«Ծրագիրը չպետք է նպաստի մարդկանց մեկուսացմանը»
06.09.2019 | 00:16
«Կառավարությունը գաղտնի է որոշումը կայացրել։ Օգոստոսի 8-ին կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որոշվեց առանձին քաղաք կառուցել, այսինքն, մեզ մեկուսացնել։ «Կարիտասը» բարեգործական կազմակերպություն է և, իր տեսանկյունից, շատ լավ գործ է անում` հաշմանդամություն ունեցող անձանց համար կառուցում է հատուկ հարմարեցված քաղաք։ Սակայն, իրավական տեսանկյունից, սա ուղղակի խտրականություն է մեր նկատմամբ»,- երեկ կառավարության շենքի դիմաց բողոքում էին հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։ Նրանց բողոքն անհիմն չէ, և ըստ նրանց, «Կարիտաս» կազմակերպությունը մտադիր է 20 մլն դոլարի ներդրում կատարել, պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին քաղաք կառուցել, ինչը հակասում է նաև ՀՀ սահմանադրությանը։ Մի կողմից մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղորդում են սովորական դպրոցներ, որպեսզի վերջիններս ինտեգրվեն հասարակությանը, մյուս կողմից հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացնում են հասարակությունից։ Հիշեցնենք, որ հաշմանդամությունը սուր վարակիչ հիվանդություն չէ, որից պետք է զգուշանալ, իսկ եթե մեկուսացման հարց կա, շատ ավելի լավ կլիներ մեկուսացնեին համասեռամոլներին, որ ախտածին գաղափարական վարակ չտարածեին։ Ինչևէ, իսկապես կառավարության առջև հավաքվածների բողոքը տեղին է, և մեզ հետաքրքրեց, թե առանձին քաղաք կառուցելու վերաբերյալ ինչ մոտեցում ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԸ։
-Այո, ես ևս խնդիր եմ տեսնում ծրագիրն այս տեսքով ընդունելու հարցում,- ասաց նախարարը։- Մենք հիմա իրականացնում ենք քննարկումներ, մասնակցում է նաև ծրագրի հեղինակ «Կարիտաս» կազմակերպությունը։ Ի դեպ, այս կազմակերպությունը մեր նախարարության հասարակական խորհրդի անդամ է, և քննարկումների ընթացքում հարցը դրված է այնպես, որ ծրագիրը պետք է համահունչ լինի մեր պետական քաղաքականությանը։
-Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ կառավարությունը հաստատել է այդ որոշումը։
-Այն ներկայացվել է որպես հողահատկացման ծրագիր, և որոշումն ընդունվել է որպես այդպիսին։ Այն չի դիտարկվել որպես սոցիալական ծրագիր, ինչից ելնելով էլ նախապես չի ուղարկվել մեզ` կարծիք ներկայացնելու համար։ Ծրագրին ընդհանուր առմամբ տեղյակ եղել եմ մինչ կառավարության այս որոշումը, հանդիպումներ եմ ունեցել բարերարների, մարզպետի հետ, հայտնել եմ իմ դիրքորոշումը։
-Այնուամենայնիվ, «Կարիտասը» կարողացել է անցկացնել իր ծրագիրը։
-Ես գնահատականներ տալ չեմ կարող, ամեն դեպքում, մենք հիմա քննարկումներ ենք իրականացնում, և վստահ եմ, որ այդ ծրագիրը կիրականացվի միայն այն դեպքում, երբ այն համահունչ լինի կառավարության և պետության քաղաքականությանը։
-Հնարավո՞ր է, որ այս ներդրումային ծրագրով հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակարաններ ձեռք բերվեն քաղաքի տարբեր հատվածներում, կամ էլ մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջիններիս համար կառուցվեն հարմարեցված բնակարաններ։
-Կարծում եմ` այո։ Ի դեպ, մեր առաջարկներում նաև այդ տարբերակը կա։ Եթե կա խոցելի խմբերի սոցիալական կարիքը հոգալու ծրագիր, այն չպետք է նպաստի այդ մարդկանց մեկուսացմանը, հակառակը, հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լայնորեն ինտեգրվեն հասարակությանը։ Կարևորն այն է, որ այս պահին քննարկումներ են ընթանում, և կազմակերպությունն ըմբռնում է մեր առաջարկները։ Հուսով եմ` քննարկումների ավարտից հետո լավագույն տարբերակը կգտնվի։ Որոշումները քարի վրա չեն գրվում, եթե անհրաժեշտություն լինի կառավարության որոշումը փոխելու, խմբագրելու, որևէ խնդիր, կարծում եմ, չի առաջանա։
Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ