Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տեխնոլոգիաները մուտք են գործում գյուղմթերքի սպառման շուկա

Տեխնոլոգիաները մուտք են գործում գյուղմթերքի սպառման շուկա
10.11.2015 | 11:34

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսության ոլորտ։ Շատ շուտով կթողարկվի armagro.am կայքը, որը կներկայացնի Շիրակի մարզի 30 գյուղական համայնքների գյուղատնտեսական արտադրանքը։
Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի կազմակերպիչները նշում են, որ Շիրակի մարզում գյուղատնտեսությունում զբաղված է մարզի զբաղված բնակչության 26,9 %-ը: Գործելով որպես անհատական գյուղացիական տնտեսություն՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձինք, բացի արտադրանքի թողարկումից, ստիպված են զբաղվել նաև իրենց արտադրանքի իրացման շուկաներ փնտրելով, ինչը շատ անգամ անհաջողությամբ է պսակվում, և գյուղացիական տնտեսությունը զգալի կորուստներ է կրում: Շատ հաճախ գյուղատնտեսական գործունեությունը պլանավորելիս գյուղացիներն ունկնդիր չեն լինում շուկայում գործող պահանջարկին և մրցակիցների արտադրած գյուղմթերքի առանձնահատկություններին: Գյուղատնտեսական գործունեությունը, լինելով ձեռնարկատիրական գործունեության դրսևորումներից մեկը, պահանջում է ոչ միայն արտադրական գործունեություն, այլև ռազմավարական պլանավորում, մարքեթինգային միջոցառումների իրականացում, կառավարման համապատասխան սկզբունքների ընտրություն, որոնք շատ հաճախ անտեսվում են գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից և հանգեցնում բացասական ֆինանսական արդյունքի: Այս պատճառով գյուղացին ապրանքը վաճառում է հենց իր մոտից գնող վերավաճառողին, որն էլ հետագայում այդ ապրանքը վաճառում է ավելի բարձր գնով՝ իր եկամուտն ապահովելու նպատակով: Այսինքն, վերոնշյալ պատճառներով առաջացած և միջնորդավորված առևտուրը հանգեցնում է գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման: Շատ գյուղատնտեսներ էլ, չկարողանալով գտնել իրացման շուկաներ, դադարեցնում են իրենց գյուղատնտեսական գործունեությունը, հողերը մնում են անմշակ, իսկ գյուղացիները նախընտրում են մեկնել արտագնա աշխատանքի կամ ընդհանրապես մնում են առանց որևէ զբաղվածության:
«Գյուղից դեպի գլոբալ շուկա» ծրագիրը կոչված է կապ հաստատելու գյուղացիական տնտեսության և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի միջև, ինչը կապահովի գյուղատնտեսական արտադրանքի իրացման ուղիների վերլուծությունը և դրանց հասանելիության բարձրացումը: Սա թույլ կտա գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին տրամադրել իրենց արտադրանքի իրացման երաշխիքներ, ստեղծել ապրանքների իրացման ցանցեր, նոր գնորդներ և իրացման շուկաներ, ինչպես նաև պլանավորել արտադրությունը և մասնագիտացնել առանձին համայնքներ որոշակի ապրանքների արտադրության ոլորտում: Այս ամենը կխթանի գյուղատնտեսական գործունեությունը, ինչը զբաղվածության հիմնական տեսակն է մարզերում:
Armagro.am կայքը կպարունակի տեղեկատվություն Շիրակի մարզի 30 գյուղական համայնքներում տարբեր գյուղատնտեսական ապրանքների գծով առկա առաջարկի և պահանջարկի մասին, ինչն էլ կնպաստի գյուղատնտեսական ապրանքների չմիջնորդավորված վաճառքի ծավալների մեծացմանը։
Նախաձեռնողները ծրագիրն իրականացրել են Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Կապեր են հաստատում տարբեր կազմակերպությունների, գործարարների հետ՝ գյուղմթերքի մասին ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու համար։ Սա իրատեսական ճանապարհ է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտաքին շուկա դուրս գալու համար։ Նպատակ կա հետագայում ընդլայնել համայնքների թիվը, ավելի շատ գյուղացիների հասանելի դարձնել այս գործիքը։ Կայքում տրամադրվող ծառայություններն անվճար են, բացի այդ, գյուղացիներին տրամադրվում է խորհրդատվություն։
Տեխնոլոգիական այս լուծումը նոր մշակույթ է գյուղմթերքի սպառման շուկայում, և կազմակերպիչները հույս ունեն, որ այսպիսով կթեթևացնեն գյուղացու գործը։ Ընդ որում, գյուղացիները մեծ ոգևորությամբ են ընդունել այս առաջարկը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ծրագրի հետ։
Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ