ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Նա խելամտորեն չի գունազարդել այն, ինչը գունազարդման կարիք չունի»

«Նա խելամտորեն  չի գունազարդել այն,  ինչը գունազարդման կարիք չունի»
15.11.2013 | 11:39

Լույս է տեսել ռումինահայ գրող, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Հարյուր տերև և այլ պատմվածքներ» ռումիներեն ժողովածուն: Այս մասին տեղեկացնում է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Վառլեն Ալեքսանյանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Իսկ «Շշուկների մատյան» վեպը ռումիներեն հրատարակվել է 2009-ին, համարվել Ռումինիայում տարվա լավագույն ստեղծագործությունը և արժանացել Ռումինիայի ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, եբրայերեն և այլ, ընդհանուր առմամբ, 12 լեզուներով: 2012-ին հրատարակվել է նաև հայերեն` Երևանում և Բուխարեստում: «Շշուկների մատյանի» թարգմանիչը ռումինահայ, այժմ ավստրալաբնակ Սարգիս Սելյանն է, հայերեն հրատարակության խմբագիրը՝ Վառլեն Ալեքսանյանը:
Արգենտինական մամուլը գրում է, որ «Շշուկների մատյանը» բացառիկ երկ է, հայ ժողովրդի տառապանքների հիմն: Իսրայելական «Haaretz»-ն այն համարում է եզակի գլուխգործոց` վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն և արժեքավոր ստեղծագործություններից մեկը: Հատկանշական է, որ գիրքը գերմաներեն լույս է ընծայել ավստրիական հեղինակավոր «Պաուլ Ժոլնայ» հրատարակչատունը, որը ժամանակին հրատարակել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Վարուժան Ոսկանյանն այս առիթով ասում է, որ իր վեպը հայ ժողովրդի ողբերգությունը պատմում է այլ կերպ, քան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», նշելով. «Ես այդ պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը` դրսից»:
Հոկտեմբերի 7-ին Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հրաժարական տվեց, թեև նրա դեմ քրեական գործ հարուցելու առաջարկը երկրի խորհրդարանը մերժել էր: Վարչապետ Վիկտոր Պոնտան, գնահատելով Ոսկանյանի քայլը, այն դրական առումով համարել է քաղաքական որոշում: Ոսկանյանն ինքն իր քայլը բնութագրել է որպես «պատվավոր հրաժարական»: Նա հիմնավորապես հերքել է իր դեմ հնչեցված մեղադրանքները, նշելով, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, տեղի է ունեցել իր` նախարար նշանակվելուց առաջ:
Վարուժան Ոսկանյանը հեղինակ է բանաստեղծական և արձակ ևս չորս գրքի: Գրախանութներում մի փոքր շրջայցից պարզ դարձավ, որ «Շշուկների մատյանը» մեր ընթերցողների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում: Այս գիրքը Նոբելյան մրցանակի էին ներկայացրել Իսրայելի գրողների միությունը, ռումինահայ գրողների միությունը և Հայաստանի գրողների միությունը:
Զրուցում ենք «Շշուկների մատյան» գրքի հայերեն հրատարակության խմբագիր ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ալեքսանյան, գրքի գովազդը մեր օրերում բավականին արդիական է, եթե չասենք` մոդայիկ: «Շշուկների մատյանը», ինչպես հարկն է, ներկայացվե՞լ է հանրությանը:
-Գրատպության պարզ քաղաքականություն գոյություն ունի. «Շշուկների մատյանը», ինչպես Հայաստանում պետական պատվերի շրջանակում տպագրվող այլ գրքեր, լույս է տեսել 500 օրինակով: Նման գրքի համար, իհարկե, դա շատ քիչ է: Ես չգիտեմ՝ 500 օրինակն արդեն սպառվե՞լ է, թե՞ ոչ, բայց լավ կլիներ, որ վերատպելու խնդիր դրվեր: Արտասահմանյան շատ երկրներում այս գիրքը բավականին մեծ տպաքանակներով է տպագրվել, և համբավը շատ մեծ է, ինքն այն հեղինակն է, ում թուրքերն անընդհատ փորձում են հալածել, նույնիսկ պահանջում են, որ պետական պաշտոն չզբաղեցնի, և դրա արդյունքները, հավանաբար, այսօր տեսնում ենք: Ես վստահ չեմ կարող ասել, սա թուրքակա՞ն ազդեցության հետևանք է, բայց նման վարկածներ հնչել են:


Եթե գովազդի մասին ենք խոսում, վստահ չեմ, որ մեզ մոտ այս գիրքն ըստ արժանվույն գովազդվել է: Տարբեր առիթներով, տարբեր հանգամանքներում խոսել են, հանդիպումներ են եղել հեղինակի հետ հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլն:
-Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ հալածանքները մեծ արձագանք գտան մեզանում, գրողներից շատերը պատրաստակամություն հայտնեցին օգնելու իրենց գրչակցին, նրա գիրքը մի քանի թարգմանությամբ հրատարակվեց: Վարուժան Ոսկանյանի դեպքում արձագանք ասվածը շատ մեղմ չէ՞ր:
-Այլիսլիի գործը վատ գործ չէր, բայց խնդիրը վեպը չէր, այլ ազգությամբ ադրբեջանցի հեղինակի ազնվության արտահայտությունը, ինչը, հավանաբար, շատ անսպասելի էր: Երբ հեղինակը հայ է, եղեռնի թեմայով գրված գործը, ընդհուպ գրողի դեմ թուրք-ադրբեջանական հալածանքն անսպասելի չի համարվում: Այնուամենայնիվ, ես պիտի փաստեմ, որ երբ ասում են, թե այս գիրքը եղեռնի թեմայով է գրված, այդքան էլ ճիշտ չէ: Եղեռնի թեման գրքի մի մասն է, բազմաթիվ թեմաներ կան, որ չեն առնչվում եղեռնին, բայց հետևանքային դրսևորումներ են: Ըստ էության այդ երկու գրքերը համեմատության եզրեր չունեն:
-Ասում են՝ հայ գրողին Նոբելյան մրցանակ չշնորհելու ինչ-որ նախնական պատգամներ կան: Ի՞նչ գիտեք սրա մասին:
-Նման բան ինձ էլ են ասել, անգամ ասում են, որ Նոբելի կտակի մեջ նշված է դրա մասին: Բայց ես վստահ չեմ, որ դրանք ճիշտ տեղեկություններ են: Ազնվորեն ասած, ես դա հերթական «գուշակությունների» շարքին եմ դասում: Թեև «սատանան ամեն ինչի հետ էլ կարող է կատակել»: Այսօրվա Նոբելյան մրցանակ շնորհող հանձնաժողովները, բնականաբար, փոքր ժողովուրդների խնդիրը դիտարկում են մի հարթության վրա, մեծերինը` մեկ այլ: Հնարավոր է, որ այս խնդիրները կապված լինեն փոքր ժողովրդի գրականությանը ծանոթ չլինելու հետ: Թեև այս դեպքում գործ ունենք ռումինագիր գրողի հետ, որի թեման, ընդհանուր առմամբ, ոչ միայն եղեռնն է, այլև ռումինահայությունը, գումարած Ռումինիայի ժողովուրդն իր բազմաթիվ շերտերով: Իհարկե, գրքում շատ կարևոր տեղ է հատկացված Մեծ եղեռնին:
-«Շշուկների մատյանը» Նոբելյան մրցանակի էր ներկայացրել նաև Իսրայելը, ինչպե՞ս կբացատրեք դա:
-Այստեղ արդեն մտավորականության խնդիրն է, քանի որ առաջադրել է մի երկիր, որը, ըստ էության, առայժմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը դեմ է: Իսրայելցի գրողն ավելի լայն հայացքով է նայում այս խնդրին: Նույն Իսրայելի քաղաքացին՝ հրեա պատմաբան Յաիր Աուրոնը, գրել է Հայոց ցեղասպանության մասին գիրք` դեմ գնալով իր երկրի շատ քաղաքական գործիչների:
-Գրքի խմբագրման ընթացքում դժվարությունների հանդիպե՞լ եք:
-Եթե անկեղծ ասեմ, ես այս ծավալի գրքերը խմբագրում եմ 15-20 օրում, բայց այս գիրքը ռումիներենից արևելահայերեն էր թարգմանել ռումինահայ գրող, թարգմանիչ Սարգիս Սելյանը, ով, անշուշտ, հսկայական աշխատանք կատարելով հանդերձ, այնուամենայնիվ լեզվամտածողությամբ արևմտահայ մշակույթի ներկայացուցիչ է, և խմբագրելու ընթացքում դժվարություններ առաջացան: Թարգմանությունը մաս-մաս խմբագրելով՝ 10-15 անգամ ուղարկել եմ Ռումինիա, որովհետև կային մտքեր, որոնք հստակեցված չէին, բառեր, որոնց ճիշտ հոմանիշը պետք է գրվեր: Եվ քանի որ անձամբ հեղինակի հետ չէի կարող աշխատել, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանի միջոցով եմ կապի մեջ եղել: ՈՒղարկել եմ, հատված-հատված շտկել են, ստացել եմ իմ ուզած տեքստը: Մնում էր ոճական խմբագրման խնդիրը, որի մեջ (լավ, ինձ էլ գովեմ) բավական հմուտ եմ: Հերոսների երկխոսությունները թողել եմ արևմտահայերեն, սա հետաքրքիր կոլորիտ է հաղորդում գործին: Ի վերջո, այս գիրքը կարողացանք գլուխ բերել այնպես, որ հեղինակը սա համարեց երկրորդ բնագիր և արտոնեց հայերենից թարգմանել ցանկացած լեզվով: Արդեն խոսակցություններ կան, որ թարգմանվելու է նաև թուրքերեն:
-«Շշուկների մատյանը» ինչո՞վ է առանձնանում Մեծ եղեռնի մասին այլ հայ հեղինակների գրքերից:
-Սա օբյեկտիվ հայացքով գրված, պատմական փաստերն ուսումնասիրած մարդու գրած գիրք է: Երբեմն, ցեղասպանության ընդհանուր պատկերն աչքի առջև ունենալով, հեղինակը կարող է իրադարձությունները ներկայացնել զուտ գեղարվեստական համատեքստում: Դրանք կարող են ընդհանրացնել հարյուրավոր օրինակներ: Այս դեպքում ամբողջը փաստական նյութի վրա է հիմնված, և այդ փաստական նյութն ու մատուցման գեղարվեստական ձևը շատ համահունչ են: Տեղ-տեղ կան դաժան պատկերների նկարագրություններ. դրանք իրական փաստերի վրա հյուսված հատվածներ են, և հեղինակն ամենևին գույները չի խտացրել: Օրինակ, երիտթուրքական պետական մեքենայի ծրագրով տեղահանված ու Դեյր էզ Զոր քշվող, անմարդկային բոլոր միջոցներով հայ ժողովրդի բնաջնջման ճանապարհին Վարուժանն առանձնացնում է յոթ օղակ` յոթ ճամբար, ճիշտ այնքան, որքան Դանթեն է ներկայացնում դժոխքի պարունակները: Այդ փաստերը պատմական արժեք ունեն: Վավերագրող Վարուժանը փաստեր է ներկայացնում, իսկ գրող Վարուժանը շարադրում է: Նա խելամտորեն չի գունազարդել այն, ինչը գունազարդման կարիք չունի: Զարհուրելի պատկերներ կան: Ասենք, թե ինչպես են մարդու մարմնի վրա հայերն իրենք նամակներ դաջել և նրան որպես կենդանի նամակ ուղարկել մյուս ճամբարները՝ տեղեկություններ հաղորդելով իրենց հետևից եկող շարասյուներին: Տեղահանված հայերը վերապրելու ձևեր էին փնտրում: Առջևից գնացողները իրենց հետևից եկող խմբերի հետ կապն այս կերպ էին պահում: Չեմ ուզում շեշտը դնել այդ հատվածների վրա, որովհետև ցեղասպանությունը միայն 15 թվականի կոտորածը չէր: Եղեռնը շարունակական հետևանքներ ունի: Բայց պաթետիզմ չկա այս գործի մեջ, ավելորդ հերոսականություն չկա, կա ռեալ իրողությունների, իրավիճակների նկարագրություն, կա հանգիստ տոնով պատմելու կարողություն, ինչը շատ ավելի ընթեռնելի է դարձնում վեպը:
-Կարելի՞ է ասել, որ Թուրքիային անհանգստացնում է ոչ թե եղեռնի թեման, այլ գործի հզորությունը:
-Ե՛վ մեկը, և՛ մյուսը: «Շշուկների մատյանը» համեմատում են Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հետ, հավանաբար, գործի ուժը նկատի ունենալով, և դա շատ պատվաբեր համեմատություն է: Բայց Թուրքիայի անհանգստությունը գալիս է դարերի խորքից, հայ ժողովրդի հետ կողք կողքի ապրելուց: Գողն անընդհատ վախենում է, որ կբացահայտվի գողությունը, և աշխատում է հնարավորինս սքողել այդ փաստը: Մոտենում է Մեծ եղեռնի 100-ամյակը, բնականաբար, թուրքերը պայքար պետք է տանեն, որ խնդիրը համաշխարհային հնչողություն չստանա: Նրանք չեն հասել Գերմանիայի մակարդակին, որ կարողանան ընդունել ցեղասպանության փաստն ու հատուցման փաստի առջև կանգնեն: Ցանկացած մարդ, ով գրում է եղեռնի մասին գիրք, հանդիպում է Թուրքիայի առճակատմանը: Բնականաբար, այս գրքի, այս հեղինակի դեմ նույնպես պայքար պետք է ծավալվեր: Դրանք կուլիսային, դիվանագիտական խնդիրներ են, երբ փորձում են ցանկացած հնարք օգտագործել` հեղինակի և գործի տարածման առջև արգելքներ հարուցելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիայում ևս կան մարդիկ, գործիչներ, ովքեր փորձում են օբյեկտիվ լինել, բայց ի վիճակի չեն պետական քաղաքականության դեմ կռվելու, և հաճախ նրանց դեմ էլ են հարձակումներ լինում ու ճնշումներ գործադրվում:
-Ե՞րբ է սկսվել մեր ծանոթությունը ռումինահայ գրողի հետ: Հայ ընթերցողը նրան ավելի շատ ճանաչում է «Շշուկների մատյանից»:
-Կապը գրողի հետ հաստատվել է Հայաստանի գրողների միության պատվարժան, ցավոք, կյանքից վաղաժամ հեռացած նախագահ Լևոն Անանյանի միջոցով: Նրա սեղանին տեսել եմ նաև Ոսկանյանի բանաստեղծությունների ռումիներեն ժողովածուներ, որ հրատարակել էր մինչ «Շշուկների մատյանը». հստակ չգիտեմ` թարգմանվե՞լ են դրանք հայերեն, թե՞ ոչ:
-Ինչպե՞ս կբնորոշեք Վարուժան Ոսկանյան մարդուն, անհատին:
-Խարիզմատիկ մարդ է, բնական, ազդեցիկ` և՛ տեսքով, և՛ խոսքով: Ռումինիայի քաղաքական-հասարակական ակտիվ գործիչներից է, մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը: Արժանիորեն հեղինակավոր անձ և գրող է:
-Ի՞նչ ծրագրեր ունեք ինքներդ:
-Ես գրում եմ մի վեպ, որն ընդմիջվեց «Շշուկների մատյանով»: Մինչ այս գրքի հետ աշխատելը` զարմանալիորեն անում էի բաներ, որոնք աշխարհայացքով մոտ էին Վարուժանի գրքում արտահայտված մի շարք մտքերի: Գիրքս ցեղասպանության մասին չէ, դառը ժամանակների հետ է կապված` աքսորի, մի այլ կարգի բռնության տարիների: Ես տեսել եմ հորեղբորս, քեռուս ընտանիքների աքսորը: Յոթ տարեկան էի, երբ նրանց աքսորեցին, իսկ երբ հարցրի, թե մե՞զ երբ են աքսորելու, եղբայրս այնպիսի մի ապտակ տվեց, որ միանգամից հասկացա «աքսոր» բառի իմաստը: Վեպում այդ տարիներից գալիս եմ դեպի մեր օրերը: Նախնական վերնագրել եմ` «Վիպական ժամանակների կնճիռը»:
-Մեր օրերում կնճիռները շա՞տ են:
-Իհարկե, շատ են: Փոքր հասակից անարդարությունն իր հետքը թողնում է մարդու վրա: Եթե պատկերավոր ասելու լինեմ՝ դրանք հավանաբար անտեսանելի բաներ են, որ ձևավորվում են նախ ճակատի մաշկի տակ, ապա նոր արտահայտվում մակերեսի վրա, դառնում կնճիռ: Այսօր անհամեմատ շատ են կնճիռները. մի ազգի ներսում այսքան պառակտում, անօրինականություն, անարդարություն: Երբեմնի ամենադաժան ժամանակներում, այնուամենայնիվ, հասարակական խղճի գործոնը եղել է, խեղճին ապտակողները գոնե պարսավանքի էին արժանանում: Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ կորուստը խղճի կորուստն է: Եթե կորցնում ես խիղճդ կամ գիտակցաբար անցնում ես խղճիդ վրայով, ամեն ինչի ընդունակ ես դառնում:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ