ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
24.05.2018 | 12:23

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ: Կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016-ի հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016-ի դեկտեմբերից 2017-ի հունիս դուրս է գրել ընդհանուրը 717,1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:


Պարզվել է նաև, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016-2017 թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնէագետի և երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի և սոցիոլոգի հաստիքներ ունի նաև «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:
Բացի այդ, «ՍԹ...» ՍՊԸ-ն 2016-2018-ին խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ... Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018-ին նաև «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձևավորվել են «ՍԹ...» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ... Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86,300 և 86,900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82 000 000 և 46 000 000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98 % և 97 %:

Պարզվել է նաև, որ «ՍԹ...», «Գ... Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:
Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ...» ՍՊԸ կողմից «Ս... Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու և հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:
2018 թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս...Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի և «ՍԹ...» ՍՊԸ միջև կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59 100 000 դրամ շահութահարկ և 119 500 000 դրամ ավելացված արժեքի հարկ:


Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերևույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ