ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Իմ դուռը օրը երեք մարդ է ծեծում. երկուսը հաց են ուզում, մեկն աղանդավոր է»

«Իմ դուռը օրը երեք մարդ է ծեծում. երկուսը հաց են ուզում, մեկն աղանդավոր է»
15.11.2013 | 11:09

«Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆԸ, ում հետ հանդիպման շարժառիթը նրա եռագրության երրորդ գրքի` «Աշոտ Երկաթի խաչը» վիպակի տպագրությունն է: Ինչպես այս, այնպես էլ նախորդ երկու գրքերը` «Շուշան-Վարդենի» (2007 թ.) և «Օշինդրի բույրը կամ Սուրբ Վահան Գողթնացի» (2010 թ.), լույս են տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակությամբ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անմիջական կարգադրությամբ:

«ԱՌԱՋՆԵՐՈՒՄ ԵՐԱԶՈՂՆԵՐԻՆ ԿՏԱՆԵԻՆ ՀԱՅՏՆԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ`КГБ»


-Տիկի՛ն Անահիտ, ինչպե՞ս եք արժանացել Մայր Աթոռի հրատարակչության հավանությանն ու աջակցությանը, որը հնարավոր է դարձրել Ձեր երեք գրքերը տպագրելու մերօրյա ոչ դյուրին գործի իրականացումը:
-Իհարկե, սա նյութական մեծ եկամուտ բերող գործ չէ: Բայց եթե անգամ ինձ չվարձատրեին բոլորովին, ես էլի չէի հրաժարվի այդ գործից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության և Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ պատկառելի մտավորականների մի խումբ լծվեց այդ գործին: Նրանք ցանկացան ստեղծել մի գրադարան, որի մասին առաջներում հնարավոր էլ չէր երազել: Այդպիսի երազանքը կամ կմնար անկատար, կամ երազողներին կտանեին այն հայտնի հաստատությունը` Խթը, ուր, բոլորս էլ գիտենք, թե ինչու են տանում: Այս գրադարանն ստեղծողները հավանաբար նպատակ դրեցին իրենց առջև պայքարելու մերօրյա հողմերի դեմ` ամենաարդյունավետ տարբերակով: Առաջարկվեց մի քանի թեմա, որոնցից ես ընտրեցի ինձ հոգեհարազատները: Այս գործն ինձ վստահելը մեծ պատիվ էր, մեծ պատասխանատվություն: Ազգաստեղծ, ազգապահպան, հոգևոր ուղղվածություն ունեցող այս թեմաներին անդրադառնալը շատ կարևոր է այսօր: Որքան գնում եմ պատմության խորքերը, այնքան տեսնում եմ, որ կարծես մեր օրերի մասին լինի անցյալի պատմությունը, կարծես ամեն ինչ կրկնվում է: Մեր դժբախտությունների պատճառը հիմնականում եղել է այն, որ մենք անմիաբան ենք եղել: Այս են վկայում թե՛ անցյալի պատմությունը, թե՛ այսօրվա ճշմարտությունները: Նայենք մեր այսօրվա անկախությանը: Սա անկախությո՞ւն է: Ես էլի եմ առիթ ունեցել ասելու, որ սա չեկիստների արած հեղափոխությունն էր: ՈՒ ոմանց համար սա արքայություն է, ոմանց համար` դժբախտություն: Մի տեսեք, թե ովքեր են այսօր իշխանության գլխին, ում ձեռքում են իշխանության լծակները: Բթամիտ պիտի լինես, որ չհասկանաս: Մենք գործ ունենք հոգեպես, ֆիզիկապես աղետալի վիճակում գտնվող երկրի հետ: Խոսքս, իհարկե, մեր Հայաստանի մասին է: Նույնպիսի ժամանակներ էին ութերորդ դարում` Աշոտ Երկաթի ժամանակներում, որի մասին հրաշալի վեպ ունի Մուրացանը:


«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԸ ԻՍԿԱԿԱՆ ԽԱՉԱԿԻՐ Է, ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ»
-«Գևորգ Մարզպետունին» լավագույն հայ պատմավեպերից է: ՈՒ եթե այնտեղ գլխավոր գործիչը սպարապետ Մարզպետունին էր, Ձեր վիպակում առկա է նոր մոտեցում, իրադարձությունների կենտրոնն ու շարժիչ ուժը Աշոտ Երկաթ թագավորն է:
-Իմ գրքում էլ հարգանքի տուրքը կա Գևորգ Մարզպետունու հանդեպ, բայց, իհարկե, առաջնայինը Աշոտ Երկաթի կերպարն ու անձն են: Ես որքան շատ գրեցի Աշոտ Երկաթի մասին, այնքան այդ կերպարը բարձրացավ իմ աչքում: Գիրքը կոչվում է «Աշոտ Երկաթի խաչը»: Նա իսկական խաչակիր է, իսկական տղամարդ: Եթե մեր այսօրվա ղեկավարներն էլ այդպես մտածեին, մենք այսօր չէինք ունենա այն խնդիրները, որոնց պատճառով քանդվում է մեր տունը: Մի այսօրվա համասեռամոլներին նայեք: Ես դա համարում եմ մեր օրերի մեծագույն աղետը: ՈՒ մեծ սրբապղծություն է, երբ այդպիսիները, որ հոգեպես շեղված անձնավորություններ են, կրում են մեր փառահեղ նախնիների` Աշոտի, Դավթի, Հայկի անունները: Աշոտը ամեն գնով ձգտում էր գահաժառանգ ունենալ: ՈՒ կնոջը դավաճանելու փաստերը ես դրանով եմ պատճառաբանում: Մուրացանը ստեղծել է Ասպրամի կերպարը, սիրո մի գեղեցիկ պատմություն է ներկայացրել: Բայց սա չի նշանակում, որ Աշոտը առաքինի չէր:
-Ձեր վեպում էլ սիրո մեկ այլ պատմություն կա` Աշոտ Երկաթի և Հռոմի արքունիքում ապրող Դորիսի պատմությունը:
-Այո՛, և դա պատահական չէ: Օտարները շատ լավ գիտեն մեր արժեքը: ՈՒ թեև Դորիսի սիրո պատմությունը գեղարվեստական է, բայց շատ տրամաբանական է: Աշոտին թույլ չէին տա օտար արքունիքում մնալ առանց ուղենիշի: Բայց Աշոտը թողեց ամեն ինչ ու եկավ իր երկիր, որովհետև այդ երկիրը խայծ էր արաբների ու բյուզանդացիների միջև: Աշոտը պիտի իր վրա վերցներ այդ երկրի պատասխանատվությունը: Աշոտը եկավ և տեր կանգնեց իր երկրին: Նա գիտեր, որ, բացի արտաքին թշնամիներից, մենք ունենք նաև ներքին թշնամի` մեր պառակտված ուժերը: Այսօր էլ նույն վիճակն է: Մենք լքում ենք մեր երկիրը, որովհետև ներսում չկան համաձայնություն, միաբանություն: Մարդիկ լքում են երկիրը, որովհետև այստեղ իրենց հայրենակիցները թույլ չեն տալիս սեփական հացը վաստակել, լիարժեք ապրել: Աշոտն իր ժամանակին եկավ Հայաստան, որ այդպիսի բաների դեմ պայքարեր: ՈՒ «Երկաթ» մականունը նրան տրվել էր ոչ միայն ֆիզիկական ուժի պատճառով, ոչ միայն այն բանի համար, որ նա ձեռքերով կարողանում էր կռել երկաթը, այլև այն պատճառով, որ կամքով էր ամուր, երկաթի նման: Նա մաքրեց երկիրը օտար ցեղերից: Հայրը սպանված էր, երկիրը ծանր վիճակում էր, բայց Աշոտը իր կամքի, բնավորության ուժով կարողացավ շտկել դրությունը: ՈՒ թեև Հռոմում կար Դորիսը, Աշոտը չմնաց Հռոմում, իբրև խաչակիր` եկավ իր առաքելությունն իրագործելու հայրենի երկրում, տեր կանգնելու անտեր մնացած հողերին: Մեզ մշտապես ուղեկցող իշխանական երկպառակությունների դժբախտությանը գումարվեց նաև Աշոտի անձնական դժբախտությունը. Գարդմանա իշխանի դուստրը իր համար երեխա չծնեց: ՈՒ թեև Աշոտը կուրացրեց աներոջն ու աներորդուն, նա իր ներսում հոգի ունեցող մարդ էր, իրեն երբեք չներեց այդ արարքի համար: Աշոտը եղերական կերպար էր: Եվ ես այս տեսանկյունից եմ փորձել մեկնաբանել նրա կերպարը: ՈՒ ինձ համար նա շատ սիրելի մարդ է: Սիրելի, դժբախտ, ասպետ անձնավորություն: Մինչև վերջ նա մարդ մնաց: Ոչ մի համեմատություն չի կարող լինել, օրինակ, Ներոն բռի կայսեր և Աշոտ Երկաթի միջև: Աշոտը երբեք չստորացրեց թագուհուն: Թագուհին մշտապես մնաց չսիրված, բայց իր բարձրության վրա գտնվող, հարգված տիկնոջ դերում: Սա մեր օրերի համար էլ պիտի ուսանելի օրինակ լինի, մեր այսօրվա տղամարդիկ էլ այսպես պիտի վարվեն իրենց անձնական, ընտանեկան հարաբերություններում: Աշոտ Երկաթը աստվածասեր մարդ էր, այդ պատճառով էլ սիրված էր Աստծու կողմից: Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը բուժում է տասը բորոտի. բորոտությունը մահվանից ավելի սարսափելի պատիժ է: Եվ Հիսուսը փրկում է տասը մարդու այդ դժբախտությունից: ՈՒ նրանցից միայն մեկը կռացավ ու երախտագիտություն հայտնեց Հիսուս Նազովրեցուն: Մնացած ինը որևէ կերպ շնորհակալ չեղան: Հիմա մենք էլ Աշոտի հանդեպ երախտագետ չենք: Հատկապես Հովհաննես Դրասխանակերտցին է ջանադրաբար պախարակել Աշոտին: Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը: Ես փորձել եմ ինչ-որ կերպ Աշոտ Երկաթի հանդեպ անարդարացի վերաբերմունքը վերանայել, այն բացը լրացնել, որ թողել են պատմության մեջ անցյալի վկայողները:
-Ձեր գրքի վերջում մեջբերում կա Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» հուշագրությունից: Համաձայն այդ գրառման` Աշոտ Երկաթի կերպարը, նրա խորհրդանիշը թալիսմանի արժեք են ունեցել հայ ընտանիքների կյանքում: Մասնավորապես, գրողի թոռնուհին` Վանուհի Թովմասյանը, վկայում է, որ չորս երեխա կորցրած Լեռ Կամսարը կարեկից մարդկանց խորհրդով իր հինգերորդ զավակին տալիս է Աշոտ Երկաթ անունը: Այս անվան շնորհիվ ոչ միայն պահպանվում է այդ երեխայի կյանքը, այլև նրանից հետո ծնվում ու ապրում են ևս երկուսը` Նաթանն ու Նուռան: Փաստորեն, անկախ պատմիչների, վկայողների ոչ միշտ բարեհաճ վերաբերմունքից, ժողովուրդն ունեցե՞լ է իր յուրահատուկ վերաբերմունքը Աշոտ Երկաթի նկատմամբ, ավելին` սրբագործե՞լ է նրա անունը, հիշատակը իր հավատալիքների մեջ:
-Շատ ճիշտ եք նկատել: Հենց Ձեր կողքին դրված է այդ գիրքը` Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»: Ես այդ պատմությունը կարդացի ու որոշեցի մեջբերել իմ գրքում: Սա իրողություն է: Երեխան իրոք փրկվել է, ապրել` շնորհիվ Աշոտ Երկաթ անվան:


«ԱՅՆ ՈՐՈՄԸ, ՈՐ ՑԱՆՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ, ԻՐ ՎԱՏ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ՏԱԼԻՍ Է»
-Մատենաշարն ունենալո՞ւ է շարունակություն:
-Այո՛, ունենալու է:
-Կարո՞ղ եք մանրամասնել: Ի՞նչ գրքեր են սպասվում առաջիկայում այս մատենաշարի շրջանակներում:
-Դա կախված է հանձնաժողովի պլաններից: Առաջ Աստված: Մարդը կամենում է, Աստված` տնօրինում: Ամեն տարեվերջի հանձնաժողովն ունենում է հավաք, քննարկում համապատասխան թեմաները և ընտրում ամենանպատակահարմարը: Եթե ինձ առաջարկ արվի նոր գիրք գրելու, սիրով կստանձնեմ, որովհետև սա մի կարևոր գործ է, որ արվում է մեր ապագա հայրենակիցների համար: Բայց ես խորին ցավով եմ մտածում, թե արդյոք մեր երեխաները վաղը կարդալո՞ւ են գրքեր: Մի ցավոտ իրողության մասին եմ ուզում խոսել: Վերջերս մամուլում կարդացի, որ մի դպրոցական երեխա շարադրության մեջ գրել է, թե ինքը հայրենիք չունի, իր հայրենիքը աշխարհն է: Այսինքն, այն որոմը, որ ցանվում է այսօր, իր վատ պտուղները անխուսափելիորեն տալիս է: ՈՒ կրկին պիտի անդրադառնամ ինձ համար ամենացավալի թեմային` համասեռամոլությանը, որն ինձ հանգիստ չի տալիս: Եվ ժամանակներն են այլանդակ: Դարեր շարունակ այդ երևույթը պախարակվել է, դատապարտվել է, իսկ այսօր այդ շեղվածները վայելում են հովանավորություն, դրանց չի կարելի դիպչել: Երբ մենք երիտասարդ, սիրունատես աղջիկներ էինք, ու մեզ փողոցում որևէ ամբարտավան անհանգստացնում էր, մարդիկ միջամտում էին, մեզ պաշտպան էին կանգնում: Հիմա այդ արարածները կարող են բացեիբաց արտահայտել իրենց սանձարձակ մղումները և մնալ անպատիժ: Ոչ ոք նրանց դեմ վճռականորեն չի պայքարում: Մարդիկ այնքան են լկտիացել, որ «գեյ-շքերթ» անելու նպատակ են հետապնդում: «Մարդիկ» էլ ասում եմ: Այս բառն էլ պիտի վերանայել, երբ խոսվում է դրանց մասին: Դրանց վարքը սրբապղծություն է, դա մեր ազգի տունը քանդում է: Այդ արարածների ջրաղացին ջուր լցնողներին` գրանտների տեսքով, պիտի ուղղակի առաջարկվի, որ իրենց երեխաներին ու թոռներին տանեն ու ի սպաս դնեն դրանց զոհասեղանին: Դրանք ժողովրդի՞ն են ուզում զոհաբերել, ուրեմն թող բարի լինեն նախ և առաջ զոհաբերել իրենց սեփական սերունդները: Մեր Ազգային ժողովի պատգամավորները չեն փայլում բանիմացությամբ, չեն կարողանում վերջ դնել այս իրողություններին մեր երկրում: Այսօր քրիստոնեությունից ավելի վթարային վիճակում գտնվող կրոն աշխարհում գոյություն չունի: Մադոննա կոչեցյալ երգչուհին, որ ամիսը մեկ, միլիոնավոր դոլարներ վճարելով, որևէ մեկի հետ ամուսնանում է, իր մերկ հետույքով Ստամբուլում նստեց խաչի վրա: Սրանից մեծ սրբապղծությո՞ւն: Որտե՞ղ է Հռոմի պապի խիղճը, որտե՞ղ է մնացյալ քրիստոնեական աշխարհը, որ թույլ են տալիս այսօր մեզ կուլ գնալ իսլամին: Դարեր շարունակ կյանքն ունեցել է տրամաբանություն, հավատ, եղել են գիտություն, կրոն, մաթեմատիկա, հանրահաշիվ: Այսօր կա մի սոսկալի հաշիվ` փողի հաշիվը: Մենք բոլորս զոհ ենք գնում այդ հաշվին: ՈՒ այդ հաշվին զոհ գնալով` վաղը ամբողջ Եվրոպան կիսլամանա: Գերմանիան լեցուն է թուրքերով: Ֆրանսիան պաշտոնապես ընդունեց համասեռամոլությունը: Մենք որ այս բաների վրա ուշադրություն չդարձնենք, ո՞վ պիտի դարձնի: Չէ՞ որ մեր տունն է քանդվում: Այն, ինչ Հիտլերը չկարողացավ անել, այսօր արվում է մեր աչքի առաջ: Մարդը, որ ժամանակին պոեզիա էր կարդում, այսօր եթերից նույն առոգանությամբ կարդում է գարեջրի ու լոտոյի գովազդ: Ես ուզում եմ այդ մարդուն ասել. «Ա՛յ մարդ, էդ գարեջուրն ու լոտոն մեր արյունն են, տեղյա՞կ ես»: Այս ամենում ո՛չ խիղճ կա, ո՛չ խելք: Ի դեպ, խիղճն ու խելքը համաքայլ են իրար: Եթե խիղճը կա, խելքն էլ կլինի: Խելքը կա, խիղճն էլ կլինի: Տեսեք` ինչ օրի ենք հասել. իմ դուռը օրը երեք մարդ է ծեծում. երկուսը հաց են ուզում, մեկն աղանդավոր է: Սա է մեր իրականությունը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ