ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Կենսագրությունը, որ եղել է իմը, հազարավոր ինձ նմանների կենսագրությունն է»

«Կենսագրությունը, որ եղել է իմը,  հազարավոր ինձ նմանների  կենսագրությունն է»
09.04.2013 | 11:53

Արվեստաբան, հեռուստալրագրող ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ` «Ասմունքի արքան. Վլադիմիր Աբաջյան» գրքում տեղ են գտել ակնարկներ, հոդվածներ, բանաստեղծություններ, հիշողություններ հայ մեծ դերասան, ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մասին: Զետեղված են նաև հարցազրույցներ անվանի դերասանի հետ: Ինչպես նշվում է գրքում, այդ նյութերը պատմում են մեր ժամանակի լավագույն ասմունքող Աբաջյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Դրանց շնորհիվ ընթերցողն ավելի մոտիկից է ծանոթանում Վլադիմիր Աբաջյան մեծատառով մարդու, անկրկնելի արտիստի, սկզբունքային քաղաքացու հետ:

Գրքում ներկայացված են հայաստանյան և սփյուռքի մամուլում տարբեր տարիներին տպագրված գործեր: Հեղինակը փորձել է չխմբագրել, չկրճատել իր գործընկերների գրառումները, ուստի կարելի է հանդիպել նաև դերասանի մտքերի, խոհերի կրկնությունների: Ըստ Գ. Ղազարյանի, դրանք անհրաժեշտ են, որպեսզի ավելի ամբողջական դառնա դերասանի կերպարը, որն անմնացորդ նվիրել է իրեն Մայր թատրոնին, հայ պոեզիային, հայ ժողովրդին:
«Դերասանի առաջին հաջողությունը Սեյրանն էր,- գրում է Գ. Ղազարյանը գրքի առաջաբանում:- Շռնդալից հաջողություն էր: Հանդիսատեսը հիշեց երիտասարդ դերասանին, հիշեց և սիրեց: Վլադիմիր Աբաջյանի հետ հաճախ եմ եղել մեր հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում: Ասել, թե ժողովուրդը նրան սիրում է, քիչ կլինի: Ժողովուրդը նրան պաշտում է: Ես տեսել եմ, թե ինչպես է հոտնկայս նրան դիմավորել հանդիսատեսը: Հոտնկայս էլ ճանապարհ է դրել բեմից: Յուրաքանչյուր բանաստեղծությունից հետո հնչել են բուռն ծափահարություններ: Ավելին` եղել են գյուղեր, երբ հանդիսատեսը, իմանալով, որ համերգի է եկել Վ. Աբաջյանը, նրա ոտքերի տակ ոչխար է մորթել»:
Գ. Ղազարյանը նկատում է, որ այդ մեծ ժողովրդականություն վայելող, ճանաչված դերասանը չափից ավելի համեստ մարդ էր: «Ինքնամփոփ: Փառասիրությունը շատ էր հեռու նրանից: Դահլիճը թնդում է ծափերից, ծաղիկներ, ժպիտներ, իսկ նա կարծես սկսնակ դերասան լինի: Կանգնած է բեմում, ամոթխած, իր մեղմ ու մի փոքր հեգնական անկրկնելի աբաջյանական ժպիտով` գյումրեցու ժպիտով»,- պատմում է հեղինակը և հավելում, որ չնայած համեստությունն այսօր ընկալվում է որպես արխաիկա, այնուամենայնիվ, իրականում դա գալիս է դերասանի ներքին բարձր կուլտուրայից, ինտելեկտից:
Պարզվում է, դերասանը նաև բավականին անփույթ է իր անձի նկատմամբ: Աբաջյանի անձնական արխիվում չկա նրա լավագույն դերակատարումներից մեկի` Նեզնամովի լուսանկարը: Բացի այդ, լինելով շատ մտերիմ հայ բանաստեղծներ Պ. Սևակի, Հ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Վ. Դավթյանի հետ, լինելով նրանց ստեղծագործությունների անզուգական մեկնաբանը, Աբաջյանը նույնիսկ լուսանկարներ չունի նրանց հետ:
Աբաջյանը, ըստ Գ. Ղազարյանի, նաև ճանապարհի հիանալի ընկեր է, հետաքրքիր է նրա հետ շփվելը, հետաքրքիր է լսել նրա զրույցները մեր բեմի մեծերի, պոեզիայի մեծերի մասին:
Առայսօր չկա գիրք Աբաջյանի մասին, գիրք, որը ներկայացնի նրա արվեստի յուրահատկությունը, նրա վարպետության առանձնահատկությունները, և Գ. Ղազարյանը հույս է հայտնում, որ այս առաջին փորձը կոգևորի մեր թատերագետներին: «Չէ՞ որ հազվադեպ են ծնվում նման դերասանները, դերասան, ում ժողովուրդը կոչում է ԱՍՄՈՒՆՔԻ ԱՐՔԱ»,- ընդգծում է նա:
Նշենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման արժանացած մեծ վարպետը Տերյան, Իսահակյան, Չարենց և Սևակ է հնչեցրել ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, Չեխոսլովակիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Բուլղարիայի, Կանադայի, Քուվեյթի, Իրանի, Արաբական Էմիրությունների, Ֆրանսիայի, Հոլանդիայի և այլ երկրների բեմերից:
ՈՒշագրավ է «Հիւսիսափայլ» թերթում (1-9 հոկտեմբեր, 2005) Վ. Աբաջյանի համառոտ ինքնակենսագրականը:
«Անասելի դժվար է, երբ մարդը ստիպված է խոսել իր մասին,- գրում է նա:- Կենսագրությունը, որ եղել է իմը, հազարավոր ինձ նմանների կենսագրությունն է… Դեռ պատանի տարիներից ինքնամոռաց կարդում էի մեր մեծ գրողների գործերը, թերևս շատ բան չհասկանալով: Հետագայում, երբ հասու եղա ընդունելու, թափանցելու նրանց գործերի խորքը, նոր հասկացա, որ իմ փոքր ժողովուրդը աշխարհին տվել է հանճարեղ բանաստեղծների մի ամբողջ փաղանգ, վերջապես Մաշտոց, Նարեկացի, միջնադարի և արևմտահայ շքեղ պոետներին, մինչև Պարույր Սևակ, և դեռ հուսով եմ` կգան նորերը, ովքեր կշարունակեն իրենց մեծ նախորդներին:
Չեմ ուզում ձանձրացնել շատախոսելով, միայն կասեմ, որ թատրոնը եղել է և մնում է ինձ համար առաջին Սեր»:
Դերասանը պատմում է, որ շրջել է աշխարհի տարբեր երկրներում, հայերեն ներկայացրել մեր մեծերին, և իրեն հասկացել է նույնիսկ օտարազգին: Միացյալ Նահանգներում հյուրընկալվել է մի ամերիկուհու տանը, տղաներից մեկը խնդրել է որևէ բան կարդալ տանտիրուհու համար: Կարդացել է երկու փոքր բանաստեղծություն Վահան Տերյանից: Տղաներից մեկը ուզել է թարգմանել, տանտիրուհին ընդհատել է նրան. «Հարկավոր չէ, ես լրիվ հասկացա…»:
Անվանի արտիստը կենսագրականում նշում է նաև, որ իր իդեալը եղել է և կմնա մեծն Փափազյանը, ում բազում իմաստություններից մեկը ամուր մխրճվել է իր սրտում: «Յուրաքանչյուր անհատ այս կամ այն կերպ է սկսում իր կյանքը. մարդու կյանքի ո՛չ սկիզբը, ո՛չ էլ նրա տևողությունը իր կամքից չեն կախված: Եթե մարդը պատասխանատու չէ իր կյանքի սկզբի համար, վերջավորության համար նա պատասխանատու է անպայման»:
«Ասմունքի արքան. Վլադիմիր Աբաջյան» ժողովածուում տեղ է գտել նաև «Խոսք Աբաջյանին» (նամակներ, բանաստեղծություններ) բաժինը:
Գրքի հրատարակման հովանավորն է ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ