Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է

Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է
16.10.2013 | 15:30

Սոս Սարգսյանը կյանքից հեռացավ վերջերս, երբ մեր երկրում անորոշ, գաղջ մթնոլորտ է: Երբ խառնաշփոթ իրականությունը նսեմացնում է ցանկացած նախաձեռնություն, խամրում հույս, հավատ, երազանք… Սոս Սարգսյանն այս մթնոլորտին ընդդիմացավ: Նրա խոսքը, միտքը կարծես սթափեցնող լիցքեր էին: Սոս Սարգսյանը պատահական մարդ չէր` հայ բեմարվեստի վերջին նահապետն էր: Ընդունված ավանդույթ է. կարեկցանքի, երախտիքի խոսքեր ասել կյանքից հեռացած երախտավորի մասին, շեշտել նրա արժանիքներն ու մնայուն գործերը: Նրա սթափեցնող ու զգաստացնող խոհերն ու ցանկությունները քիչ չէին: Մեկի իրականացումը ժամանակավրեպ չէ, որի մասին ցանկանում եմ հիշատակել:

Անկախ Հայաստանի առաջին օրից վարպետին մտահոգել են ՀՀ զինանշանի տեսակն ու տեսքը որակապես նոր պետականության գիտակցական և արժեքային համակարգի տիրույթում: Նրան դուր չէր գալիս նոր զինանշանը և հիմնավորում էր այսպես. «Բանն այն է, որ Հայաստան եկող մարդն առաջինը, որ պետք է տեսնի` Արարատն է, քանի որ այն մեզ համար ուղղակի լեռ չէ` խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է: Դա մեր բողոքն է աշխարհին, որ այն վայրը, որտեղից մենք սկիզբ ենք առել, խլված է մեզանից: Դա մեծ անարդարություն է»: Դժվար է չհամաձայնել վարպետի հետ:
Այնուհետև շարունակում է. «Երբ Մարտիրոս Սարյանին հարցնում են` ո՞րն է Ձեր լավագույն ստեղծագործությունը, նա միանգամից պատասխանում է` Հայաստանի գերբը»:
Իսկապես, ներկայիս զինանշանի վրա խոշորացույցով պետք է փնտրել մեծ ու փոքր Մասիսների ուրվագիծը, իսկ հայոց հողի բերքատվության խորհրդանիշները` ցորենի հասկը և խաղողի ողկույզը, իսպառ բացակայում են: Վարպետը համոզված էր, որ հարցի լուծման համար հանրաքվե անցկացնելու արդյունքում ժողովրդի 99 տոկոսը իր հետ համամիտ կլիներ: Հուշ-մտավորականի ցանկությունը հստակ էր. զույգ Արարատները պետք է իշխող դիրք ունենան մեր զինանշանի համապատկերի վրա:
Գուցե այսօր` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր մտավորականները, պետական այրերը հավաքական գտնվեն, ազգանպաստ վերաբերմունք դրսևորեն, մեր թատրոնի նահապետի` Սոս Սարգսյանի հնչեցրած պահանջը, որպես հավաքական պահանջ, կյանքի կոչեն, և հայության ուհայոց լեռնաշխարհի խորհրդանիշ Արարատ լեռան վեհաշուք պատկերը դաջվի ՀՀ զինանշանի վրա:


Մարտին ԱՍԼԱՆՅԱՆ
Ինժեներ նախագծող

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ