«Չմոռանաք, որ առողջ և սրամիտ ծիծաղ առաջ բերելը շատ ավելի դժվար արվեստ է, քան մի ժողովուրդ լացացնելը»:
Ալեքսանդր ՍԱՐՈՒԽԱՆ
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՈԼՈՐԷՋՔ ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ
Երևանը Հայկական աշխարհի սիրտն է, որի բնականոն աշխատանքը խաթարված է ոչ միայն ճարտարապետաքաղաքաշինական այլակերպումներով, այլև գեղարվեստական անհամար, շատ կներեք, բռնաբարումներով։ (Սակայն մի պահ դադար տանք և ի հայտ գանք 5-րդ և 6-րդ դարերի սահմանագծում ու հյուրընկալվենք նշանավոր գիտնական Դավիթ Քերականին, որն ասում է մի առիթով. «Հասարակությանը ծառայելը պայման է արվեստի կատարելության և հարատևության»)։
Թող գիտակ անձինք, այդ թվում նաև մեր նախկին և նոր, խիստ շրջագայասեր իշխանավորները, հաստատեն կամ էլ ժխտեն` արդյոք աշխարհի որևէ մայրաքաղաքում կամ քաղաքում, առհասարակ նշանավոր մեկի անվան հրապարակում տեղադրվու՞մ է մի այլ նշանավորի արձանը։ Հավանաբար կռահեցիք, թե դեպի ուր եմ ուղղում քանդակազարդ նիզակս։ Բայց ավելի լավ է խնդիրն արծարծենք ժամանակագրությամբ, քանզի մեր ընթերցողների երիտասարդ սերնդին որոշ հանգամանքներ անհայտ են։ Մայրաքաղաքի «Երրորդ մաս» թաղամասի առանցքային փողոցներից մեկը հավերժացնում էր խորհրդային իշխանության կուռք, համառուսաստանյան «ստարոստա» Միխայիլ Կալինինին։ Փողոցը փառաբանում էր խորհրդային կայսրության վերնակույտի անդամ գործիչներից երևի թե ամենադիմազուրկին։ Ժամանակին հրապարակում տեղադրվեց հայտնի բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի արձանը։ Հրապարակը, բնականաբար, վերանվանվեց ի պատիվ տիար Սպանդարյանի։ Տարիներ անց Երևանի մետրոյի ամենակարևոր կայարաններից մեկը կառուցվեց վերոնշյալ հրապարակի ընդերքում։ Անկախ Հայաստանում չհանդուրժեցին բոլշևիկյան դրոշմը մայրաքաղաքային հանգույցում և վերանվանվեցին Կալինինի անվան փողոցը Գարեգին Նժդեհի անվան փողոցի։ Քիչ անց վերանվանվեց Սուրեն Սպանդարյանի անվան հրապարակը` Գարեգին Նժդեհի անվան հրապարակի, ամենավերջում էլ, բնականաբար, մետրոյի կայարանը ուսից վար նետեց բոլշևիկյան հանդերձն ու պճնվեց ազգային-ազատագրական պատմուճանով, այլ կերպ ասած` վերանվանվեց Գարեգին Նժդեհի անվան հրապարակի։ Մեր դաժանորեն վերելքավայրէջքային պատմության մեջ նման անվանափոխումներ կարծես եղել են, բայց դժվար թե տեղ է գտել նման մի բան... ահա արդեն քառորդ դար է, ինչ ազգային-պետական գործի ռահվիրա Նժդեհի անվան հրապարակում հաղթահասակ կանգնած է բոլշևիկյան գաղափարախոսության նվիրյալ Սպանդարյանի արձանը։ (Ի դեպ, Սուրեն Սպանդարյանի հայացքը ուղղված չէ դեպի լյառը Արարատ, արձանի դիրքն այնպիսին չէ, սակայն դեպի ու՞ր է նայում պայծառահայացք բոլշևիկը, ինձ անհայտ է)։
(Անկեղծ ասած անտեղյակ եմ, թե արդյո՞ք որևէ ռուսական քաղաքի ինչ-որ հրապարակում, որը կրում է, դիցուք, Գրիգորի Ռասպուտինի անունը, դեռ պահպանվում, հոգատարությամբ խնամվում է Նադեժդա Կրուպսկայայի կիսանդրին։)
ՆՈՐ-ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱԴԱԻԶՄ
Գուցե ՀՀ իշխանակառավարական վերնադասը զուտ կերպարվեստային մի ուղղության է հետևել և այն գաղտնի է պահում Հայկական աշխարհից, հավատարիմ Դավիթ Քերականի` ընթերցողին արդեն հայտնի սահմանումից։ Չէ՞ որ ի լրումն ամեն բանի, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի հարակից լայնարձակ և Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներով զարդարված պուրակում տեղադրված է Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Իսկ դադաիզմը, ի գիտություն ոմանց, ծագել է Ցյուրիխում, ֆրանսերեն արտահայտություն է, որն ունի շատ ուշագրավ բացատրություն` փայտե ձիուկ։ 1920-ականներին դադաիզմը Ֆրանսիայում մերձեցավ սյուրռեալիզմին, որը սիրով ներգրավեց իր մեջ դադաիզմի կիրառած հնարքների որոշ տարիմաստությունները։ Շատ կներեք, անկարող եմ չնշել, որ փոխաբերական իմաստով դադաիզմը նաև ընկալվել է որպես մանկական անկապակցության թոթովանք։ Ի դեպ, դադաիստների քաղաքականացված թևն անվարան կանգնեց հեղափոխական պրոլետարիատի գաղափարների քարոզիչ արվեստի կողքին, այլ կերպ ասած` բոլշևիկացավ։
ՆԺԴԵՀ ԵՎ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ. ԲԱԽՏԱԿԻՑՆԵՐ`ՏԱՐԲԵՐ ԲԱՆՏԱԽՑԵՐՈՒՄ
Գուցե այս ամենում միստիկական ինչ-որ բա՞ն կա։ Միևնույն ժամանակաշրջանում ապրած և կյանքի ուղիները հարթած այս գործիչներին միաբանում է կուսակցական պատվանունը։ Նժդեհ նշանակում է պանդուխտ, թափառական ասպետ։ Գարեգին Նժդեհի, երևելի այս հայորդու մասին շատ բան է հայտնի, հպանցիկ անդրադառնանք հարգարժան բոլշևիկին։ Սուրեն Սպանդարյանը (1882-1916 թթ.) պրոֆեսիոնալ հեղափոխական էր, հրապարակախոս-ժուռնալիստ և գրաքննադատ։ Նա բոլշևիկյան Ռուսաստանի ականավոր դեմքերից էր, պայքարն ընդդեմ ցարի սկսել էր տակավին պատանի հասակում, երբ սովորում էր Թիֆլիսի արական գիմնազիայում։ Նրա հետ հաշվի էր նստում ինքը Լենինը։ Սակայն մեր նյութին առնչվում է նրա կեղծանուններից մեկը` «Իզգոյ»-ը։ Իզգոյն ապադասային անձն է, վտարակը։ Այսպիսով պանդուխտ և վտարակ, գուցե կուսակցական պատվանունների խորհրդավոր առնչությունն է վերոնշյալ երևույթի պատճառը։ Բայց վանենք մեզնից անբացատրելին և փորձենք ելքը գտնել։ Այս մասին հետայսու։ Այժմ հիշեցնում եմ, որ Սպանդարյանի արձանի հեղինակը շնորհալի արձանագործ Թոմ Գևորգյանն է, արձանն արժեքավոր ստեղծագործություն է, վայել Երևանին։
(Երկու զորավոր հայորդիների արձանների տեղակայման գաղափարական ոլորէջքում ըստ իս խոյանում է հայի չար բախտին ձոնված հուշարձանը։ Չէ՞ որ Նժդեհն ու Սպանդարյանը կարող էին ուս ուսի պայքարել հայկական պետականության համար։ Ի դեպ, Սուրեն Սպանդարյանը, ըստ որոշ վկայությունների, աքսորավայրում ճնշել է հենց Իոսիֆ Վիսարիոնովիչին, և դժվար թե ապագա ժողովուրդների հայրն իր աքսորավայրային նսեմացումը մոռանար)։
Ժամանակին, այսինքն երբ Սուրեն Սպանդարյանի անվան հրապարակն անվանափոխվեց, քաղաքային և հանրապետական իշխանությունները հայտնվեցին փակուղում։ Երևանաբնակ արթնամիտները իսկույն գտան ելքը, լուծելով թնջուկն այս ձևով. «Նժդեհի անվան Սպանդարյան հրապարակ»։ Նույն այդ տարիներին առաջարկ կար Նժդեհի արձանը տեղադրելու Մոնումենտի բարձունքում, այնտեղ, որտեղից ազգային պետականության անընկճելի կերտիչը վերջին անգամ տեսավ լյառը Արարատ և քաղաքամայր Երևանը։ Միտքը վատը չէ, անգամ ուշագրավ է։ Սակայն ուշագրավ վայրեր Երևանում շատ կան։
Գարեգին Նժդեհի արձանը շատերի համար է վիճարկելի, բայց ես այն համարում եմ հաջողված։ Հեղինակին (Գագիկ Ստեփանյան) գրավել է երևելու կոթողայնությունը և նա խնդիրը լուծել է, Նժդեհի մեջ տեսնելով ազգային-պետական երևույթ։ Սակայն կարծես թե դոփում եմ տեղում, այնինչ առաջարկի ներկայացման ժամանակն է։
Գուցե փոխատեղե՞լ արձանները, Նժդեհին տեղադրել իր անվան հրապարակում, Սպանդարյանին` խաչքարակերտ պուրակում։ Առաջարկն այս կաղում է աջ ոտքով, կասկած չունեմ, որ հայկական աշխարհում կհնչեն ցասումնալից ձայներ, ոմանք (գուցե անգամ շատերը) սրբապղծություն կհամարեն աթեիստ գործչի հիշատակի հավերժացումը խաչքարերի միջավայրում։
Խնդրի լուծման արմատական տարբերակս եմ ներկայացնում, ակնկալելով խորքային քննարկում նախ արձանագործների, այնուհետև արվեստաբանների և, վերջապես` արվեստասեր հանրության կողմից։ Եկեք երկու հուշարձաններն էլ տեղահանենք, դրանք պահպանենք նորաստեղծ մի թանգարանում բաց երկնքի տակ և Հայկական աշխարհում հայտարարենք մրցույթ` ստեղծել պատմական նշանավոր դեմքերի գործը հավերժացնող և հիշատակը պահպանող խորհրդանշական հուշարձաններ։ Դիցուք Գարեգին Նժդեհին հավերժացնող հուշակոթողը թող իմաստավորի նրա աշխարհայացքի և էության ամենացայտուն հատկանիշները։ Ռազմական գործի փայլուն գիտակ, հրաշալի իմաստասեր և, վերջապես պատմաքաղաքական առաքյալ։ Զանգեզուրի ազատագրմամբ նա ապահովեց Հայաստանի պետականությունը խորհրդային կայսրության կազմում։ Կորցնելով Զանգեզուրը, առհասարակ Սյունյաց աշխարհը, Հայաստանը կհայտնվեր թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական թակարդում։ Չէր բացառվում, որ գրեթե արյունաքամ, համաճարակներով պատված երկիրը ինքնավար մարզի կարգավիճակով ուղղակի բռնակցվեր կամ Վրաստանին, կամ Ադրբեջանին։ Այսինքն Հայաստանում չէին հիմնվի գիտությունների ազգային ակադեմիա, օպերային թատրոն, պետական համալսարան և այլն։ Երկրի արդյունաբերությունը, առհասարակ տնտեսությունը կզարգանային լուսանցքային ձևաչափով։
Սուրեն Սպանդարյանին ի՞նչ կարգի խորհրդանշական հուշարձան կսազեր։ Բարդ է խնդիրը, բայց ոչ անլուծելի։ Նա գաղափարական մարտիկ էր և շատ կուսակիցների նման խորապես հավատում էր, որ իր հայրենիքը` Երկիր Նաիրին, կհառնի մոխիրներից, միայն անդամակցելով բոլշևիկյան Ռուսաստանին։
Առհասարակ մենք կարծես փորձում ենք անսկիզբ ու անվերջ լացացնել ինքներս մեզ, կերտում և տեղադրում ենք մահարձաններ այս ու այնտեղ։ Կարո՞ղ ենք հաշվել, թե քանի արձան, հուշարձան և քանդակ է այսօր հավերժացնում փառահեղ զորավար Անդրանիկին։ Վախենամ, որ տեսանելի ապագայում մենք պարզապես կարձանախեղդվենք։ Տեսեք, ցայտաղբյուրներն ուղղակի բռնազավթել են մայրաքաղաքը։ Բացի ջրի ահարկու և անտեղի կորստից, դրանք բազմաքանակ են այնքան, որ իմաստազրկում ենք երևույթը, չէ՞ որ ջուրը, որպես կենաց ակունք, ունի նաև ծիսական և խորհրդանշական դերակատարում։ Ամենուր մահարձան հիշեցնող արձաններ և քանդակներ են, գեղարվեստական տեսանկյունից խիստ կասկածելի և անհամար ցայտաղբյուրներ։ Երևանը, դուք ինձ ներեք, բայց և այնպես պատվում է թոխմախգյոլային մշակույթի սարդոստայնով։
Գարեգին ՆԺդեհի և Սուրեն Սպանդարյանի հուշարձանների հետ կապված խնդիրը կարգավորելով, հավատացեք, որ հնարավոր է ձերբազատվել գաղափարական ոլորավայրէջքներից։
Մասնավորապես պետք է զարգացնել պարտեզապուրակային մշակույթը թե՛ մայրաքաղաքում, թե՛ հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում։ Բայց սա առանձին խոսակցության նյութ է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ