Էրեբունի-Երևան տոնակատարությունների հրավառությունից ու, ըստ երևույթին, դրա պատճառով Հաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը տեսնելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու «BusWorld Europe»-2019 ցուցահանդեսին: «Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը համայնքի առաջնահերթ խնդիրն է»,- գրել է քաղաքապետը, որ բացառապես օրեր առաջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հանրային տրանսպորտի մասին հարցերին հեղհեղուկ, ոչինչ չասող պատասխաններ տվեց: Ավելին՝ ճոպանուղու և մետրոյի նոր կայարան ունենալու իմ հարցից հետո «դաստիարակչաբար» հորդորեց. «Հարգելիս, կողմնորոշվեք, թե ինչի մասին եք հարցնում»:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից անցել է ուղիղ մեկ տարի: Այս ընթացքում մայրաքաղաքի դիմապատկերը դրականորեն միանշանակ չի փոխվել: Գետնանցումին ու որոշ փողոցներին հարակից մի քանի տաղավար-կրպակներ քանդելուց, Օպերային հարակից այգու ընդամենը երկու սրճարան ապամոնտաժելուց, «Սանիթեքին» մերժելուց ու աղբահանության սեփական ընկերությունն ունենալուց զատ որևէ այլ էական տեղաշարժ չի եղել: Քաղաքապետ ընտրվելուց որոշ ժամանակ անց պարոն Մարությանը հայտարարեց, թե «մահվան վերելակները նորերով փոխարինելու հարցը մարդկանց ուսերին է դրված. «Եթե նոր վերելակ ենք ուզում, պետք է վճարենք դրա համար»: Անհասկանալիորեն հօդս ցնդեց դեռևս նախորդ իշխանությունների պատվերով հասարակական տրանսպորտային նոր ցանցի համար բրիտանացիների կատարած աշխատանքը: Չնայած քաղաքի ներկա կառավարիչները պնդում են, թե բավական ահռելի թիվ արժեցած այդ աշխատանքից օգտվում են, բայց, օրինակ, Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը վստահ է՝ Հայկ Մարությանը դրանից չի օգտվում, իր «հագով չէ»:
Մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանին չի հաջողվել ամբողջությամբ լուծել աղբահանության հարցը: Շենքերի մուտքերի դիմաց կուտակված աղբն ամռան ամիսներին սպառնում էր մարդկանց բնակարաններ ներխուժել, իսկ պատկան մարմինները հորդորում էին աշնանը սպասել: Մեկ տարվա մեջ քաղաքի գլխավոր ճարտարապետը մեկ անգամ չէ, որ հայտարարեց մետրոյի նոր կայարան ու ճոպանուղի կառուցելու մասին: Այս տարվա մայիսի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ պարոն Մեսչյանը բառացիորեն ասաց. «Այս տարի հնարավոր կլինի ճոպանուղու բավական մեծ ծավալ կառուցել: Գոնե սյունաշարը կկառուցենք, կմնան ենթակառուցվածքները, որը հարց չէ»:
Մեսչյանի նշած ժամկետը կավարտվի ընդամենը երկու ամսից, իսկ թե ինչ աշխատանքներ են արվել, օրինակ, սյուների համար քանի փոս է փորվել, թողնում եմ առանց մեկնաբանության: Չեմ մեկնաբանի նաև մետրոյի նոր կայարանների մասին հայտարարությունները, որովհետև իմաստ չունի անդրադառնալ չարչրկված մի թեմայի, ինչն «անունը կա, ամանում չկա» տրամաբանության տիրույթում է: Պարոն Մեսչյանին մտահոգող մեկ այլ հանգամանք՝ էլեկտրալարերի «սարդոստայնը», որ նրան «պատերազմական Բեյրութ էր հիշեցնում», նույնպես անփոփոխ է մնացել: Չեմ կարող չհիշել Երևանի գլխավոր ճարտարապետի հիացմունքի խոսքերը Վարդանյան ընտանիքի` Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրաբերած այգու մասին, որի առնչությամբ անեծք ու լուտանք էին թափում նոր իշխանության ներկայացուցիչներից շատերը: Այգու հաստաբուն ծառերը կտրելու ու այնտեղ բարեկարգում իրականացնելու համար մի խումբ երիտասարդներ մեղադրում էին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում ջանքերով կյանքի կոչված այգով այսօր հպարտանում են նորեկները: Մեկուկես տարի առաջ, սակայն, նույն Արթուր Մեսչյանն այդ երիտասարդներին չէր հուշում, որ բարեկարգվող այգու շուրջը փակցված պաստառները գլխապատառորեն պատառոտելու կարիք չկա: Նոր իշխանության ներկայացուցիչներն այն ժամանակ ծածուկ կամ ակնհայտ ողջունում էին երիտասարդների գոռում-գոչյունները, ինչ է թե Մարգարյանը հրաժարական տա:
Մեկ տարվա մեջ նորեկները հայտարարեցին նաև, որ պետք չէ նեղացնել փողոցում առևտրով զբաղվող գյուղից եկած կնոջը, որ գուցե երեխայի սննդի հարցն է լուծում: Վստահաբար այդ կերպ էին մտածում նաև նախորդները ու չէին ցանկանում նեղացնել օրվա հացի խնդիր լուծող առևտրականներին:
Չգիտեմ՝ դեռ քանի տարի ենք կռացած երթևեկելու, քանի տարի մետրոյի նոր կայարան չենք ունենալու, քանի տարի ենք հանդուրժելու աղբի վրա վխտացող առնետներին, բայց որ դեռ երկար ժամանակ գեղեցիկ խոսքերի ու խոստումների պակաս չենք ունենալու, կասկածից վեր է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ