Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իսրայելի հայտնի մտավորականները կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Իսրայելի հայտնի մտավորականները կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
11.10.2020 | 19:53

Իսրայելյան հասարակությունը միանշանակ չի վերաբերվում Ադրբեջանին զենքի մատակարարման կառավարության որոշումներին: Վերջին օրերին զուսպ ու չեզոք էր մամուլը, շատ լրատվամիջոցներ շտապեցին ողջունել հումանիտար հրադադարի հաստատման հայտարարությունները: Ցանկացած, նույնիսկ ադրբեջանամետ հոդվածների տակ հրեա օգտատերերը, չհամաձայնելով հոդվածի բովանդակության ու ադրբեջանամետ կարծիքների հետ, գրում էին, որ «բացարձակ անթույլատրելի է զենքի վաճառքն իսլամիստներին ու մասնավորաբար նրանց ջատագով Թուրքիային»: Համատարած լոքդաունի պատճառով երկրում տնտեսական ու քաղաքական ճգնաժամը և օրեցօր ավելացող դժգոհությունը Նեթանյահուի կառավարության դեմ արդեն գրեթե վերածվել է «սև դրոշների» մասսայական բողոքի ցույցերի կառավարության ու կորոնավիրուսի դեմ պայքարի պետական մարմնի դեմ: Եբրայական համալսարանի նախկին ու ներկայիս պրոֆեսորներ ու հայտնի մտավորականներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին կառավարության դեմ: Բաց նամակի ներածականում հրեա մտավորականներն իրենց դժգոհությունն են հայտնում թուրք –ադրբեջանական ագրեսիայի դեմ, նամակի երկրորդ մասը վերաբերում է Իսրայելին.
«Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:


Զենքի վաճառքի ռեալ պոլիտիկ ապագա շահերը, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի սպառազինության սրված գործընթացի հետ կապված` ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման 20-րդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարևոր խնդրի շուրջ»:


«Գարգուլնետ» տեղեկատավական կայքին տրված հարցազրույցի ժամանակ հայտնի ցեղասպանագետ, Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի համահիմնադիր, պրոֆեսոր Իսրայել Չարնին հարց է տալիս. «Ենթադրենք, որ նացիստները ոչ թե հրեաներ էին սպանում, այլ սպանում էին «միայն», ասենք, սլավոններին, գնչուներին և Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ մեր սիրելի Իսրայել պետությունը գոյություն ուներ. Դուք համաձա՞յն եք նացիստներին զենք վաճառել», - իր հարցն Իսրայելի կառավարող շրջաններին է ուղղում հայտնի ցեղասպանագետը: Նա նամակում նշում է, որ Բար Իլանի համալսարանի դասախոսները դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանությունն անվանում էին Հայոց շոահ` Հայկական ողջակիզում, ու հավելում. «Արդեն երկար տարիներ մենք՝ իսրայելցիներս, անկախ լեյբորիստական կամ լիկուդյան կառավարությունների,վիրավորել և վիրավորում ենք հայ ժողովրդին՝ չճանաչելով նրա ցեղասպանությունը պաշտոնապես և ֆորմալ ձևով»:


Քննադատելով զենքի վաճառքը` նա նկատում է, որ իր հայ գործընկերների և ընկերների համար նա կարող է միայն փոխանցել, որ որպես հրեա և որպես իսրայելցի ընկճված է և բարկացած: Իր բողոքի ձայնը բարձրացրել է նաև Հայաստանի հրեական համայնքը, որի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նամակ էր ուղարկել Իսրայելի նախագահին, վարչապետին ու Կնեսետի նախագահին՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին ու նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Համայնքն իր վրդովմունքն էր հայտնել կառավարությանն Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ կապված, որի արդյունքում իսլամիստ ահաբեկիչների ձեռքում է հայտնվում հրեական զենքը և օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների դեմ: Համայնքը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել Իսրայելից: «Ես համերաշխ եմ հայ ժողովրդի հետ ու վրդովված եմ նրանց հետ միասին ռազմական հակամարտության թեժ պահին Ադրբեջանին զենքի մատակարարման փաստերի հետ կապված», - «Ազատությանն» ասաց համայնքի նախագահը: Նա բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Իսրայելից, մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին. «Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքն իրենց պատմական հայրենիքում ապրելու, ու այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, և միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի ու նրան զինող ու ահաբեկիչներ բերող Թուրքիայի նկատմամբ, - ասաց Վարժապետյանը, - Էրդողանի ոչ անհայտ հակաիսրայելյան հռետորաբանությունն, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչների ներկայությունն ադրբեջանական կողմում պետք է ահազանգ լինի Իսրայելի կառավարությանը քաղաքականության վերանայման համար»:


Իսրայելի հայկական համայնքը 100 հազար դոլարի օգնություն է հատկացրել Արցախին, 10000-անոց հայկական համայնքում հանգանակությունները դեռ շարունակվում են, Համահայկական հիմնադրամին իր մասնակցությունն է ցուցաբերելու նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը: Երեկ մոմավառություն էին կազմակերպել Երուսաղեմի հայկական համայնքում հայ երիտասարդները, իսկ 4 օր առաջ էլ` հոկտեմբերի 7 -ին Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Իսրայելի վարչապետի երուսաղեմյան նստավայրի մուտքի մոտ ավելի քան երկու տասնյակ հայորդիներ բողոքի ցույց էին կազմակերպել: Covid-19-ի պատճառով թույլատրված են մինչև 20 հոգով ցույցերը:


ՀՄԸՄ-ի ատենապետ ու հանձնախմբի անդամ Հարութ Բաղամյանն էր նաև կառավարական նստավայրում պահանջում դադարեցնել զենքի վաճառքը. «Մենք` որպես Իսրայելի ազգությամբ հայ քաղաքացիներ, կանգնած ենք կառավարության դիմաց` ի նշան բողոքի ու պահանջում ենք դադարեցնել ադրբեջանական դիկտատուրային զենքի վաճառքը», - ասաց իր խոսքում ատենապետը` հավելելով` այսօր Իսրայելի համար ավելի վտանգավոր է թուրքական վտանգը, քան իրանականը: Նա համեմատեց Թուրքիայի նախագահ Էրդողանին Հիտլերի հետ, որ «սպառնում է Իսրայելին» ու օրեր առաջ հայտարարել է, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է ու Թուրքիայի մաս է: Հայֆայում երկու շաբաթ առաջ էին հայերը բողոքի ակցիա կազմակերպել, իսկ ավելի մասսայական ցույց նախապատրաստվում է անցկացնել Թել Ավիվում կարանտինից հետո:

Դիտվել է՝ 3110

Մեկնաբանություններ