ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր հայացք աշխարհագրության անեծքին

Նոր հայացք աշխարհագրության անեծքին
04.01.2020 | 14:14

Մենք գնում ենք նեղլիկ միրոավտոբուսով խաղողի տնկիների միջով, որոնց որթերի վրայի ողկույզներից են սարքում համաշխարհային ճանաչում ունեցող հայկական կոնյակը (որ խմել են նույնիսկ երկրորդ աշխարհամարտի հաղթողները Յալթայի հանդիպմանը): Ճանապարհը փոսերի մեջ է, ու մենք ձգտում ենք գլխով հենվել միկրոավտոբուսի առաստաղին: Իսկ այդ ճանապարհը մայրուղի է, որ միացնում է Հայաստանի հյուսիսն ու հարավը, ավելի ճիշտ՝ երկու սահմանները՝ երկար սահմանագիծը Հայաստանը բաժանում է Վրաստանից՝ հյուսիսում, իսկ կարճ սահմանը հարավում՝ Իրանից: Սահմանի ամենաերկար հատվածը (Ադրբեջանի ու Թուրքիայի հետ) փակ է: Մենք անձամբ համոզվեցինք՝ դուրս գալով կլոր խաչմերուկ Երասխում: Եթե ուղիղ գնաք, ճանապարհը շուտով կվերջանա ու կսկսվի ամայի տարածք; Հեռվում Նախիջևանն է, որ բնությունը կտրել է Ադրբեջանից, թեպետ այդ հարավկովկասյան պետության կազմում է:


Ձախից շարունակվում է ճանապարհը դեպի Արենիի խաղողի այգիներ, աջից՝ տեղի երկաթուղային կայարանն է ու ճանապարհը, որ հանգում է պատի: Պատը ընդհանուր ուժերով կառուցել են թուրքերն ու քրդերը, որ հայերին կտրեն իրենց պատմական հայրենիքից: Պատ կա նաև Նախիջևանի կողմից: Կառուցել են հայերը, որ պաշտպանեն մայրուղին մյուս կողմի դիպուկահարներից: Պատը կա, բայց մենք հարցրինք՝ հայերը զրահաբաճկոններ չունե՞ն, եթե կրակահերթ սկսվի: Կովկասում ամեն ինչ հնարավոր է: 2016-ին կարճատև պատերազմ բռնկվեց: 4 օրում 350 խաղաղ բնակիչներ ու զինվորներ զոհվեցին: Կոնֆլիկտը սկսվեց, որովհետև ադրբեջանական ուժերը փորձեցին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը՝ ինչպես հայերն են անվանում), որ ղեկավարում են հայերը, թեպետ պաշտոնապես համարվում է Ադրբեջանի տարածք: 4 օրում ադրբեջանական բանակը նահանջեց:
Մենք խմում էինք «Արարատ՚ կոնյակ, նաև հայկական գինիներ ու ցնցող համեղ խորտիկներ էինք ուտում, նորից ու նորից համոզվելով, որ Հայաստանը Կովկասի չբացահայտված էկոգաստրոնոմիական գաղտնիքն է: Ճիշտ է, Արարատը (բացի գծագրությունից) մենք չէինք տեսնում: Ուշ աշնանը հայկական հարթավայրի վրա մշուշ է, նույնիսկ ձմեռային արևը, որ փայլում է երկնքում, հեռավոր հորիզոնը չի բացում: Երևանից երևում է՝ ինչպես է թուրքական սահմանից այն կողմ ամբողջ հզորությամբ շողում Արարատը՝ Հայաստանի խորհրդանիշը, որ հպարտությամբ կրում է Նոյի երկիր անունը: Հեգնանք է, որ հայերը չեն կարող հասնել առասպելական լեռանը, որ 32 կիլոմետրի վրա է՝ թուրքական կողմում: Լեռն անցավ թուրքերին 1920-ի կարճատև թուրք-հայկական պատերազմից հետո, իսկ 1921-ին Լենինը համաձայնեց Արարատը թուրքերին թողնել: Խոր Վիրապ տաճարից, որ 309-ին օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է, Արարատի սքանչելի տեսքն է բացվում: 2004-ից ալպինիստներին թույլատրվում է բարձրանալ Արարատ: Ճիշտ է՝ դրա համար պետք է հատուկ վիզա: Այդ գոտին առաջվա պես ռազմականացված է ու ՀՀ քաղաքացիներին վիզաներ չեն տրվում, նաև նրանց, որ հայկական անուն ու ազգանուն ունեն:


Աշխարհագրությունը առաջվա պես չափազանց կարևոր դեր ունի Հայաստանի քաղաքական կյանքում: Մայրաքաղաք Երևանում, մեծ հրապարակների ու մեծ պուրակների քաղաքում, որտեղ համարյա Փարիզի մթնոլորտ է, կարելի է գտնել նախկին սովետական թափի հետքերը: Լենինի հուշարձանի փոխարեն Հաղթանակի այգում Մայր Հայաստանի հուշարձանն է՝ 51 մետր բարձրությամբ, որ սուրը ձեռքին պաշտպանում է հայրենիքը ցանկացած ոտնձգությունից: Սուրն ուղղված է Ադրբեջանի կողմը, իսկ աչքերը նայում են Թուրքիայի կողմը, որ պարզ վկայում է Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական վիճակը: Նա պաշտպանում է, ոչ թե հարձակվում՝ բացատրում են տեղացիները, քանի դեռ մենք հուշարձանի պատվանդանից հիանում ենք Երևանի համայնապատկերով:
Երևանի հարավային կողմից ևս մեկ բարձունք կա, որտեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է ու հայկական ցեղասպանության թանգարանը՝ տանջալից հիշեցում 1913-1923-ին մեկուկես միլիոն հայերի սպանության ժամանակակից Թուրքիայում: Այն ժամանակ թուրքերն ու քրդերը էթնիկ զտումներ էին անում Արևելյան Թուրքիայում՝ ոչնչացնելով հայերին, ասորիներին, հույներին: Այս բոլոր փաստերը նախկինի պես վիթխարի դեր ունեն հայկական քաղաքականության մեջ ու հույսերի, որ արդարությունը կվերականգնվի, Հայաստանին հասցրել են միջազգային շրջափակման:


Այս վիճակի դեմ ժողովուրդը ապստամբեց 2018-ին: 2018-ի հայկական հեղափոխությունը, որ Հայաստանում ավելի հայտնի է իբրև #MeržirSeržin (որ նշանակում է՝ մերժիր Սերժին), հակակառավարական ցույցերի շարք էր ապրիլից՝ մայիս: Կազմակերպել էին տարբեր քաղաքական ու քաղաքացիական միավորումներ՝ խորհրդարանի նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն է: Սկզբում ցուցարարները բողոքում էին Հայաստանի կառավարության ամենաուժեղ դեմքի՝ Սերժ Սարգսյանի երրորդ մանդատի դեմ: Հետո բողոքները տարածվեցին ամբողջ կառավարության դեմ, որ վերահսկում էր Հանրապետական կուսակցությունը: Փաշինյանն ընդվզումներն անվանեց թավշե հեղափոխություն: Նոր ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանը: Հիմա Սերժ Սարգսյանն ապրում է Երևանի մերձակայքում ու, կարծես, նրան մոռացել են: Ոչ մի կանխանշան չկա, որ նրա դեմ գործ կհարուցվի՝ կոռուպցիայի կամ իշխանության բռնազավթման մեղադրանքով: 2018-ի ապրիլի թավե հեղափոխությունից հետո ինչքան փոփոխություններ են եղել Հայաստանում: Բայց առայժմ այդ փոփոխություններից ոչ բոլորն են ազդել արտաքին քաղաքականության ու աշխարհաքաղաքական կողմնորոշման վրա: Այնուհանդերձ՝ Հայաստանը ձգտում է դառնալ կարևոր գործոն տարածաշրջանային զարգացման մեջ, աննշան ծայրամասային պետությունից դառնալ միջազգային հարաբերությունների հարգարժան սուբյեկտ: Առավել ակնհայտ է դառնում Հայաստանի ձգտումը՝ ղեկավարվել նորից ձեռքբերված պետական ու ազգային շահերով: Այս ամենը նոր Հայաստանը, որ վերջին 20 տարիներին ստվերում էր, միանգամայն այլ երկիր է դարձնում: Բայց որ ավելի կարևոր է՝ ուժերի համաշխարհային սրընթաց փոփոխությունների ու 2018-ի ապրիլից հետո Հայաստանի սոցիալական ամբողջական փոփոխությունների համապատկերում՝ վերածնված ազգը կարող է վերջապես իրեն թույլ տալ աննախադեպ շքեղություն՝ ազատ ընտրել իր ապագան: Առաջին անգամ մի քանի դարերի մեջ:


Վերջին 20 տարիներին ինքնապահպանության ուժեղագույն բնազդը օգնում էր Հայաստանին խուսափել կամ չօգտագործել իր համար Հարավային Կովկասում մեծ խաղացողների շահերի բախումները: Հայատանն իր համար բարիք էր դարձնում այդ շահերի համադրման եզակի պահերը: Դրանում է ոչ միայն հայկական արտաքին քաղաքականության լեյտմոտիվը, այլև Հայատանի ազգային բնավորության էությունը՝ միշտ բազմակողմանի կապեր պահել շրջապատող աշխարհի հետ: Ճոճանակի օրենքն էլ որոշարկել է ազգային նույնականության կողմնորոշիչը: Վճռական պահերին Հայաստանը ղեկավարվել է արևմտյան արժեքներով: Այդպես է եղել և առաջին թավշե հեղափոխության ժամանակ 1988-ին, և 90-ականի սկզբի ժողովրդավարական բարեփոխումներում, և Լեռնային Ղարաբաղում 2016-ի կոնֆլիկտի ժամանակ, երբ հայ ժողովրդի գոյության հարցն էր դրված: Երբ կյանքը վերադարձավ նորմալ հուն, երկրում սկսեց իշխել սովորական հանգստության պատրանքը: Դա նկատելի է և Երևանի փողոցներում: Համալսարանները լեցուն են երիտասարդներով, որ վճռել են մնալ Հայաստանում, նոր երկիր կառուցել արտասահմանում ստացած լավ կրթությամբ: Հարուստ ու բազմամարդ հայկական սփյուռքը սկսեց երկրին փող տալ: Լայնորեն քննարկվում են հարաբերությունները Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի ու Իրանի հետ: Մեծ աշխարհաքաղաքականության ստվերում հայերը տեսնում են երկրի նոր կողմնորոշումը: Համալսարանի դասախոսները, որոնց հետ ես հնարավորություն ունեցա շփվել Երևանում, ասում էին, որ կարելի է անսպասելի քայլերի սպասել, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լուրջ ու արդյունավետ բանակցություններում: Մեծ եռանդ են դրսևորում կառավարության երիտասարդ անդամները, որ դեռ վերջերս աշխատում էին ցածր վարձատրվող աշխատանքներում ու սպասում էին ուսման ավարտին, որ հեռանան ինչ-որ արևմտյան երկիր կամ Ռուսաստան: Հակառակ բոլոր սպասելիքներին՝ 2017-ի նոյեմբերին Սարգսյանը ստորագրեց ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցության համաձայնագիր և նույն ժամանակ Հայաստանը սկսեց համագործակցել Եվրասիական միության հետ: Հայերը բացահայտորեն ավելի իմաստուն էին իրենց հյուսիսային հարևան վրացիներից և չեն ցանկանում բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնել:


Գուցե հայերը չափազանց հին ժողովուրդ են, որ դառնան ոչ մեծ, բայց ծանրակշիռ գործոն ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ: Իսկ գուցե Հայաստանը չափազանց երիտասարդ պետություն է, որ դիվանագիտական միջոցներով լուծի իր երկու սուր խնդիրները արտաքին քաղաքական օրակարգում (խոսքը Ղարաբաղի կոնֆլիկտի ու հարևան Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին է): Կարո՞ղ են քրիստոնյա Հայաստանի լավ կապերը Իրանի հետ ու մուսուլման ժողովրդի հետ կողք-կողքի ապրելու բազմադարյա փորձը ստիպել Հայատանին իր հայացքը ուղղել աշխարհին, որ փոխվում է: Կարո՞ղ է աշխարհագրական փակուղին ի վերջո դառնալ աշխարհաքաղաքական խաչմերուկ, որ ի զորու է հաշտեցնել տարածաշրջանային ու տրանստարածաշրջանային խաղացողների մրցակցող շահերը: Կնահանջի՞ վերջապես «վրիժառու» հայկական աշխարհագրությունը սեփական պետությունը պահպանելու հնարավորության ու սեփական ապագան ինքնուրույն լուծելու իրավունքի առաջ: Կարո՞ղ է հետհեղափոխական «ուղիղ» ժողովրդավարությունը ու Հայաստանի կառավարման համակարգը Հայաստանի դերը միջազգային ասպարեզում ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի բանակցություններում դարձնել ավելի նշանակալից: Իրո՞ք նոր սերնդի աննախադեպ ոը իննովացիոն ակտիվությունը, սոցիալական ցանցերի ու առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը 2018-ի ապրիլին իշխանության խաղաղ փոխանցման մեջ Հայաստանը դարձրել են օրինակելի ձևափոխվող երկիր: Այս բոլոր հարցերի պատասխաններն էի որոնում Հայաստանում գտնվելիս: Ու այդ մասին դեռ կգրեմ:
Վեդրան Օբուչինա, Advance (Խորվաթիա)


Հ.Գ. Մոռացեք փաստական սխալների մասին՝ Վեդրան Օբուչինային երևի ոչ ոք չի ասել, որ 2018-ին Աժ նախագահը Արա Բաբլոյանն էր, ոչ թե Նիկոլ Փաշինյանը ու հակառակ բոլոր սպասումների՝ Հայաստանը ոչ թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեց, այլ անդամակցեց Մաքսային միությանը, ու դա 2013 էր, ոչ թե 2017-ին: Կարևորը մնացածն է՝ կողքից հայացքը մեզ ու դրսից գնահատականը այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում ու հատկապես՝ աշխարհի սպասելիքները Հայաստանից, որ մենք չենք տեսնում ու չենք զգում: Մինչդեռ մեզ է պետք առաջին հերթին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ