Ձե՞ռ եք առնում
13.03.2020 | 01:42
Այնքան անլուրջ են մեր իշխանությունները մոտենում ցանկացած հարցի, որ առանց սարկազմի անհնար է դիտարկել խնդիրները։ Հայկական հին ու բարի ֆիլմում այս օրերին բնորոշ շատ լավ խոսք կա. «Ձե՞ռ եք առնում, էն կնգա ուշքը գնաց, Մուրադը կատաղեց, Արուսը մի բուռ ա դառել»: Մեր դրկից հարևան երկրի` Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պետությունների կառավարություններին կոչ է արել անհապաղ առավել ուժեղացված պատասխան միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։ «Համավարակի մասին այսօրվա հայտարարությունը գործողության կոչ է ամեն մեկի և ամեն երկրի համար։ Մենք դեռևս կարող ենք փոխել համավարակի ընթացքը, սակայն դա նշանակում է, որ պետք է պայքարել անգործության դեմ: Կոչ եմ անում բոլոր կառավարություններին ոտքի ելնել և հիմա ավելացնել այդ ուղղությամբ ներդրված ջանքերը»,– նշել է գլխավոր քարտուղարը։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հայտարարել էր, որ հիվանդությունն արդեն համավարակի է վերածվել։
Իսկ քարոզարշավի տարերքի մեջ գտնվող Հայաստանի վարչապետն ասում է՝ եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատեն: «Դասականը» կասեր՝ իա՜, իրո՞ք։ Արդեն պաշտոնապես հաստատված 4 վարակակիր կա, զգալի թվով մարդկանց մեկուսացրել եք, էլ ի՞նչ պիտի լինի, որ քարոզարշավի դադարեցման անհրաժեշտություն տեսնեք։
Այդուհանդերձ, երբ Փաշինյանն զգա, որ քարոզարշավում մնացել են ինքն ու իր թիկունքում կանգնած մի քանի հոգի, ահա այդ ժամանակ կորոնավիրուսով պայմանավորված կհայտարարվի քարոզարշավի ընդհատման մասին։ Իսկ մինչ այդ վիրուսն ու՞մ շունն է, մարդկանց առողջությունն էլ՝ հետը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ