ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կորոնավիրուսը՝ տնտեսական ու առողջական

Կորոնավիրուսը՝ տնտեսական ու առողջական
29.02.2020 | 10:45

Վեցերորդ օրն է՝ ամբողջ աշխարհում ֆինանսական շուկաները փլուզվում են տրեյդերների ու ներդրողների վախերի պատճառով, որ Covid-19 կորոնավիրուսի բռնկումը համաշխարհային տնտեսությանն է հարվածելու: Հինգշաբթի օրը ամերիկյան Dow Jones դասիչը 1200 կետով նվազեց՝ կորցնելով 4,4%՝ պատմության մեջ ամենացածր ցուցանիշը: S&P 500 դասիչը նույնպես 4,4% կորցրեց, Nasdaq-ը՝ 4,6%. Լոնդոնի FTSE վաճառքն ավարտեց 3,5%-ով ցածր, Nikkei-ի անկումը 2% է: ԱՄՆ-ի ու Եվրոպայի շուկաներում շաբաթական կորուստները 2008-ից, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, ամենամեծն են: 6 օրում ամբողջ աշխարհում արժեթղթերի գինը նվազել է 3,6 տրիլիոն դոլարով: Հինգշաբթի օրվա տվյալներով Մոսբիրժայի ինդեքսը նվազել է 3,4%, РТС դասիչը՝ 5,1%, Մոսկովյան աճուրդի հիմնական արժեթղթերի գներն ընկել են 10%: Պատճառը նավթի գնի կտրուկ անկումն է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով: ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի նախկին տնօրեն Ջանետ Յելենը հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ-ը ռեցեսիայի հասցնել, իսկ Goldman Sachs ներդրումային բանկը զգուշացրել է հաճախորդներին, որ այս տարի պետք չէ շահույթ սպասել: Պատճառը տնտեսական ակտիվության նվազումն է Չինաստանում ու ԱՄՆում և բիզնեսում անորոշության մեծացումը:


Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի՝ 47 երկրներում, մահացել է 57 մարդ, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Չինաստանում, ըստ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի, վերջին մեկ օրում հիվանդության 327 նոր դեպք է հաստատվել, որից 318-ը՝ Հուբեյ նահանգում, արձանագրվել է մահվան 44 դեպք, 41-ը՝ Հուբեյում։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 78 824-ի, հիվանդ են 39 919-ը, ծանր վիճակում են 7 952-ը. 36117 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2 788-ը մահացել է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել համակերպվել կորոնավիրուսի համաճարակի անխուսափելիության հետ:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը և կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա առաջացման ակնհայտ վտանգ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի տարածումը կանխելու համար, և դա անեն հիմա»,- նշել է Գուտերիշը:
Նա անհանգստանում է զարգացող երկրների համար, որ կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար: «Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել է նա:
Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Նիգերիայում, Նոր Զելանդիայում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը: Նիգերիայում կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը հաստատվել է Լագոս նահանգում:


Նոր Զելանդիայում վարակված անձը հոսպիտալացվել է Օքլենդ քաղաքում:
Հունաստանում (3 դեպք) արգելել են բոլոր ակռնավալները: Գերմանիայում 48 հիվանդ կա, Ֆրանսիայում՝ 38, Իսպանիայում՝ 15, Ճապոնիայում՝214, Իրաքում՝ 7, Իսրայելում՝ 2: Ճապոնիայում երկուշաբթի օրվանից փակ են բոլոր դպրոցներն ու բուհերը՝ մինչև ապրիլ: Սաուդյան Արաբիան արգելել է ուժխտավորների մուտքը Մեքքա ու Մեդինա: Թեհրանում և Իրանի մյուս նահանգների ևս 22 մայրաքաղաքներում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Իշխանությունները սահմանափակումներ են դրել Կումի գլխավոր շիա մուսուլմանական սրբավայրեր և Մաշհադ մուտք գործելու վրա: Իրանի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեպքերի թիվը կշարունակի աճել: Մեկ օրում վարակվածների թիվն աճել է 176-ով՝ հասնելով 388-ի։ Միջազգային ավտոսալոնը, որը Ժնևում պետք է անցկացվեր մարտի 5-15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով։ Փետրվարի 28-ին Շվեյցարիայի կառավարությունն արգելք է սահմանել ավելի քան հազար մարդու մասնակցությամբ միջոցառումների անցկացման վրա: Շվեյցարիայում 15 հիվանդ կա։ Չինաստանում Հուբեյ նահանգում կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցներից դուրս գրված մի քանի բնակիչների մոտ վերստին վարակ է հայտնաբերվել, սակայն նրանք չեն վարակել ուրիշներին՝ ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրենը: «Սա նոր տեսակի վիրուս է, հետևաբար պետք է շարունակել հետազոտությունները դրա էությունն ավելի լավ հասկանալու համար, պետք է առավել խիստ հսկողության տակ պահել հիվանդանոցներից դուրս գրվածներին»,- ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրեն Գուո Յանհոնը:


…Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Ու Հայաստանում էլ՝ կորոնավիրուս չկա. «Մինչ օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել՚: Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանել է՝ եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա: Դպրոցներում դասերը դադարեցնելու անհրաժեշտություն չկա. «10 տոկոսից ավել շնչառական վարակներով բացակայությունների դեպքում արդեն զգուշացնող միջոցառումներ կարող են արվել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց՝ ընդհարապես իր տեղու՞մ է առողջապահության նախարարը: Թերևս ոչ այնքան, այլապես Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ չէր նշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կամ էլ այն պատճառով, որ հենց այս օրերին Արսեն Թորոսյանը գերզբաղված է … ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելով: Ճիշտ ժամանակին ընդունված որոշում, որ վկայում է նախարարի մասնագիտական անմեղսունակությունը:

Դիտվել է՝ 11686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ