-Պարոն Պապոյան, մեզ հետ զրույցում ներկայացաք որպես բաժնի նախկին վարիչ, դա նշանակում է, որ աշխատանքից ազատման Ձեր դիմումը մակագրվե՞լ է։
-Ոչ, ինչպես իմ, այնպես էլ 107 աշխատակցից 88-ի աշախատանքից ազատման դիմումները չեն մակագրվել։
-Իսկ նորանշանակ տնօրենը կո՞ղմ է, թե՞ դեմ այս միավորմանը։
-Մենք խոսել ենք նորանշանակ տնօրենի հետ, ներկայացրել ենք մեր մտահոգություններն ու բացասական դիրքորոշումը։ Սակայն չենք կարծում, որ նա կիսում է մեր տեսակետը։ Ավելին, կարծում ենք՝ նա ժամանակավոր է ստանձնել տնօրենի պաշտոնը, նշանակվել է, որպեսզի այս միացումը արագ իրականացնի։
-Կարծիք կար, որ միավորումը իրականացվում է տնօրեն փոխելու նպատակով, սակայն այս տարվա փետրվարի 26-ից կենտրոնը ղեկավարում է նորանշանակ տնօրենը։ Հետևաբար, միավորման նպատակը տնօրեն փոխելը չէր։ Եթե այս հարցը դիտարկենք զուտ ենթադրությունների դաշտում, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այս միավորումը, ո՞րն է շահը։
-Որևէ տրամաբանական գաղափար չենք տեսնում։ Երևի թե ամբիցիայի խնդիր կա՝ նախարարը ասել է՝ պետք է միավորել և իր խոսքից չի ցանկանում հրաժարվել։ Գուցե խոշորացումների միջոցով փորձ է արվում կառավարելի դարձնել ֆինանսական հոսքերը։ Երևի կհիշեք՝ 2002-2003-ին առողջապահությունում ևս խոշորացման գնացին՝ ստեղծվեցին բուրգեր, որոնք հետո փլուզվեցին։ Ի դեպ, այդ ժամանակ մեր կենտրոնը ևս միավորվեց «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին։ Սակայն գործընթացը չարդարացվեց, և որոշ ժամանակ անց կենտրոնը նորից առանձնացվեց։ Հիմա ի՞նչ, պետք է միավորեն, եղածը քայքայեն, հետո նոր հասկանան սխալը, ինչն ուղղելու համար տարիներ են պետք։
-Պարոն Պապոյան, նախարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միավորումից հետո ֆինանսավորման և աշխատողների թվի կրճատում չի լինի։ Եթե ամեն ինչ պահպանվելու է նույն ձևով, միավորման նպատակը ո՞րն է։
-Այս հարցը մեզ ևս հետաքրքրում է. նախարարը միավորման հիմքում կարևորում է աշխատանքի արդյունավետության բարելավումը, սակայն, երբ հարցնում ենք՝ ի՞նչն է, որ բարելավման կարիք ունի, մեր հարցը մնում է անպատասխան։ Ի դեպ, նախարարը ապատեղեկատվություն է տարածում, ասելով, թե միավորումն արվում է միջազգային փորձից ելնելով, սակայն չի ասվում, որ այն երկրներում, որտեղ նման միավորում է եղել, ՄԻԱՎ-ի վարակի տարածումը մեծացել է։ Երևի այս փաստը միտումնավոր է շրջանցվում։ Ներկայացվում է նաև, որ մեր կենտրոնի սարքավորումներով կհետազոտվեն «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հիվանդները, սակայն չի ասվում թե ինչպես է իրականացվելու հիվանդի տեղափոխումը՝ սանավիացիայո՞վ թե՞ շտապօգնությամբ։
-Ի դեպ, ձեր կենտրոնը մահճակալներ չունի, և մինչև անցած տարի բուժառուները ստացիոնար բուժում ստանում էին «Արմենիկում» ԲԿ-ում։ Հիմա, երբ «Արմենիկում» կենտրոնը լուծարվեց, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը, գուցե սա՞ է նաև միավորման պատճառը։
-Նախ նշեմ, որ աշխարհում ՄԻԱՎ վարակի բուժումը իրականացվում է ամբուլատոր։ Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը, ապա ճիշտ նկատեցիք, առաջ, անհրաժեշտության դեպքում, հիվանդները հոսպիտալացվում էին «Արմենիկում» ԲԿ-ում, և այն լուծարելուց հետո հոսպիտալացումն իրականացվում է «Նորք» ԲԿ-ում։ Հոսպիտալացվածների թիվը շատ փոքր տոկոս է կազմում։ Օրինակ, 2019-ին 2500 բուժառուների 2,5 տոկոսն է կարիք ունեցել ստացիոնար բուժման։ Այսինքն, առանց միավորման էլ այդ խնդիրը լուծված է։
Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ