Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ես հո վայրենի չե՞մ, որ շեփորով մարդու գլխին խփեմ»

«Ես հո վայրենի չե՞մ, որ շեփորով մարդու գլխին խփեմ»
02.12.2013 | 15:26

Նոյեմբերի 30-ին թատերական ինստիտուտում վեճ է տեղի ունեցել թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի և ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի միջև, որը վերաճել է ծեծկռտոցի, արդյունքում, ըստ լուրերի, Էրիկ Բարսեղյանը մետաղե շեփորով հարվածել է թատերագետի գլխին:

Դեպքի առիթով տարբեր մեկնաբանություններ են հնչում, irates.am-ը փորձեց պարզաբանում ստանալ հենց իրարանցման մասնակիցներից:
Տիգրան Մարտիրոսյանի խոսքով` իրեն թույլ չեն տվել դիտել ինստիտուտում ցուցադրվող ներկայացումը` տոմս չունենալու պատճառով, թեև մինչ այդ երբևէ նման խնդիր չի առաջացել:
Հարցին` ի՞նչ է պատրաստվում անելու, պատասխանեց, որ դեռ հստակ չի որոշել, բայց որ Մազմանյանը իրավունք չունի կրթական կառույց ղեկավարելու, հստակ է: «Նրա ուսանողն ու կադրն է ինձ հարվածողը, Մազմանյանն էլ միառժամանակ առաջ Հասմիկյանի վրա էր հարձակվել: Նրանք այլ մշակույթի կրողներ են: Կրթական նշանակություն ունեցող թատրոնի տնօրենը դահլիճում թատերագետին է հարվածում: Երկուսն էլ պետք է պաշտոնազրկվեն»,- ասաց թատերագետը:
Էրիկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջադեպը ուռճացված է, Տիգրանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է, մասնագիտական, բարեկամական զրույց է եղել: «Ի՞նչ ծեծկռտուք, ի՞նչ քաշքշուկ, չկա այդպիսի բան,- ասաց նա,- ես շեփորով ոչ ոքի գլխին չեմ խփել, ես հո վայրենի չե՞մ, որ շեփորով մարդու գլխին խփեմ: Ինքը անտոմս եկել է, այդքան բան, և ես խնդրել եմ, որ պարզապես դուրս գա, քանի որ տոմսով են ներկայացումները»:
Հետաքրքրվեցի` չկա՞ն բացառություններ թատերագետների դեպքում:
«Առանց տոմսի ինչ-որ մեկի տեղը նստեն, ու ինչ-որ մարդ գա ոտքի վրա մնա՞: Եթե որևէ մեկը տեղեկացնում է, որ ուզում է գալ, ես անպայման տոմս եմ պահում, բոլորը դա գիտեն, ես տոմս չեմ վաճառում թատերագետներին»,- պարզաբանեց ուսանողական թատրոնի տնօրենը:
Նկատեցի, թե Տիգրանն աչքի է ընկնում սուր, շատերին ոչ հաճելի հոդվածներով, գուցե դա՞ է այս ամբողջ իրարանցման պատճառը: «Դա իր գործն է, իր մասնագիտությունը, թող գրի, ես ինքս էլ թատերագիտական կրթություն ունեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում, ես էլ եմ հոդվածներ գրում»,- եղավ պատասխանը: Իսկ ասեկոսեները, որ հարվածել է Տիգրանին` Մազմանյանին հաճոյանալու համար, Էրիկ Բարսեղյանը լուրջ չի ընդունում:
«Մազմանյանն ընդհանրապես կապ չունի, դա շատ տգեղ է, առնվազն տգեղ է, իսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից տգիտություն է, երբ գրում ես մի բան, որ իրականության հետ կապ չունի»,- ասաց նա:
«Թատերական» այս միջադեպի վերջը դեռ չի երևում։ Ընկերական զրույց ասվածը, կարծում եմ, դեռ շատ ջուր կվերցնի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ