաբաթորոսյանի «Աստվածածին երկնային» խմբերգը, որտեղ միջնադարյան կանոնական տեքստը երգվում է կոմպոզիտորի հորինած երաժշտությամբ, պահպանելով հնի երանգն ու բույրը։
Ինչ վերաբերում է Էդուարդ Հայրապետյանին, ապա նրա` Միսաք Մեծարենցի խոսքերով գրված «Շերամի նինջը» և «Մտերմիկ տեսիլներ» խմբերգերն աչքի ընկան պոետին հատուկ ու համահունչ նրբագեղությամբ։
Համերգի ծրագիրը եզրափակվեց ֆրանսահայ դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի «Երեկոյան աղոթք՝ ճրագ վառելիս» խմբերգով։ Այն գրված է ժողովրդական խոսքերի հիման վրա, և ժողովրդական հոգևոր երգարվեստին հարող մի նմուշ է։
Այսպիսով, երգչախումբը դրսևորեց իրեն հատուկ ոճական նուրբ զգացողություն, կերպարանափոխվելու ճկունություն, հստակ առոգանություն և այլ հմտություններ։ ՈՒնկնդիրների բուռն ծափերը, հիացական բացականչությունները ստիպեցին ծրագրին հավելել Կոմիտասի «Նանիկ» խմբերգը.
Նանիկ, նանիկ, նանիկ...
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ...
Բարակ մեջքիս շալ կուզեմ...
Որ տուն որ ես հարս երթամ...
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջանիկ, ջանանիկ, ջանիկ։
Այսպես էին երգում Գեղարդավանքի աղջիկները, և «Տեղ ոսկի տեղայր... Տեղայր մարգարիտ»։
Ինչպես միշտ, այս անգամ ևս «Գեղարդ» երգչախմբի համերգին ներկա էին հոգևորականներ, անվանի արվեստագետներ, երիտասարդություն։
Համերգից հետո հնչած գնահատականներից կառանձնացնեինք կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի խոսքը, թե երգչախումբը հնչում է այնքան հագեցած, այնքան բազմերանգ, որ արական ձայների կարիք չի զգում։
Կոնսերվատորիայի երախտապարտ շրջանավարտներն այսպիսի հիասքանչ համերգով նշանավորեցին իրենց «Alma Mater» («Սնուցող մայր») բուհի 90-ամյակը։


Գրիգոր ԿԱՊԱՆՑԻ

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ