Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ա. Օգրինչուկ. «Հոբոյը գործիքների արքան է»

Ա. Օգրինչուկ. «Հոբոյը գործիքների արքան է»
05.10.2013 | 15:00

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ մեծահամբավ հոբոյահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Ալեքսեյ Օգրինչուկի (Ռուսաստան) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները ներկայացրին այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համատեղ համերգը, որն իրականացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ինքն Ալեքսեյ Օգրինչուկի հետ համագործակցության փորձ ունի. առաջին անգամ հանդիպել են 2011 թվականին, սակայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ Ա. Օգրինչուկը հանդես է գալիս առաջին անգամ։ Համերգին կներկայացվեն Շտրաուսի և Ստրավինսկու ստեղծագործությունները։ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ փողային գործիքներն այսօր մեծ պահանջարկ ունեն աշխարհում, իսկ ինքը՝ Ալեքսեյ Օգրինչուկը, պահանջված ու զբաղված երաժիշտ է։

Ալեքսեյ Օգրինչուկը տեղեկացրեց, որ արդեն փորձեր ունեցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, և բարձր գնահատեց երիտասարդ հայ երաժիշտների մասնագիտական վարպետությունը։ «Մենք շատ լուրջ ստեղծագործություն ենք կատարելու, Սերգեյը շատ լավ և բարդ ծրագիր է ընտրել, ինչն ազդակներ է հաղորդում երիտասարդ երաժիշտներին»,- ասաց երաժիշտը։ Նա տեղեկացրեց, որ ինքը երաժշտական ընտանիքից է, ծնողները դաշնակահարներ են, և որոշել են, որ Ալեքսեյը փոքր հասակից պետք է զբաղվի երաժշտությամբ։ 6 տարեկանից դաշնամուր է նվագում, 9 տարեկանից՝ հոբոյ։ Ընդ որում, հոբոյն ընտրել է հենց ինքը։ «Ես փոքր հասակից այցելում էի տարբեր համերգների, լսում սիմֆոնիկ, օպերային, կամերային երաժշտություն, և միշտ նվագախմբում տարբերում ու ընտրում էի հատկապես հոբոյի ձայնը։ Շատերը խորհուրդ չէին տալիս ինձ զբաղվել հոբոյով։ Հոբոյը գործիքների արքան է, բայց միևնույն ժամանակ այն ֆիզիկապես ամենածանրն է, ինչը պայմանավորված է ձայնարտադրության հետ։ Հոբոյը քմահաճ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ գործիք է»,- ասում է Ալեքսեյ Օգրինչուկը։ Նա նաև նկատում է, որ շատ լավ տեղյակ է Արամ Խաչատրյանի երաժշտությանը, թեև երբևէ չի նվագել։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ