«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊԵԿ-ը Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին առնչվող նոր քրեական գործ է հարուցել

ՊԵԿ-ը Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին առնչվող նոր քրեական գործ է հարուցել
30.06.2018 | 00:13

ՊԵԿ-ը հաղորդում է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքին առնչվող նոր քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման և ապօրինի հարստացման հատկանիշներով:

Նշելով, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 193-րդ («Կանխամտածված սնանկությունը») և 205-րդ հոդվածի («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը») 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, ՊԵԿ-ը շարունակում է. «Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:


Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017-ին եղել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ:


Լյովա Ազատի Սարգսյանը և նրա դուստր Անի Սարգսյանը, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017 թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Արդյունքում՝ ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են: Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է եղել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել: 2017 թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»: ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը», և 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով՝ «ապօրինի հարստանալը», նոր քրեական գործ հարուցելու մասին:
Ընթանում է նախաքննություն:

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ