Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ղարաբաղը դարձել է ոչ միայն կյանքի կրեդո, այլև քաղաքական հակառակորդների հետ հաշիվներ մաքրելու միջոց

Ղարաբաղը դարձել է ոչ միայն կյանքի կրեդո, այլև քաղաքական հակառակորդների հետ հաշիվներ մաքրելու միջոց
21.11.2008 | 00:00

ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ ԽԱԽՏՎԵԼ Է
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված իշխանական և ընդդիմադիր գործիչների բոլոր տեսակի գնահատականների ու վերլուծությունների այսօրվա շրջապտույտում անհնար է ազատվել այն մտքից, որ Ղարաբաղի հարցը վերածվել է կախարդական հայելու, որտեղ յուրաքանչյուրը տեսնում է սոսկ այն, ինչ իրեն հաճելի է կամ ցանկալի։
Մինչդեռ պետք է անհուսալի լավատես լինել կարծելու համար, թե միջնորդների դիրքորոշումները, թեկուզ մասնակի, կարող են համընկնել։ Ինչպես նաև, որ հակամարտության կարգավորման կարևորագույն բաղադրիչների, ասենք, խաղաղապահ ուժերի հարցում անհրաժեշտ չի լինելու միջազգային կոնսենսուս, երբ տարածաշրջանում կոշտ պայքար է ընթանում էներգակիրների հոսքերի վերահսկման և ազդեցության հաստատման համար։ Եվ եթե ելնում ենք այս իրողությունից, ապա պարզ է, որ վրացական իրադարձություններից հետո տարածաշրջանում շահեր ունեցող համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը չունի այնքան ուժ ևս մեկ անգամ Հարավային Կովկասում ստատուս քվոն խախտելու համար։ Դա գիտեն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Վաշինգտոնում ու Փարիզում։ ՈՒստի բոլորն էլ հակված են պահպանելու բանակցային գործընթացում ներկա ձևաչափը և ապահովելու էներգակիրների անխափան մատակարարումը՝ զուգահեռ լուծելով նաև հեղինակության բարձրացման խնդիրները։ Այսպես, վրացական հակամարտությունից հետո Ռուսաստանին պետք էր աշխարհին ի ցույց դնել իր անդրկովկասյան դիվանագիտության հաջողությունները և այդ պատճառով էր, որ Մեդվեդևին գոհացնելու համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին հայտնի համաձայնագիրը։ Ամերիկյան միջնորդներին վարչակազմի փոփոխության պայմաններում անհրաժեշտ է լուծել իրենց անձնական կարիերայի խնդիրները, իսկ Եվրամիությունը ղեկավարող ֆրանսիացիները վրացական իրադարձությունների արդյունքում տարածաշրջան մտնելով, այստեղ ամրանալու խնդիր ունեն։
Սակայն Հայաստանում ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն վաղուց ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար դարձել է ինքնահաստատման միջոց։ Այս երկրում, թերևս 90-ականների սկզբից, ձևավորվել է քաղաքական գործիչների մի ամբողջ շերտ, որոնց համար Ղարաբաղը դարձել է ոչ միայն կյանքի կրեդո (ինչը ողջունելի է), այլև քաղաքական հակառակորդների հետ հաշիվներ մաքրելու միջոց։ Նորանկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ղարաբաղյան հարցի շուրջ ցանկացած ակտիվացման պայմաններում կողմերը չեն խուսափում մեկը մյուսին մեղադրելուց դավաճանության և այլ մահացու մեղքերի համար։ Բազմաթիվ անգամ այս թեման դարձել է ներքաղաքական «ռազբորկաների» առիթ և նույնիսկ «պալատական հեղաշրջումների» պատճառ։ Թեպետ, ինչպես Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Քոչարյանի ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին միշտ իրապես տեղյակ են եղել, այսպես ասած, «ընտրյալները», երեք-չորս մարդ ողջ պետության մեջ։
Մինչդեռ այսօր իրավիճակն ասես այլ է, և սկզբում ընդդիմությունը, իսկ հետո նաև իշխանությունը ղարաբաղյան հիմնախնդիրը դարձրին լայն հասարակական քննարկման առարկա, իհարկե, չբացառելով այն անձնական շահերի սպասարկման մեխանիզմի վերածելու հնարավորությունը։ Դեռ հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տարածաշրջանում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա։ Ընդդիմության առաջնորդը կոչ արեց ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը և միաժամանակ հայտարարեց, որ հայկական պետականության նկատմամբ եղած սպառնալիքների պայմաններում ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցնում է զանգվածային միջոցառումները՝ դրանով իսկ հիմնախնդիրը բարձրացնելով հասարակական քննարկման մակարդակի։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ ընդդիմությունը մտադիր է երկու դեպքում էլ քաղաքական դիվիդենդներ վաստակել։ Առաջին դեպքում, երբ իշխանությունը հանձնում է Ղարաբաղը, այլևս չի կարող դիմադրել «ժողովրդական» ճնշմանն ու արտաքին պարտադրանքներին, և այդ դեպքում է, որ կգա առաջին նախագահի փետրվարյան ելույթների իրագործման պահը, և ժողովուրդը նրան ձեռքերի վրա կտանի նախագահական պալատ։ Ընդ որում, այս դեպքում անգամ Տեր-Պետրոսյանը, փաստորեն, բացառեց իր կողմից պարտվողական որևէ պայմանագրի վերանայումը, նշելով, որ երկիրը կհայտնվի «անլուրջ վիճակում»։ Իսկ եթե իշխանությունը չհանձնի Ղարաբաղը, ընդդիմությունը միշտ էլ կարող է պնդել, որ դա իր հեռատես քաղաքականության շնորհիվ էր։
Այն, որ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չեն, անկասկած, հասկանում են ինչպես փորձառու Տեր-Պետրոսյանը, այնպես էլ նրա ոչ պակաս փորձառու խորհրդատուները։ Հետևապես, դժվար չէ հասկանալ, որ փորձ է արվում լուծել շատ ավելի ուտիլիտար խնդիրներ և, այս հարցը շահարկման առարկա դարձնելով, կարողանալ ապահովել սեփական վարկանիշի պահպանումն ու Հայ ազգային կոնգրեսի նոսրացող շարքերը։ Այսինքն, կրկին գործ ունենք հասարակական կարծիքի մանիպուլյացիայի հետ, ինչն արդյունավետ չէ, որովհետև Ղարաբաղը հանձնելու մասին ընդդիմության հայտարարած ժամկետները գնալով մոտենում են։
Միաժամանակ ակնհայտ է, որ երկրի քաղաքական դաշտում հատկապես ոչ իշխանական, ազգայնական քաղաքական ուժերի բացակայությունն էապես սահմանափակում է իշխանությունների մանևրելու հնարավորությունները։ Եվ այսօր, ղարաբաղյան հարցի հերթական ալիքի վրա, տեսնում ենք այդ նպատակի իրագործմանն ուղղված փորձեր։ Այդ շարքում կարելի է դիտարկել «Միացում» շարժման առաջնորդների հայտարարությունները, Արմեն Աղայան-Ալեքսանդր Կանանյան-Վաչագան Վահրադյան եռյակի հայտարարությունը, որ «երրորդ ուժի» գաղափարախոսության ձևավորման հայտ կարելի է համարել։ Բայց այդ փաստաթղթում ամենահետաքրքիր հատվածներից մեկը, թերևս, հետևյալն է. «Սերժ Սարգսյանի նախաձեռնողական ակտիվությունն ունի որոշակի գաղափարախոսական հիմնավորում։ Սերժ Սարգսյանն իբրև քաղաքական գործիչ ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում և նրա գերակշիռ գաղափարախոսական ազդեցությամբ։ Նա համոզված է, որ Հայաստանն ի վիճակի չէ զարգանալու թշնամական պետությունների հարևանությամբ և շրջափակման պայմաններում։ Հետևապես անհրաժեշտ է լիովին հրաժարվել ազգային իրավունքներից և պահանջներից, ինչ-որ գնով հաշտվել հարևանների հետ հանուն առևտրատրանսպորտային կոմունիկացիաների բացման և տնտեսական զարգացման հեռանկարի»։ Միաժամանակ փաստաթղթի հեղինակները կոչ են անում գաղափարախոսական վերափոխման ենթարկել Հայաստանի քաղաքական դաշտը երկրի համար կարևոր և կենսական սկզբունքների հիմքի վրա, իսկ հետո պարտադիր կարգով լուծել իշխանափոխության հարցը։ Սակայն այստեղ բնական հարց է առաջանում. ում համար կամ ում «տակ» է ձևավորվում այդ երրորդ ուժը, եթե նկատի ունենանք, որ նոր գաղափարախոսների հավակնոտությունը և սպեցիֆիկ փորձը լավ հայտնի են։ Եվ արդյո՞ք այդպիսի նախաձեռնությունն ի հայտ է եկել բացառապես երևանյան ակունքներից։
Ինչ վերաբերում է այս ընթացքում իշխանության որդեգրած քաղաքականությանը, ապա նրա առաջին դեմքը, օգտվելով առիթից, «կամուֆլյաժ» է հագնում, այցելում Ղարաբաղ և Հայաստանի սահմաններ, հայտարարում, որ ոչ մի ճնշում չկա, և հիմնախնդրի կարգավորումն այնքան հեռու է, որքան միմյանցից հեռու են կողմերի այսօրվա դիրքորոշումները։ Միաժամանակ, գերմանական թերթին տված հարցազրույցում,Հայաստանի նախագահը նշում է. «Խոսքը վերաբերում է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն ԼՂՀ բնակչության հետագա զարգացումն անվտանգության մեջ։ Պատմությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի կազմում դա հնարավոր չէ։ Մենք երբևէ չենք մտածել, որ Ղարաբաղը ինչ-որ կարգավիճակով կարող է մնալ Ադրբեջանի կազմում»։ Իշխանության գործողությունների բարձրակետը կարելի է համարել Ղարաբաղի շուրջ քաղաքական խորհրդատվությունների անցկացումը կուսակցությունների լայն շրջանակի հետ։ Բայց այստեղ էլ, թերևս, քայլերն ուղղված են առաջին հերթին հասարակական կարծիքի կարգավորմանը և եթե ոչ իրական, ապա գոնե վիրտուալ քաղաքական հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը։
Ինչ էլ լինի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իշխանության և ընդդիմության հաստատած թվացյալ լռության ուխտը խախտվել է։ Պատահական չէ, որ տարբեր քաղաքական գործիչներ, լայն քննարկումներից զատ, Ղարաբաղի հարցով համապետական հանրաքվեի անցկացում են առաջարկում։ Եվ թեկուզ նման հարցերը սովորաբար «ժողովրդական վեչեով» չեն լուծվում, բնակչության լայն խավերի մասնակցությունն այս փուլում անհրաժեշտ է՝ անկախ գործընթացը ներքաղաքական նպատակներով օգտագործելու տարբեր փորձերից, որոնք միշտ էլ քաղաքական գործընթացների բնական թափոններ են։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4152

Մեկնաբանություններ